
Պատգամավորի որդու «գիշերային խրախճանքը». առևանգել է ոչ թե մեկ, այլ երկու ավտոմեքենա
Ոստիկանության լրատվության բաժնից «Հետքին» տեղեկացրին, որ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գեւորգյանի որդին` Արտակ Գեւորգյանը կասկածվում է հուլիսի 18-ին Սարդարապատ գյուղի հատվածում ոչ թե մեկ, ինչպես նախապես հայտնի էր դարձել, այլ երկու ավտոմեքենա առևանգելու մեջ:
Այսօր Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղում իրարանցում էր: Պատգամավորն ապրում է հենց այդ գյուղում, եւ համագյուղացիները ոչ բարձրաձայն, սակայն «հրճվում» էին, որ Արտակը անազատության մեջ է: Նա շատերին է «ցավացրել» եւ անպատիժ մնացել:
Սարդարապատում լուրեր էին շրջանառվում, որ Արտակ Գեւորգյանը հուլիսի 18-ի կեսգիշերն անց եղել է «Մերսեդես բրաբուս» ավտոմեքենայով եւ որոշել է գազալցակայանում լիցքավորել ավտոմեքենան: Արտակը չի համբերել իր հերթին եւ վարորդներից մեկին ասել է, թե ինքը պիտի առաջինը լիցքավորի իր ավտոմեքենան, սակայն վարորդը չի համաձայնվել: Պատգամավորի որդին էլ առիթը բաց չի թողել եւ նստելով «համառ» վարորդի «Գազ-24» մակնիշի ավտոմեքենան հեռացել է:
Սարդարապատ գյուղի դպրոցի մոտակայքում «Գազ-24» մակնիշի ավտոմեքենայի վարորդի ծանոթները, որոնք եղել են «Վազ-2106» մակնիշի ավտոմեքենայով, նկատել են, որ ղեկին նստած է այլ մարդ եւ նրա ճանապարհը կտրելով կանգնացրել են ավտոմեքենան: Արտակ Գեւորգյանը վիրավորվել է նման վերաբերմունքից եւ իջնելով ավտոմեքենայից ատրճանակի սպառնալիքով իջեցրել է «Վազ-2106» -ի վարորդին եւ այս անգամ նստելով այդ ավտոմեքենան հեռացել է տարածքից` ապացուցելով, որ կարող է իր ուզած ավտոմեքենան նստել ու հեռանալ:
«Վազ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը` Վիրաբը, չի ճանաչել պատգամավորի որդուն եւ գիշերը ժամը 03.35-ի մոտակայքում անմիջապես զանգահարել է ոստիկանություն:
Երեկ արդեն Արտակ Գեւորգյանին ձերբակալել են: Փաստով ոստիկանության Արմավիրի մարզային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 183 հոդվածի 1-ին մասի (ավտոմեքենային կամ տրանսպորտային այլ միջոցին ապօրինաբար տիրանալը (փախցնելը) առանց հափշտակելու նպատակի), 183 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի (կատարվել է կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով) և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):
Երեկ խուզարկություն է կատարվել նաեւ պատգամավորի որդուն պատկանող Երեւան քաղաքի Տերյան փողոցում գտնվող բնակարանում, որտեղ խոհանոցի անկյունակ բազմոցի նստելատեղի տակից հայտնաբերվել է 4,5 մմ տրամաչափի «Բայկալ» օդամղիչ ատրճանակ: Հայտնաբերված ատրճանակի օրինականությունը ստուգվում է: Ատրճանակն ուղարկվել է փորձաքննության:
Լուս.` Գագիկ Շամշյանի
Մեկնաբանություններ (7)
Մեկնաբանել