HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Շուշան»․ Հրազդանի ռադիոբաղադրիչների գաղտնի ծածկագրով գործարանը

«Այս երկու լուսանկարը թաքուն եմ արել։ Չէին թողնում ներսից նկարել»,-  խորհրդային ժամանակներում Հրազդանում գործող «Շուշան ռադիոբաղադրիչների գորածարանի» երկարամյա աշխատակից Արայիկ Երեմյանը հիշում է իր աշխատանքային տարիները։

Արայիկ Երեմյանը գործարանում ինժեներ էր աշխատում: Նա իր անձնական տեսախցիկով գաղտնի լուսանկարել ու տեսանկարահանել է գործարանի կյանքը։

Հրազդանի «Շուշան ռադիոբաղադրիչների գորածարանի» մասին խորհրդային ժամանակներում հրապարակված թերթերում գրեթե չի գրվել։ Այսօր էլ համացանցում կցկտուր տեղեկություններ կարելի է գտնել։ Բանն այն է, որ գործարանը ժամանակին արտադրել է նաև ռազմական տեխնիկայի դետալներ և ուղարկել Ռուսաստան։ Աշխատանքային գործընթացներից Արայիկ Երեմյանը կարողացել է միայն հատուկենտ լուսանկարներ անել։

Փոխարենը լուսանկարներով իր արխիվը, որտեղ կարելի է տեսնել գործարանի միջոցառումները, արտադրանքը, առօրյա կյանքը՝ այսօր էլ պահպանված է։ 

Ռադիոբաղադրիչների գործարանը պատրաստի տեխնիկա և տարբեր դետալներ է արտադրել։ Ժամանակին այն նաև «Կեչառք» է կոչվել։

«Այս մեծ ռադիոգործարանում մինչև 3200 աշխատող կար։ Նույնիսկ Երևանից 170 աշխատող կար։ Ամեն առավոտ ավտոբուսներով գալիս, հետ էին գնում։ Շատ-շատ էին։ Մենք հիմնականում ջերմաէլեկտրական սարքեր էինք վերանորոգում։ Շատ հաստոցներ կային, որոնք այդ ռադիոդետալների համար անհրաժեշտ էին։ Հետո տեղափոխվեցի քիմիական լաբորատորիա»,- հիշում է Արայիկ Երեմյանը։

Ռազմական տեխնիկայի համար արտադրվող դետալների հետագա ճակատագրի մասին գործարանի աշխատակիցները շատ բան չէին իմանում։ Միայն տեղյակ էին, որ դրանք հետագայում օգտագործվում են նաև սուզանավերի և ինքնաթիռների համար։

Հրազդանը խորհրդային ժամանակներում Հայաստանի արդյունաբերական հսկաներից է եղել։ Քաղաքն ամբողջ հանրապետությունում և դրա սահմաններից դուրս հայտնի է եղել ոչ միայն ռադիոբաղադրիչների արտադրությամբ, այլև «Հրազդանի ցեմենտի գործարան»-ով, հիդրոէլեկտրակայանով, ջերմաէլեկտրակայանով, «Տնաշինական գործարանով», «Հրազդանմեքենա»-ով և այլ արտադրություններով։ Այստեղ հիմնվել է բազմաբնակարանային շենքերից բաղկացած արդյունաբերական միկրոշրջան։

Հրազդանը էներգետիկ կարևոր հանգույց է նաև այսօր։ Ժամանակին այստեղ աշխատատեղերի պակաս չի եղել։ Աշակերտներն ու ուսանողները կրթությունն ավարտելուն պես հնարավորություն են ունեցել աշխատանքի անցնելու գործարաններում։ 

«Զինվորական ծառայությունից հետո՝ 77-78 թթ․ ընդունվեցի գործարան։ Ես սիրում էի ռադիոտեխնիկա։ Քանի որ ինքը ռադիոբաղադրիչների գործարան էր, ասացի պետք է այստեղ աշխատեմ։ Ինձ հարցաքննեցին, գործարանի ղեկավարը հարցրեց՝ դու կարո՞ղ ես Պյութագորասի թեորեմն ասել, ասացի՝ կներեք, ես ի՞նչ պետք է անեմ, ասաց՝ սարքեր պետք է վերանորոգես, ասացի՝ եթե սարքը փչացել է, կանգնեմ, Պյութագորասի թեորեմը դեմը ասեմ, կնորոգվի՞։ Ծիծաղեցին, ասացին՝ ճարպիկ ես, ընդունված ես»,- հիշում է Արայիկ Երեմյանը։

«Շուշան» գործարանը Հայաստանի Լոռու, Տավուշի, Արագածոտնի և Արմավիրի մարզերում մասնաճյուղեր է ունեցել (Թաիրով, Նոյեմբերյան, Դսեղ, Զովասար, Ազատան, Ջրափի, Օձուն, Ալավերդի)։ Մասնաճյուղ կար նաև Երևանում:

Գործարանի աշխատակիցները հնարավորություն են ունեցել արձակուրդ գնալ, նրանց երեխաների համար մանկապարտեզներ ու ճամբարներ են կազմակերպվել։ Շատերը փոխել են բնակության վայրն ու տեղափոխվել Հրազդան՝ ընտանիքներով ապրելու։ Խորհրդային միության փլուզումից հետո գործարանների մի մասը դադարել է աշխատել, մյուսները կրճատել են աշխատակիցների թիվն ու արտադրության ծավալները։ 

 Արայիկ Երեմյանը ջերմ հիշողություններ ունի գործընկերների ու ղեկավարների մասին։ Ցավով է արձանագրում, որ երբեմնի արդյունաբերական Հրազդանում այսօր առևտուրն է գերիշխում։ 

