
100 մլն դրամ՝ Լոռու և Տավուշի մարզերում բնական աղետի հետևանքների հաղթահարման համար
Եվրասիական զարգացման բանկը 100 մլն դրամի նվիրատվություն կկատարի Լոռու և Տավուշի մարզերում բնական աղետի հետևանքների հաղթահարման համար մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով։
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Եվրասիական զարգացման բանկի միջև «Դրամական միջոցների բարեգործական նվիրատվություն» պայմանագրով նախատեսվում է բանկի միջոցներից Հայաստանի Հանրապետությանը, ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարության, տրամադրել 100 մլն ՀՀ դրամի չափով նվիրատվություն՝ Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսի 25-ից 26-ը տեղացած հորդառատ անձրևների արդյունքում Հայաստանի Հանրապետությունում առաջացած բնական աղետի և դրա հետևանքների հաղթահարման համար մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով:
Գործադիրը այսօր՝ օգոստոսի 8-ին, հավանություն է տվել 2024 թվականի հուլիսի 29-ին ստորագրված «Դրամական միջոցների բարեգործական նվիրատվություն» պայմանագիրը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրի նախագծին: Այս մասին տեղեկանում ենք կառավարության տարածած հաղորդագրությունից։
Լուսանկարը՝ «Հետքի» արխիվից
Մեկնաբանել