
«Եվրո-2024». Ֆրանսիան հաղթեց Բելգիային և դուրս եկավ քառորդ եզրափակիչ
«Եվրո-2024»-ի 1/8 եզրափակչում Ֆրանսիայի ազգային հավաքականը 1։0 հաշվով պարտության մատնեց Բելգիայի ընտրանուն և քառորդ եզրափակչի ուղեգիր նվաճեց։ Հանդիպումը տեղի ունեցավ Դյուսելդորֆի մարզադաշտում։
Խաղի միակ ու ֆրանսիացիների համար հաղթական գնդակը խփվեց 85-րդ րոպեին․ Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Ռանդալ Կոլո Մուանիի հարվածից հետո գնդակը դիպավ բելգիացի պաշտպան Յան Վերտոնգենի ոտքին և փոխելով ուղղությունը՝ հայտնվեց Բելգիայի ընտրանու դարպասում:
Քառորդ եզրափակչում Ֆրանսիայի հավաքականի մրցակիցը կլինի Պորտուգալիա-Սլովենիա զույգի հաղթողը։ Այդ թիմերի հանդիպումը կմեկնարկի քիչ անց՝ 23։00-ին։
Այս պահի դրությամբ հայտնի են Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչի երկու զույգեր՝ Գերմանիա-Իսպանիա և Շվեյցարիա-Անգլիա։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել