ՀՀ փոխվարչապետն ընդունել է ՀԲ պատվիրակությանը
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Համաշխարհային բանկի պատվիրակությանը` Հայաստանին տրամադրվող Երրորդ զարգացման քաղաքականության գործառնության եռամյա փաստաթղթի աշխատանքային խմբի ղեկավար Սուլեյման Կուլիբալիի գլխավորությամբ:
Հանդիպման նպատակն էր քննարկել հայկական կողմի առաջարկությունները, որոնք ՀՀ կառավարությունը որպես առաջնահերթություն է տեսնում եւ նպատակահարմար է գտնում ներառել բարեփոխումների քաղաքականության հաջորդ ծրագրում:
Փոխվարչապետը ողջունելով հյուրին, նշեց, որ կարեւոր առաքելությամբ է Հայաստան ժամանել, քանի որ անդրադարձ է կատարվում Հայաստանի եւ համայնքների համար էական նշանակություն ունեցող հիմնախնդիրների: Ա. Գեւորգյանը հատկապես կարեւորեց, որ ՀԲ աջակցությամբ իրականացված ծրագրերը ուղղվել են մարզերում, համայնքներում ենթակառուցվածքների զարգացմանը եւ ընդգրկել են կենսական նշանակության ոլորտներ:
Աշխատանքային խմբի ղեկավար Սուլեյման Կուլիբալին ներկայացրեց ծրագրի հիմնական ուղղությունները` նշելով, որ զարգացման քաղաքականության այս շարքը եւս կօժանդակի ՀՀ կառավարության առաջնահերթ բարեփոխումների փաթեթներին` միտված Հայաստանի մրցունակության բարձրացմանը: Ծրագրում, մասնավորապես`առաջարկվում է օժանդակել Հայաստանին` խթանելու արտահանման աճը, աջակցել հարկային վարչարարության բարեփոխումներին, բիզնես միջավայրի բարելավմանը եւ օժանդակություն ցուցաբերել` ապահովելու Հայաստանում տարվող սոցիալական քաղաքականության կայունությունը:
Հանդիպմանը քննարկվեց բարեփոխումների շարքում խմելու եւ ոռոգման ջրամատակարարման բարեփոխումները ներառելու հնարավորությունը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց կատարել ուսումնասիրություն համակարգի պահանջների, կարիքների վերաբերյալ, կատարել ուսումնասիրություն Երեւանում եւ համայնքներում խմելու ջրի սակագնային միասնականացման վերաբերյալ, որից հետո ըստ կարիքներին դրանք ներառել Երրորդ զարգացման քաղաքականության գործառնության մեջ:
ՀՀ ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել