
Չնախատեսված հանդիպում՝ հարցազրույցի ելքով. Դեմիր Սյոնմեզ
Ո՞վ է հարևան սեղանի մոտ նստած անծանոթը
Մարդուն վերագրել մասնագիտություն, ազգություն, ժամանման նպատակ՝ զուտ արտաքին տվյալներով. այդ էի փորձում անել` որպես պարապ ժամանակի վարժություն։ Լուսանկարում է, խոսում է ֆրանսերեն, խմում է սուրճ՝ էսպրեսո։ Այս տվյալներից փորձեցի ստեղծել հավանական ընդհանուր նկարագիրը։ Եվ եթե չլիներ մեր ծանոթությունը, իմ դեդուկտիվ մտածողությունը երբեք չէր գուշակի անծանոթի ով լինելը, ու նա երբեք չէր տեսնի հարևան սեղանից արված այս լուսանկարը։
Ծանոթացանք
Ֆոտոխցիկը պայուսակի մեջ դնելիս ժեստերով խնդրեց կողքի սեղանի անծանոթին՝ ինձ, որ մի պահ ուշադիր լինեմ պայուսակին, մինչև վերադառնա։ Վերադառնալուց հետո շնորհակալություն հայտնեց, իսկ ես բաց չթողեցի դեդուկտիվ մտածողությանս արդյունքները ստուգելու հնարավորությունը։
Հասկացա այնքան, որքան գիտեմ անգլերեն, ֆրանսերեն (այսինքն՝ ոչ ամեն ինչ): Անծանոթը հայ-քրդական ծագումով, Թուրքիայում ծնված ֆոտոլրագրող, մարդու իրավունքների պաշտպան Դեմիր Սյոնմեզն է։ Նա Թուրքիայում որպես քաղբանտարկյալ մի քանի անգամ ազատազրկվելուց հետո 90-ականներին տեղափոխվել է և մշտական բնակություն հաստատել Շվեյցարիայում՝ Ժնևում։
Նա լուսաբանել է շվեյցարական և միջազգային հասարակական, մշակութային և քաղաքական ավելի քան 4500 իրադարձություն՝ որպես թղթակից/լուսանկարիչ։
Վարել է իր հեղինակային բլոգը շվեյցարական La Tribune de Genève-ում: Այսօր Դեմիր Սյոնմեզի լուսանկարները հրապարակում են աշխարհի տարբեր հեղինակավոր լրատվամիջոցներ։
2020 թ.-ի արցախյան 44-օրյա պատերազմի օրերին եղել է Արցախում և իր լուսանկարներով ու հոդվածներով միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել այնտեղ կատարվող իրադարձությունների վրա։ Պատերազմից հետո Շվեյցարիայում գիրք է հրատարակել 44-օրյա պատերազմի մասին՝ ֆրանսերեն և անգլերեն։ Ավելի ուշ հրատարակվել է գրքի հայերեն տարբերակը։ Գրքում տեղ գտած 4 լուսանկար 3 ամիս շարունակ ցուցադրվել է Շվեյցարիայի ազգային թանգարանում։ Այժմ Դեմիրն աշխատում է նոր գրքի վրա, որը պատմում է Արցախի 44-օրյա պատերազմի, Ադրբեջանի կողմից 9 ամիս շրջափակման, այնուհետև հարձակման և բռնի տեղահանության մասին։
Լուսանկարը՝ Դեմիր Սյոնմեզի (Արցախ, 2020)
Նոր ծանոթս պատմեց, որ մի քանի օրից պետք է մեկնի Հայաստանից և խոսքում նշեց, որ Վերնիսաժ պետք է գնա՝ նվերի համար դուդուկ գնելու։ «Հետքի» խմբագրությունը Վերնիսաժի մոտ է, առաջարկեցի օգնել դուդուկի ընտրության հարցում։ Մեր հեռախոսահամարները միմյանց փոխանցեցինք։
Հարցազրույց
Հաջորդ օրը Վերնիսաժում ենք, ընտրեցինք ծիրանափողը, վերջում առաջարկեցի բարձրանալ խմբագրություն՝ սուրճի և, ինչու ոչ, գուցե հարցազրույցի։ Համաձայնեց։
-Ինչպե՞ս որոշեցիք ֆոտոլրագրող դառնալ։
-Նախ ակտիվիստ էի, ձախ հայացքների տեր մարդ, իրավապաշտպան գործունեությամբ էի զբաղվում։ Եթե այդ գործունեությամբ եք զբաղվում, ստիպված եք գրել, վերլուծել, վավերագրել, և դա լրագրողի բնական գործունեությունն է։ Մենք գրասենյակում նստած լրագրողներ չէինք։ Անընդհատ քաղաքական, հասարակական, մշակութային գործունեություն կար, իրադարձություններ կային, որոնք պետք էր վավերագրել։ Լրագրող դարձա ինքնաբերաբար։
-Դուք Ձեզ ներկայացնում եք որպես հայ և քուրդ լրագրող։ Որքանո՞վ եք հայ և որքանո՞վ քուրդ։
-Արդեն երեսունչորս տարի է՝ ես իրավունք չունեմ Թուրքիա մտնելու։ Մի օր, երբ հայրս եկել էր Շվեյցարիա ինձ տեսակցության, խոսքի մեջ հարցրի՝ ինչու էր մայրս ինձ վրա բարկանալիս ինձ քահանայի թոռ անվանում։ Հայրս ասաց՝ ես կասեմ քեզ ճշմարտությունը․ քո պապը հայ քահանա է եղել։ Մեր ծագումը հայկական է։ Հիսուն տարեկան էի, երբ հայրիկս բացահայտեց ինձ համար դա։ Մինչ այդ ես գիտեի, որ քուրդ եմ ու ալեւի։ Հարցրի, թե ինչու մինչև հիմա չէր ասել, ասաց՝ եթե քեզ ասեի, ավելի երկար կմնայիր բանտում։
Առաջին անգամ Հայաստան եկել եմ 2015 թվականին՝ Ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ, շվեյցարական պատվիրակության հետ։ Արցախը և Հայաստանը ինձ շատ հուզեցին։
Ես այն ժողովուրդների կողքին եմ, որոնք կեղեքված ու ճնշված են։ Ես հպարտ եմ, որ հայ եմ, ովքեր ենթարկվել են պատմության ամենամեծ ցեղասպանությանը, բայց ես ամենևին էլ ծայրահեղ ազգայնական չեմ, վերդասել մի ժողեվրդի մյուսներից ռասիզմ է։ Ես սիրում եմ հին հայ ժողովրդին և Հայաստանը. Մերձավոր Արևելքի և Կովկասի հին ժողովուրդները, հայերն ու քրդերը ունեն ընդհանուր ճակատագրեր, թշնամիներ և փրկություն։ Ամբողջ աշխարհը պետք է կատարի իր պատմական պարտքը այս երկու ժողովուրդների հանդեպ։ Սա մարդասիրական պարտականություն է։
-Արցախյան պատերազմի ժամանակ՝ 2020թ.-ի հոկտեմբերին, այնտեղ էիք՝ պատերազմական գոտում։ Ինչպե՞ս որոշեցիք մեկնել Արցախ։
-2020 թվականի պատերազմի ժամանակ ցույցեր, ակցիաներ էինք անում Ժնևում։ Բայց դա բավարար չէր։ Իմ ընկեր, պոլսահայ լրագրող, ԱրմենՊրեսի թուրքական հրատարակության պատասխանատու Հերմոն Արաքսը զանգահարեց և ասաց․
«Դու լրագրող ես, դու կոնֆլիկտային գոտիներում ես եղել՝ Իրաքում, Սիրիայում։ Ինչո՞ւ չես գալիս Հայաստան, պատերազմ է այստեղ»։
Ինքը ճիշտ էր։ Բայց Արցախում ոչ մի ծանոթ չունեի։ Ռիսկային էր իմ գալը, բայց եկա։ Մտնելով Արցախ՝ հոկտեմբերի հենց սկզբից ընկանք հրետակոծության տակ։ Եղել եմ Ստեփանակերտում, Մարտունիում, Քարվաճառում, Շուշիում, Թաղավարդում։ Նպատակս տեղից ճշմարիտ ինֆորմացիա փոխանցելն էր և հայ ժողովրդի հետ լինելը։
Լուսանկարները՝ Դեմիր Սյոնմեզի (Արցախ, 2020)
-Այժմ Հայաստանի կառավարությունը քննարկում է Թուրքիայի հետ առանց նախապայմանի հարաբերությունների կարգավորումը։ Դուք՝ որպես Թուրքիայում ապրած, այնտեղ հասարակական գործունեություն ծավալած մարդ, ի՞նչ եք կարծում։
-Հայաստանի ցանկացած իշխանություն, որը հաշտություն կկնքի Թուրքիայի հետ, ստիպված է առաջին հերթին ժխտել 1915 թվականի ցեղասպանությունը, հրաժարվի ցեղասպանության հետ կապված ցանկացած պահանջից։ Երազանք է անգամ մտածել, որ Թուրքիան կսահմանափակվի այս պահանջներով։ Կարծում եմ՝ անհնար է Թուրքիայի հետ հաշտեցման գնալ՝ ելնելով քաղաքական, ռազմավարական, աշխարհաքաղաքական, դիվանագիտական, տարածաշրջանային ու միջազգային հարաբերություններից ու շահերից։ Օրինակ՝ արդյոք հնարավո՞ր է, որ թուրքերը հրաժարվեն իրենց հազարամյա երազանքից՝ պանթուրքիզմից։
Այսօր Հայաստանի շրջադարձը դեպի Արևմուտք և ՆԱՏՕ պայմանավորված է ապագայի և անվտանգության մտահոգություններով։ ՆԱՏՕ-ին Հայաստանի անդամակցության գինը շատ ծանր է լինելու. նախապայմանները կլինեն այն, որ Հայաստանը հրաժարվի իր բոլոր արժեքներից, ժխտի ցեղասպանությունը, և Սյունիքի մարզը, որն այսօր պահանջվում է, ամբողջությամբ տրվի Ադրբեջանին։
Զրույցի վերջում նա խմբագրությանը նվիրեց Արցախյան 44-օրյա պատերազմի մասին իր գրքի հայերեն տարբերակը՝ «Վիրավոր արծիվը» վերնագրով։
Արցախից լուսանկարները տրամադրել է Դեմիր Սյոնմեզը
Մեկնաբանել