 «Լավ էր, շատ լավ էր։ Աշխատանք կար։ Հայաստանը հասավ 5 մլն-ի, վերջին 20-30 տարում իջավ 2 մլն-ի։ Դա հենց նրանից է, որ արդյունաբերությունն ու գյուղատնտեսությունը չեն զարգանում։ Մենակ առևտուր։ Ով առնում-ծախսում է, նա միլիարդատեր է։ Եթե երկիրը չունենա արդյունաբերություն, գյուղատնտեսություն, մնաք բարով։ Երկիրը պահողը գյուղատնտեսությունն ու արդյունաբերությունն են»,- համոզված է նա։ 

 1990-ականների սկզբին, երբ «Շուշան» ռադիոբաղադրիչների գործարանը դադարել է աշխատել, մասնաշենքերը մասնավորեցվել են։ Արայիկ Երեմյանը մասնաշենքերից մեկում տարածք է ձեռք բերել և արտադրություններ հիմնել՝ վանակատ քարի՝ օբսիդիանի մշակմամբ է զբաղվել, պահեստամասեր արտադրել, ժամանակին նաև կոնֆետի արտադրություն է ունեցել։ Նաև արտահանել է Ռուսաստան։ Ասում է՝ պարտքատերերի «անտիկվար» գրքույկ ունի, որոնք գնացել, կորել են։ 

Ներկայում գործարանից իրեն հասած տարածքում լոլիկի ջերմոցների համար պլաստմասսայե դետալներ է արտադրում, որոնք ամրացվում են բույսերի ցողուններին՝ դրանց ամրությունը պահելու համար։ 

Արմեն Այվազյան. ամբողջացնելով խունացած ալբոմների հուշերը

Արմեն Այվազյանը դեռևս 12 տարեկանից լուսանկարներով ու թանգարանային նմուշներով հավաքագրում է Հրազդանի և հարակից համայնքների պատմությունը։ 2005 թվականին հիմնել է իր ծննդավայր Ջրառատ գյուղի պատմության թանգարանը։ Դրանից հետո սիրելի զբաղմունքը մասնագիտություն է դարձել բարձրագույն կրթությամբ։

«Եվ մի նախասիրություն էլ ունեմ՝ գնամ, փնտրեմ, պրպտեմ ավերված, լքված, տարածքներում, նախկին գործարանային տարածքներում, որտեղ գուցե այնպիսի արժեքներ լինեն, որոնք կպատմեն երբեմնի փառքի, հռչակի մասին»,- պատմում է Արմեն Այվազյանը։ 

«Շուշան» ռադիոբաղադրիչների գործարանի ալբոմները ևս Արմենը Այվազյանը գտել է գործարանի փլուզված շենքերից։ Թեև դրանց մի մասը խունացած, գունաթափված է, սակայն կան հետաքրքիր լուսանկարներ և գրառումներ, որոնք պատմում են գործարանի կյանքի մասին։ Դրանց մի մասի հեղինակը Արայիկ Երեմյանն է։ 

Գործարանում տեղի ունեցած հիշարժան միջոցառումներից է եղել Մարշալ Բաղրամյանի մասնակցությամբ գլխավոր մասնաշենքի բացումը, 1978 թվականին։

1980-ականներին Հրազդանն ամբողջությամբ կերպարանափոխված քաղաք էր։ Վերջին անգամ 1960 թ․-ին էր քաղաքի գլխավոր հատակագիծը նախագծվել, որից ընդամենը 20 տարի անց զարգացող քաղաքին նոր գլխավոր հատակագիծ էր անհրաժեշտ։ Ըստ 1980-2000 թվականների համար կազմված հատակագծի՝ քաղաքը նոր թաղամասեր չէր ունենալու, այլ զարգանալու էր հյուսիսային, հարավային և կենտրոնական թաղամասերի ընդարձակման հաշվին։ 

«Հրազդանի պետական  շրջանային  էլեկտրակայանի, ցեմենտի  գործարանի, «Հրազդանի մեքենաշինարար» ԱՄ-ի և արդյունաբերական բազմաթիվ  այլ  ձեռնարկությունների  կառուցման  և  գործարկման  շնորհիվ  հիմնովին  կերպարանափոխվեց  երբեմնի  հետամնաց  նախկին  գյուղը` Ներքին  Ախտան  և  արդեն  1980-ական  թվականների  սկզբին  դարձավ  հանրապետության  կարևոր  էներգետիկ  և  արդյունաբերական  կենտրոններից  մեկը»,- նշված է Հրազդանի երկրագիտական թանգարան ՊՈԱԿ-ի ամփոփագրում։ Թանգարանի ֆոնդերում առկա լուսանկարները օգնում են վերականգնել երբեմնի արդյունաբերական քաղաքի կյանքը։

Այն մասին, որ Հրազդանը ժամանակին խոշոր արդյունաբերական կենտրոն է եղել, այսօր դժվար է կռահել այնտեղ այցելելիս, եթե չգիտես քաղաքի պատմությունը։ Թեև այն մայրաքաղաքից ընդամենը 40 կմ է հեռու և կողքին զբոսաշրջային Ծաղկաձորն է, սակայն Հրազդանում կենսամակարդակը խիստ տարբերվում է Երևանից։ Աշխատատեղերի պակասը, ցածր գնողունակությունն ու թերի ենթակառուցվածքները բնակչության առաջնային խնդիրներից են։ Հրազդանի այսօրվա սոցիալ-տնտեսական վիճակի մասին կպատմենք հաջորդ  նյութում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter