
Իսպանիան հաղթեց Գերմանիային և դուրս եկավ «Եվրո-2024»-ի կիսաեզրափակիչ
«Եվրո-2024»-ում այսօր մեկնարկեց քառորդ եզրափակիչ փուլը: Առաջին խաղում Իսպանիայի հավաքականը լրացուցիչ ժամանակում 2:1 հաշվով պարտության մատնեց առաջնությունը հյուրընկալող Գերմանիայի ընտրանուն և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Հանդիպումը տեղի ունեցավ Շտուտգարտում:
Հավասար պայքարում անցած խաղում հաշիվը բացվեց 51-րդ րոպեին, աչքի ընկավ Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Դանի Օլմոն: Գոլից հետո գերմանացիները մեծ ճնշում էին գործադրում Իսպանիայի դարպասին, ինչն էլ ի վերջո տվեց իր արդյունքը. 89-րդ րոպեին Ֆլորիան Վիրցը հավասարեցրեց հաշիվը, և հանդիպումը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, որտեղ, այնուամենայնիվ, Իսպանիայի ընտրանու կիսապաշտպան Միկել Մերինոն նախավերջին՝ 119-րդ րոպեին, գլխի հարվածով հաղթանակ պարգևեց իր թիմին:
Կիսաեզրափակչում Իսպանիայի հավաքականի մրցակիցը կլինի Պորտուգալիա - Ֆրանսիա զույգի հաղթողը: Այդ թիմերի հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:
Մեկնաբանել