HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հորդանանի փոխվարչապետը ողջունել է Հայաստանի կողմից Պաղեստինի ճանաչումը

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Հորդանանի Հաշիմյան Թագավորության փոխվարչապետ, արտաքին գործերի և սփյուռքի նախարար Այման ալ Սաֆադի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ։ Այս մասին հաղորդում է արտգործնախարարության մամուլի ծառայությունը։

«Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային հարցեր։ Հորդանանի փոխվարչապետը ողջունել է Հայաստանի կողմից Պաղեստինի պետության ճանաչումը՝ որպես միջազգային իրավունքի նորմերին և տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատման ջանքերին համահունչ քայլ։

ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է այս հարցում ՀՀ սկզբունքային մոտեցումը, որը մինչ այս էլ դրսևորվել էր միջազգային հարթակներում ՀՀ քվեարկություններում՝ ի պաշտպանություն «երկու պետություն» սկզբունքի և երկու ժողովուրդների օրինական ձգտումների:

Արարատ Միրզոյանը և Այման ալ Սաֆադին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում ու Հարավային Կովկասում վերջին զարգացումների շուրջ և անդրադարձ կատարել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի»,- ասված է պաշտոնական հաղորդագրությունում։

Հունիսի 21-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն էր տարածել Պաղեստինի պետության ճանաչման վերաբերյալ։

Իսրայելն արձագանքել էր՝ ասելով, որ Երևանի որոշումը բացասական ազդեցություն կունենա Իսրայելի հետ նրա հարաբերությունների վրա։ Թուրքիան էլ ողջունել էր Հայաստանի այս քայլը։

Երեկ Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ «խիստ նկատողություն հայտարարելու համար» ՀՀ դեսպան Արման Հակոբյանը կանչվել է Իսրայելի ԱԳՆ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter