
«Եվրո-2024»․ Թուրքիան հաղթեց Ավստրիային և դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Գերմանիայում ընթացող «Եվրո-2024»-ում ավարտվեց 1/8 եզրափակիչը․ փուլի վերջին խաղում Թուրքիայի հավաքականը 2։1 հաշվով հաղթեց Ավստրիայի ընտրանուն և դուրս եկավ քառորդ եզրափակիչ։ Հանդիպումը տեղի ունեցավ Լայպցիգում։
Հանդիպման հաշիվը բացվեց հենց առաջին րոպեին, աչքի ընկավ Թուրքիայի ընտրանու պաշտպան Մերիհ Դեմիրալը՝ օգտվելով անկյունայինի խաղարկման արդյունքում ստեղծված խառնաշփոթ իրավիճակից։ 59-րդ րոպեին Թուրքիան կրկնապատկեց իր առավելությունը․ Արդա Գյուլերի՝ անկյունայինից կատարած փոխանցումը գլխի հարվածով եզրափակեց նույն Մերիհ Դեմիրալը՝ դառնալով դուբլի հեղինակ։ 66-րդ րոպեին Ավստրիան Միխաել Գրեգորիչի գոլի շնորհիվ կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը, սակայն փրկել հանդիպումը չհաջողվեց։
Այսպիսով, «Եվրո-2024»-ի քառորդ եզրափակչում ձևավորվեցին հետևյալ զույգերը`
Իսպանիա - Գերմանիա
Պորտուգալիա - Ֆրանսիա
Անգլիա - Շվեյցարիա
Նիդերլանդներ - Թուրքիա
Քառորդ եզրափակիչ փուլը կմեկնարկի հուլիսի 5-ին։ Այդ օրը տեղի կունենան Իսպանիա-Գերմանիա (20:00) և Պորտուգալիա-Ֆրանսիա (23:00) հանդիպումները։
Մեկնաբանել