HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պերինատոլոգիայի արդի հիմնախնդիրները․ միջազգային կոնֆերանս

Գործընկերային համագործակցություն

Հունիսի 15-ին տեղի ունեցավ «Պերինատոլոգիա․ նոր մարտահրավերներ» միջազգային կոնֆերանսը։ Այն կազմակերպվել էր Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի և Մանկաբարձ-գինեկոլոգների հայկական ասոցիացիայի հետ համատեղ։

Կոնֆերանսին դասախոսություններով ներկայացան բժիշկներ ՀՀ և արտերկրի տարբեր բուժհաստատություններից՝ «Հերացի» համալսարանական հիվանդանոցից, «Շենգավիթ» ԲԿ-ից, Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտից, «Բեգլարյան» ԲԿ-ից, ՌԴ Մանկաբարձության գինեկոլոգիայի և պերինատոլոգիայի ազգային գիտահետազոտական կենտրոնից և մասնագետներ Առողջապահության ազգային ինստիտուտից ու «Էկոսենս» լաբորատորիայից։

Կոնֆերանսի գիտական ծրագիրը ներառում էր պրակտիկ գործունեությանն առնչվող պերինատոլոգիայի տարբեր խնդիրներ՝ անպտղության, հղիության և ծննդաբերության ախտաբանության ու նորածնային առողջության վերաբերյալ։ Ծրագիրը մուլտիդիսցիպլինար էր և ներառում էր  կանանց ռեպրոդուկտիվ առողջության հետ կապված մանկաբարձագինեկոլոգիական, նեոնատալ թեմաներ, ինչպես նաև վարակային, ալերգիկ և նյութափոխանակային բարդ խնդիրների մասին զեկույցներ։

ՎԱՊՄԳՀԻ կլինիկայի ղեկավար, բ․գ․թ․ մանկաբարձ-գինեկոլոգ, մանկաբարձության և գինեկոլոգիայի գծով ՀՀ ԱՆ խորհրդատու Վրույր Գրիգորյանի խոսքով՝ իրենք՝ որպես ոլորտի կոորդինացիան անողներ, հասկանալով, թե որոնք են ներկա խնդիրները, հասունացած հարցերը, այդ սկզբունքով ընտրել են թեմաները։ «Եթե մենք ունենք տեղում մարդ, որը մեզ կարող է այդ հարցով օգնել, շատ լավ։ Որոշ հարցեր կան, որոնց դեպքում մենք նախընտրեցինք, որ դրսից մեզ գործընկերները մեզ միանան․ ունեք բանախոս ՌԴ-ից»։

Վրույր Գրիգորյանը խոսեց պերինատոլոգիայի արդի հարցերից մեկի՝ կեսարյան հատումների թվի աճի մասին և նշեց, որ ներկայում կա ուղեցույց՝ Բնական ուղիներով ծննդաբերություն կեսարյան հատումից հետո, որը կարելի է գտնել ԱՆ կայքում։ Այն օգնում է գնալ այն ճանապարհով, որ սպիով կանայք կարողանան բնական ճանապարհով ծննդաբերել, և դա անվտանգ տարբերակ է։

«Կեսարյան հատումների խնդիրը բազմաշերտ է՝ դա միայն կնոջ քմահաճույքը չէ, դա քմահաճույքը չէ բժշկի, դա միայն առողջապահության կառուցվածքի պրոբլեմները չեն, այդ բոլոր օղակներում ազդեցությունը պարտադիր է, որպեսզի մենք ունենանք կեսարյան հատումների թվի նվազեցում»,- ասաց պարոն Գրիգորյանը։

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ մանկաբարձության ծառայության ղեկավար Կարեն Ջուլհակյանը կարևորեց նմանատիպ քննարկումների անցկացումը և ասաց, որ ինքը ևս կեսարյան հատումների թվի նվազեցման ջատագով է։

«Շատ ուրախալի է, որ կազմակերպվում են նման կոնֆերանսներ։ Այսօր ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ մեզ մոտ՝ Հայաստանում, կեսարյան հատումների թվի կտրուկ բարձրացումը,  իրոք, լուրջ մարտահրավերների առաջ է մեզ կանգնեցնում, դրանք բարձրացնում են թե՛ նորածնային, թե՛ մայրական մահացության տոկոսները։ Հուսով ենք՝ մեզ մոտ էլ կամաց-կամաց կբարձրանա կեսարյան հատումից հետո բնական ճանապարհով ծննդաբերողների թիվը, և կկարողանանք զերծ մնալ այդ խնդիրներից։ Ես ինքս ունեցել եմ նման պրակտիկա։ Մեր ծննդատանը տարվա կտրվածքով բավականին քանակի լինում են նման դեպքեր, և հուսանք, որ այդ թիվը կավելանա»,- հավելեց բժիշկ Ջուլհակյանը։

Բանախոսություններ հնչեցին նաև հղիության ընթացքում ալերգիկ հիվանդությունների վարման, վիժումների հետազոտման և բուժման, էկտոպիկ հղիության և մի շարք այլ թեմաների մասին։

Կոնֆերանսին մասնակցում էին մանկաբարձ-գինեկոլոգներ, մանկաբույժներ ՀՀ տարբեր բուժհաստատություններից։

Կոնֆերանսը կրեդիտավորված էր ՀՀ առողջապահության նախարարության կողմից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter