
Ավտովթար Սպիտակ-Երևան ճանապարհին. կա մեկ զոհ և երկու տուժած
Հունիսի 21-ին` ժամը 16:10-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրաշեն գյուղի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ։ Այս մասին հաղորդում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Սպիտակ-Երևան ավտոճանապարհի մոտ 10-րդ կմ-ին Volkswagen մակնիշի ավտոմեքենան գլորվելով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ճամփեզրին: Ուղևոր Պ. Ֆ.-ն (ծնված 2014 թ.) տեղում մահացել է, իսկ ուղևոր Զ. Ֆ.-ն (ծնված 2016 թ.) և վարորդ Գ. Մ.-ն (ծնված 1990 թ.) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները վարորդի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ ուղևոր Զ. Ֆ.-ինը՝ ծանր։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։
Մեկնաբանել