
Եվրոպայի գործող չեմպիոն Իտալիան կամային հաղթանակով մեկնարկեց «Եվրո-2024»-ում
Գերմանիայում ընթացող «Եվրո-2024»-ում ավարտվեց խաղային երկրորդ օրը: Օրվա վերջին խաղում Եվրոպայի գործող չեմպիոն Իտալիայի հավաքականը 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ Ալբանիայի նկատմամբ:
Հանդիպման հաշիվը 22-րդ վայրկյանին բացեցին ալբանացիները՝ խփելով Եվրոների պատմության ամենաարագ գոլը, աչքի ընկավ Նեդիմ Բայրամին:
Ալբանիայի ընտրանու ուրախությունը, սակայն, շատ կարճ տևեց, քանի որ Ալեսանդրո Բաստոնին 11-րդ րոպեին հավասարեցրեց հաշիվը, իսկ 5 րոպե անց Նիկոլո Բարելան առաջ մղեց իտալացիներին: Հանդիպման մնացած ժամանակահատվածում այլևս գոլեր չեղան:
Իտալիայի և Ալբանիայի հետ B խմբում ընդգրկված Իսպանիայի ու Խորվաթիայի միջև խաղում 3:0 հաշվով հաղթել էին իսպանացիները:
Հունիսի 16-ին կկայանան C խմբի Սլովենիա-Դանիա (20:00) և Սերբիա-Անգլիա (23:00) հանդիպումները, ինչպես նաև D խմբի Լեհաստան-Նիդերլանդներ (17:00) հանդիպումը:
Լուսանկարը՝ ՈՒԵՖԱ-ի
Մեկնաբանել