«Հետքը» ներկայացնում է Բելառուսի ու Ադրբեջանի միջեւ ռազմական համագործակցության որոշ գաղտնի նամակներ
«Հետքի» ձեռքի տակ են հայտնվել Բելառուսի եւ Ադրբեջանի ռազմական համագործակցության վերաբերյալ վերջին տարիների մի շարք գաղտնի նամակներ, որոնց մասին այս ամիս հոդված հրապարակեց ամերիկյան «Politico» թերթը:
Հունիսի 13-ին «Politico»-ն գրել էր, որ ՀԱՊԿ-ում Հայաստանի գործընկեր Բելառուսը գաղտնի զենք է վաճառել Ադրբեջանին: Ամերիկյան լրատվամիջոցի տրամադրության տակ են հայտնվել մեկ տասնյակից ավելի նամակներ, դիվանագիտական նոտաներ, վաճառքի հաշիվ-ապրանքագրեր, արտահանման փաստաթղթեր, որոնք ցույց են տալիս, որ 2018-2022 թթ. Բելառուսն ակտիվորեն օգնել է Ադրբեջանի զինված ուժերին:
«Առաջարկվող ծառայությունները ներառել են հին հրետանային սարքավորումների արդիականացում եւ ռադիոէլեկտրոնային պայքարի (ՌԷՊ) մեջ ու ԱԹՍ-ների համար կիրառվող նոր սարքավորումների առաքում»,- հայտնել է «Politico»-ն:
Բացի դրանից՝ փաստաթղթերում առկա են զենքի արտահանման բելառուսական պետական գործակալության նամակները՝ ուղղված սեփական ռազմարդյունաբերական ընկերություններին, որոնք վերաբերում են Ադրբեջանի կողմից ժամանակակից հրետանային միջոցների պատվերներին: Արտահոսել է նաեւ Բելառուսի եւ Ադրբեջանի պետական մարմինների միջեւ նամակագրությունը «Գրոզա-Ս» հակադրոնային շարժական համակարգի ձեռքբերման համաձայնության մասին:
Դիվանագիտական մի նամակագրության մեջ էլ ասվում է, որ բելառուսական ձեռնարկությունները ակտիվ դեր են խաղացել «Ադրբեջանի դեօկուպացված տարածքների վերականգնման, ինչպես նաեւ [դեպի Ադրբեջան] բելառուսական ապրանքների ու ծառայությունների արտահանման» մեջ:
Ըստ «Politico»-ի՝ Ռուսաստանի հավատարիմ դաշնակից Բելառուսի որոշումը 2018-2022 թթ. Ադրբեջանին առաջատար ռազմական տեխնիկա մատակարարելու վերաբերյալ, ինչը վերջինիս առավելություն է տվել վերջին շրջանի հաջորդական պատերազմներում, Հայաստանի կողմից դիտարկվելու է որպես դառը դավաճանություն:
Հիշեցնենք, որ հունիսի 13-ին Նիկոլ Փաշինյանը, նկատի ունենալով Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին, ԱԺ ամբիոնից հայտարարեց. «ՀԱՊԿ ղեկավարներից մեկը հայտարարում է, թե 44-օրյա պատերազմը նախապատրաստելուն մասնակցել է, քաջալերել է, հավատացել է, ցանկացել է Ադրբեջանի հաղթանակը: Դրանից հետո ես պետք է գնամ Բելառուսի նախագահի հետ ՀԱՊԿ ֆորմատում նստե՞մ, հարց քննարկե՞մ... Չնայած, նաեւ իրավիճակ կա, որ ԵԱՏՄ-ում եւ ԱՊՀ-ում ինչ-որ առումով ստիպված եմ լինելու, բայց նաեւ հետեւյալն եմ ուզում ասել՝ ես արձանագրում եմ, որ Բելառուս այլեւս երբեք չեմ այցելի, քանի Բելառուսում նախագահ է Ալեքսանդր Լուկաշենկոն: Եվ ընդհանրապես հայտարարում եմ, որ այս պահից ՀՀ ոչ մի պաշտոնական ներկայացուցիչ Բելառուս չի այցելի, ընդհանրապես»:
Նամակ Ադրբեջանի ռազմական հետախուզության պետին
«Հետքի» գործընկերներից մեկը մեզ է տրամադրել Բելառուսի ու Ադրբեջանի ռազմական համագործակցությանը վերաբերող մի քանի նամակներ, որոնք թվագրվում են 2017-2023 թթ.-ով:
Դրանցից մեկը 2017 թ. դեկտեմբերի 22-ին բելառուսական «Բելսպեցվնեշտեխնիկա» պետական արտաքին առեւտրային միացյալ ձեռնարկության (Государственное внешнеторговое унитарное предприятие «Белспецвнештехника») գլխավոր հաշվապահի տեղակալ Ե. Դավիդովիչի նամակն է Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետ, գեներալ-մայոր Հիլալ Նաջաֆովին:
«Բելսպեցվնեշտեխնիկան», ըստ իր պաշտոնական կայքի, զբաղվում է գիտական, արտադրական եւ արտաքին առեւտրային գործունեությամբ (այդ թվում՝ միջնորդական), որոնք վերաբերում են ռազմական եւ երկակի նշանակության ապրանքներին, գաղտնագրող միջոցներին, ինֆորմացիայի գաղտնի ստացման միջոցներին եւ այլ արտադրանքի:
Շնորհակալություն հայտնելով համատեղ աշխատանքի համար՝ Դավիդովիչը ադրբեջանցի պաշտոնյային է փոխանցել «Բելսպեցվնեշտեխնիկայի» նոր բանկային ռեկվիզիտները՝ համագործակցության մասով փոխադարձ հաշվարկներ կատարելու համար:
Սպառազինության վերանորոգման եւ սպասարկման համալիր կենտրոն՝ բելառուսներից
2018 թ. նոյեմբերի 13-ին «Բելսպեցվնեշտեխնիկա» ձեռնարկության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Ա. Գրիննիկը նամակ է գրել բելառուսական ռազմարդյունաբերական ընկերություններից մեկի՝ «Գոմելի ռադիոգործարան» ԲԲԸ-ի (ОАО «Гомельский радиозавод») այդ ժամանակվա տնօրեն Ալեքսանդր Գորբաչին:
Նկատի ունենալով Ադրբեջանին՝ Գրիննիկը հայտնել է, որ օտարերկրյա պատվիրատուն դիտարկել է «Բելսպեցվնեշտեխնիկայի» նախագծային առաջարկը պատվիրատուի տարածքում սպառազինության եւ ռազմական տեխնիկայի վերանորոգման ու տեխնիկական սպասարկման համալիր կենտրոն ստեղծելու վերաբերյալ: Պայմանագրի նախագիծ կազմելու համար Գրիննիկը Գորբաչին առաջարկել է իրենց ուղարկել տեխնիկական-կոմերցիոն առաջարկ:
Նամակին կից ներկայացվել են Ադրբեջանի ՊՆ-ի դիտարկումները «Բելսպեցվնեշտեխնիկայի» առաջարկի վերաբերյալ: Ըստ ադրբեջանական կողմի՝ նախատեսվող համալիր կենտրոնը 1 տարվա ընթացքում պետք է կարողանա վերանորոգել հրթիռահրետանային սպառազինության ամենատարբեր միջոցներ (խաղաղ ժամանակ եւ «հատուկ ժամանակահատվածում» թվերը տարբեր են, տարբեր են նաեւ միջին ու կապիտալ վերանորոգման պոտենցիալի ցուցանիշները):
Այդ միջոցները ներառում են թնդանոթներ եւ հաուբիցներ, ականանետներ, ինքնագնաց հրետանի, ինքնագնաց ականանետներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, հակատանկային հրթիռային համալիրներ, ռադիոտեղորոշիչ կայաններ, ղեկավարման մեքենաներ, հետախուզության եւ դիտարկման համակարգեր, հրաձգային զենք, մերձամարտի միջոցներ, զենիթային կայանքներ, տանկային սպառազինություն:
Այսպիսով՝ ապագա կենտրոնը, ըստ ադրբեջանցիների, պետք է կարողանար խաղաղ պայմաններում տարեկան վերանորոգել (միջին վերանորոգում) 1576 միավոր սպառազինություն, իսկ «հատուկ ժամանակահատվածում» այդ թիվը դառնալու էր 3152: Կապիտալ վերանորոգման թվերը համեմատաբար ավելի փոքր են. խաղաղ պայմաններում՝ 788 միավոր, «հատուկ ժամանակահատվածում»՝ 1576:
«Շիլկա» զենիթային կայանքի մոդեռնիզացում Ադրբեջանի տարածքում
2022 թ. մարտի 14-ին «Բելսպեցվնեշտեխնիկայի» գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Ա. Գրիննիկը նամակ է գրել «Գոմելի ռադիոգործարան» ընկերության տնօրեն Իգոր Սեմկովսկուն:
Նկատի ունենալով Ադրբեջանին՝ Գրիննիկը հայտնել է, որ «Բելսպեցվնեշտեխնիկա» ձեռնարկությունում մշակվում է օտարերկրյա պատվիրատուի տարածքում 14 հատ «Շիլկա» զենիթային ինքնագնաց կայանք («ԶԻԿ-23-4») կապիտալ վերանորոգելու եւ մոդեռնիզացնելու հնարավորությունը: Սեմկովսկուն առաջարկվել է դիտարկել այդ աշխատանքներում Գոմելի ռադիոգործարանի մասնակցությունը:
Կապալառուն պետք է պատրաստեր «Շիլկայի» վերանորոգման աշխատանքների փաթեթ, իրականացներ դրա աշտարակի եւ «Ամուր» ավտոմատ զենիթային հրանոթի («ԱԶՀ-23») կապիտալ վերանորոգում, ինչպես նաեւ նախապատրաստական աշխատանքներ կատարեր՝ «Շիլկայի» վրա «Ստրիժ-Մ2» օպտիկաէլեկտրոնային կայան տեղադրելու համար:
Ինչպես տեղեկանում ենք «Բելսպեցվնեշտեխնիկայի» կայքից, խորհրդային արտադրության «Շիլկայի» մոդեռնիզացված բելառուսական տարբերակը («ԶԻԿ-23-4ԲՄ»), ի թիվս այլ թարմացումների, ներառում է «Ստրիժ-Մ2» ժամանակակից օպտիկաէլեկտրոնային կայանը, որը, մասնավորապես, թույլ է տալիս ինքնուրույն փնտրել, հայտնաբերել եւ ուղեկցել օդային ու վերգետնյա/վերջրյա թիրախները պասիվ ռեժիմում, նեյրոցանցի տեխնոլոգիաների միջոցով գնահատել մինչեւ ուղեկցվող թիրախն ընկած հեռավորությունը, վիզուալացնել իրավիճակն ու ծառայողական ինֆորմացիան:
2022-ի ամռանը Բելառուսը ՌԴ տարածքով 2 հատ «Գրոզա-Ս» համակարգ է ուղարկել Ադրբեջան
«Հետքի» ձեռքի տակ է հայտնվել նաեւ 2022 թ. հունիսի 20-ին կազմված հաշիվ-ապրանքագիրը «Բելսպեցվնեշտեխնիկայի» եւ Ադրբեջանի ՊՆ-ի գնումների ու մատակարարման վարչության միջեւ:
Ըստ այդմ՝ ադրբեջանցիները ձեռք են բերել ռադիոէլեկտրոնային պայքարի 2 հատ «Գրոզա-Ս» հակադրոնային շարժական կայան՝ մոնտաժված բելառուսական «ՄԱԶ-631705»-ի շասսիի վրա (շասսիները, ըստ փաստաթղթերի, 2022 թ. արտադրության են):
Ադրբեջանական լրատվամիջոցները 2020 թ. օգոստոսին գրել էին Տավուշի ուղղությամբ հայ-ադրբեջանական սահմանին «Գրոզա-Ս»-ի հաջող կիրառության եւ հայկական ԱԹՍ-ի խոցման մասին: Ըստ այդմ՝ բելառուսական հակադրոնային այս միջոցը ադրբեջանական բանակի շարքերն է մտել 2018-ին՝ սերիական արտադրության մեկնարկից ընդամենը 2 տարի անց:
2022-ի հունիսին կազմված հաշիվ-ապրանքագրի համաձայն՝ «Գրոզա-Ս» համակարգերից յուրաքանչյուրի արժեքը 4.850.000 դոլար է, ընդհանուր՝ 9.700.000 դոլար: Ռազմական բեռն ուղարկվել է Մինսկի մարզի «Կոլյադիչի» երկաթուղային կայարանից, վերջնակետը եղել է Սումգայիթի «Հաջի Զեյնալաբդին» (նախկինում՝ «Նասոսնի») կայարանը: Բեռի տեղափոխման պատասխանատուն եղել է բելառուսական կողմը, այն ուղարկվել է Ռուսաստանի տարածքով՝ «Կոլյադիչի»-«Օսինովկա» (Բելառուս)-«Կրասնոյե»-«Սամուր» (ՌԴ)-«Յալամա»-«Հաջի Զեյնալաբդին» (Ադրբեջան) երթուղով:
Ռադիոտեխնիկական հետախուզության միջոցներ ԱԹՍ-ների համար
2022 թ. հոկտեմբերի 25-ին «Բելսպեցվնեշտեխնիկա» ձեռնարկության գլխավոր տնօրեն Գենադի Տիմոշեւիչը նամակ է գրել Ադրբեջանի ՊՆ Ազգային պաշտպանության գիտահետազոտական ինստիտուտի ռեկտոր Հեյդար Փերիեւին: Ի պատասխան վերջինիս 23.09.2022 թ. հարցման՝ Տիմոշեւիչը հայտնել է, որ իրենց ձեռնարկությունը պատրաստ է մատակարարել ԱԹՍ-ների համար նախատեսված օգտակար բեռ, որը հնարավորություն է տալիս հայտնաբերել ու տեղորոշել 0,9-18 ԳՀց հաճախականության ռադիոալիքների աղբյուրները:
Նամակագիրը նաեւ նշել է, որ պատրաստ են վերոնշյալ օգտակար բեռի գործնական ցուցադրություն կազմակերպել Ադրբեջանում: Այդ նպատակով բելառուսական կողմն ադրբեջանցիներին է ուղարկել անհատույց օգտագործման մասին համաձայնագիր, ինչից էլ իմանում ենք, որ առաջարկվում է ցուցադրության համար ժամանակավորապես Ադրբեջան ուղարկել 2 հատ «EWA-1/18» (ընդհանուր արժեքը՝ մոտ 470 հազ. դոլար) եւ 1 հատ «EWA-30/1000» (արժեքը՝ շուրջ 157 հազ. դոլար) սպեկտրի անալիզատորներ:
Բելառուսներն ադրբեջանցիների ցանկությամբ «Գրոզա-Ս» համակարգը հարմարեցրել են լեռնային պայմաններում կիրառությանը
2022 թ. նոյեմբերի 18-ին Գ. Տիմոշեւիչը Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար-ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռամիզ Թահիրովին իրազեկել է «Գրոզա-Ս» հակադրոնային համակարգին առնչվող զարգացումների մասին:
Ըստ այդմ՝ 2022 թ. նոյեմբերին անցկացված երկկողմ բանակցությունների արդյունքում համաձայնություն էր ձեռք բերվել տեխնիկական-կոմերցիոն առաջարկ պատրաստել «Գրոզա-Ս» կայանը լեռնային տեղանքում շահագործելուն հարմարեցված, բարձր անցունակությամբ «ՄԶԿՏ-600500-020» շասսիի վրա մոնտաժելու վերաբերյալ:
Եվ ահա Տիմոշեւիչը հայտնել է, որ իրենց ձեռնարկության մասնագետները կարճ ժամանակում մշակել են «Գրոզա-Ս» համակարգի նոր կառուցվածք: Այն է՝ սարքավորումների խցիկը պատրաստել ոչ թե «ԿՈւՆԳ» տարբերակով, այլ 6 մ երկարություն ունեցող ծովային կոնտեյների, որը հնարավոր կլինի ավտոմատ ձեւով բեռնել ու բեռնաթափել՝ արագ տեղափոխելով կոնտեյներ տեղափոխելու համար նախատեսված ցանկացած շասսիի վրա:
«Բելսպեցվնեշտեխնիկայի» ղեկավարը ադրբեջանցի փոխնախարարին առաջարկել է դիտարկել ձեւափոխված «Գրոզա-Ս» համակարգի 4 նմուշների առաքման տեխնիկական-կոմերցիոն առաջարկը: Ըստ այդմ՝ 4 համակարգերի ընդհանուր գինը գնահատվել է 23.560.000 դոլար, որը ներառում է առաքումն ու ադրբեջանական անձնակազմի ուսուցումը:
Նամակից տեղեկանում ենք նաեւ, որ մինչ այդ արդեն իսկ Ադրբեջան է առաքված եղել «ՄԱԶ» շասսիի վրա մոնտաժված 3 եւ «ՄԶԿՏ» շասսիի վրա մոնտաժված 4 հատ «Գրոզա-Ս» կայան:
Հրետանու լուսավորման լրակազմերի պատվեր ադրբեջանցիներից
Եվս մի նամակ, որը հայտնվել է «Հետքի» տրամադրության տակ, գրվել է 2023 թ. սեպտեմբերի 18-ին «Բելսպեցվնեշտեխնիկայի» գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Ա. Գրիննիկի կողմից: Հասցեատերը Իգոր Սեմկովսկին է՝ «Գոմսելմաշ» ԲԲԸ-ի ««Վիմպել» մետաղակոնստրուկցիաների գործարան» մասնաճյուղի տնօրենը: «Վիմպելը» նույն «Գոմելի ռադիոգործարան» ընկերությունն է, որն անվանափոխվել է 2022-ի դեկտեմբերին ու մտել «Գոմսելմաշի» մեջ (филиал ОАО «Гомсельмаш» «Завод металлоконструкций «Вымпел»):
Գրիննիկը, նկատի ունենալով Ադրբեջանին, Սեմկովսկուն հայտնել է, որ գործընկերոջից ստացել են դիմում՝ պատրաստելու եւ առաքելու հրետանային միջոցների նշանոցային սարքերի լուսավորման 20 հատ «Լուչ-ԳՌԶ-2Մ» ունիվերսալ լրակազմ:
Ըստ «Բելսպեցվնեշտեխնիկա» ձեռնարկության կայքի՝ այս լրակազմերը նախատեսված են տեսանելիության վատ պայմաններում եւ գիշերը հրետանու նշանոցային սարքերն ու հրետանային միջոցի հրամանատարի աշխատանքային տեղը լուսավորելու համար:
Նամակագիրը գործարանի տնօրենին խնդրել է դիտարկել նշված լրակազմերի պատրաստման հնարավորությունը եւ ներկայացնել կոմերցիոն առաջարկ՝ նշելով գինը, մատակարարման ժամկետներն ու պայմանները:
«SIPRI»-ի վիճակագրությունը Բելառուսից Ադրբեջան առաքված սպառազինության մասին
Ստոկհոլմի խաղաղության հետազոտության միջազգային ինստիտուտը (SIPRI), որը մասնագիտացած է աշխարհում զենքի եւ զինամթերքի արտադրության ու տեղաշարժի ուսումնասիրության մեջ, 2021 թ. ապրիլին հոդված էր հրապարակել, որտեղ ներկայացրել էր Հայաստանի ու Ադրբեջանի զենքի գլխավոր մատակարարներին 2011-2020 թթ. կտրվածքով: «SIPRI»-ն իր հետազոտությունը ներկայացրել էր ոչ թե ձեռք բերված զենքի քանակով կամ դրամական արժեքով, այլ իր կողմից կիրառվող չափման միավորով՝ TIV-ով (trend-indicator value - բառացի՝ միտման ցուցիչի արժեք), որով չափվում են երկրների միջեւ սպառազինության հոսքերի միտումները կոնկրետ ժամանակահատվածում, այլ կերպ ասած՝ TIV-ը մի երկրից մյուսին փոխանցվող ռազմական պոտենցիալի գնային ինդեքսն է:
Ըստ հետազոտության՝ 2011-2020 թթ. Բելառուսը եղել է Ադրբեջանի երրորդ խոշոր մատակարարը (7,1 %)՝ զիջելով միայն Ռուսաստանին եւ Իսրայելին: Ըստ այդմ՝ Լուկաշենկոյի ռեժիմը բարեկամ Ալիեւին վաճառել է գրոհային ինքնաթիռներ, ՀՕՊ համակարգեր, տանկեր, հրետանի, կառավարվող հրթիռներ: «SIPRI»-ն նշել էր, որ զենքի նման վաճառքը երկու երկրների միջեւ հարաբերությունների կարեւոր բաղադրիչ է նաեւ այն պատճառով, որ Բելառուսում աճում է ադրբեջանական նավթի պահանջարկը, եւ փորձ է արվում նվազեցնել կախումը ռուսական նավթից: Մյուս կողմից՝ շվեդական ինստիտուտը 2011-2020 թթ. Բելառուսից Հայաստան զենքի մատակարարում չի արձանագրել:
Նկատենք, որ «SIPRI»-ն ներկայացնում է նաեւ տարբեր երկրների միջեւ զենքի առեւտրի քանակական տվյալներ, որոնք վերցնում է բաց աղբյուրներից՝ թե՛ պաշտոնական, թե՛ ոչ պաշտոնական: Չնայած ինստիտուտը չի թաքցնում, որ թվային տվյալների մի մասը ճշգրտված չէ, նրա վիճակագրությունն ուշագրավ է: Ստորեւ ներկայացնում ենք «SIPRI»-ի վիճակագրությունը Բելառուսից Ադրբեջանին վաճառված սպառազինության վերաբերյալ (? նշանով տվյալները ճշգրտված չեն):
Ինչպես տեսնում ենք, 2000-ականների կեսերից մինչեւ 2018 թ. Բելառուսը Ադրբեջան է մատակարարել տանկեր («Տ-72Մ1»), ինքնագնաց հրետանային կայանքներ (2Ս7 «Պիոն»), գրոհային ինքնաթիռներ («Սու-25»), քարշակվող հաուբիցներ («Դ-30», 2Ա36 «Գիացինտ-Բ»), ՀՕՊ միջոցներ («Բուկ-1Մ»), համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր («Պոլոնեզ»), կառավարվող հրթիռներ (չինական «A-200» հրթիռները կիրառվում են «Պոլոնեզի» կողմից): Սա, իհարկե, բելառուսական առաքումների ամբողջ տեսականին չէ, սակայն որոշակի պատկերացում է տալիս երկու երկրների միջեւ սպառազինության առեւտրի ծավալների ու բնույթի մասին («SIPRI»-ն Ադրբեջանից Բելառուս մատակարարված զենքի մասին տվյալներ չունի):
Առաջին նկարի ձեւավորումը՝ Նարե Պետրոսյանի
Մեկնաբանել