
Կայացել է ՀԸԳՀ կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
Կառավարությունում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ կայացել է Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Այս մասին հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը։
«Նիստին ներկա էին նաև ԱԺ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը և տեղակալը, ինչպես նաև քաղհասարակության ներկայացուցիչներ:
Միջգերատեսչական նիստի սկզբում ամփոփ ներկայացվել է ՀԸԳՀ կիրարկման գործընթացն ու դրա արդյունավետության բարձրացմանն ուղղված Կառավարության կողմից նախաձեռնված քայլերը և ներդրվող անհրաժեշտ մեխանիզմները: Այնուհետև միջոցառումների իրականացման համար պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչները զեկուցել են ՀԸԳՀ կիրարկման ճանապարհային քարտեզով նախատեսված միջոցառումների կատարման ընթացքը:
Ամփոփելով նիստը՝ փոխվարչապետը կարևորել է ՀԸԳՀ ամբողջական կիրարկումը Կառավարության կողմից նախաձեռնված բարեփոխումների օրակարգի շրջանակներում և համապատասխան հանձնարարականներ տվել հանձնաժողովի անդամներին՝ ճանապարհային քարտեզով նախատեսված իրավական ակտերի մոտարկման և դրանց հետագա կիրարկման գործընթացն արդյունավետ կերպով կազմակերպելու վերաբերյալ»,- ասվում է կառավարության պաշտոնական հաղորդագրությունում:
Մեկնաբանել