HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փաշինյանն այցելել է աղետի գոտի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է աղետի գոտի՝ Լոռու և Տավուշի մարզեր, ծանոթացել հեղեղումներից տուժած բնակավայրերում իրականացվող վերականգնողական աշխատանքների ընթացքին: Այս մասին հաղորդում են վարչապետի աշխատակազմից։

«Վարչապետի առաջին կանգառը եղել է Մ6 միջպետական ճանապարհի Վանաձոր-Ալավերդի 31-րդ կմ հատվածում՝ «Թուֆենկյան» հյուրանոցի մոտակայքում: Կառավարության ղեկավարին ներկայացրել են իրականացվող աշխատանքների ընթացքը և նշել, որ փլուզված ճանապարհին իրականացվել է լիցք, տեղադրվել են հենապատեր, ինչի արդյունքում երթևեկությունը վերականգնվել է: Լիցքի միջոցով վերականգնվել է նաև Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատվածում հեղեղումների հետևանքով փլուզված ճանապարհի երթևեկությունը:

Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ալավերդու Սանահին կայարան թաղամաս, զրուցել բնակիչների հետ։ Զեկուցվել է, որ այստեղ ևս ընթացքի մեջ են հեղեղումների հետևանքների վերացման, ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքները:

Վարչապետը եղել է Ալավերդու Թումանյան փողոցում, որտեղ ևս իրականացվել են վերականգնման աշխատանքներ: Արդյունքում՝ որոշ խանութներ և սպասարկման օբյեկտներ վերսկսել են գործունեությունը:

Կառավարության ղեկավարն այցելել է Ախթալա բնակավայր, որը կամուրջի փլուզման հետևանքով հայտնվել էր մեկուսացման մեջ: Ներկայումս ընթացքի մեջ են ժամանակավոր կամրջի կառուցման աշխատանքները: Կամուրջը կառուցվում է մետաղական կոնստրուկցիաներով, նախատեսված է մարդատար մեքենաների համար: Այն կապահովի կապը 6 բնակավայրի հետ: Կարևորվել է աշխատանքների օպերատիվ և որակով իրականացումը: Միաժամանակ, զեկուցվել է, որ կառավարության օպերատիվ շտաբը տեղի բնակիչներին ապահովել է անհրաժեշտ սննդով և առաջին անհրաժեշտության այլ ապրանքներով: Նիկոլ Փաշինյանն այցելել է նաև հեղեղումների հետևանքով մեկուսացման մեջ հայտնված Ճոճկան բնակավայր, որի կապը այլ բնակավայրերի հետ վերականգնվել է:

Հաջորդիվ վարչապետը եղել է Քարկոփում, որտեղ հեղեղումներից հետո նույնպես վերականգնողական աշխատանքներ են իրականացվում։ Այստեղ մասնակի վերականգնված է նաև ջրամատակարարումը և էլեկտրամատակարարումը:

Նիկոլ Փաշինյանն այցելել է Այրում: Այստեղ հեղեղումների հետևանքով վթարվել է երկաթգծի կամուրջը, վնասներ է կրել նաև Այրումում գտնվող «Դամուար գրուպ» ընկերության մաքսային տերմինալը:

Տավուշի մարզում վարչապետը ծանոթացել է Բաղանիս-Կիրանց հատվածում տեղակայված ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայության ընթացքին: Այստեղ վարչապետ Փաշինյանին զեկուցվել է, որ օրվա ընթացքում սահմանի խախտում չի արձանագրվել, արտառոց դեպքեր և պատահարներ տեղի չեն ունեցել:

Կառավարության ղեկավարը ծանոթացել է նաև Բաղանիս-Կիրանց, Կիրանցը շրջանցող ճանապարհների կառուցման ընթացքին: Վարչապետը պատասխանատուներին հանձնարարել է առանձնահատուկ ուշադրություն դարձնել աշխատանքների որակյալ իրականացմանը և ընդգծել սահմանված ժամկետներում դրանք շահագործման հանձնելու կարևորությունը:

Նիկոլ Փաշինյանը եղել է նաև Խաշթառակում, որտեղ հեղեղումներից վթարվել է տեղի կամուրջը: Զեկուցվել է, որ բնակավայրն ունի այլընտրանքային ճանապարհ: Չնայած դրան՝ վարչապետը հանձնարարել է կամուրջի վերակառուցման աշխատանքները սկսել հնարավորինս սեղմ ժամկետներում:

Վարչապետի այցն ավարտվել է Տավուշի մարզպետարանում կայացած խորհրդակցությամբ, որին մասնակցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ՆԳ նախարարի տեղակալ-ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը, Լոռու և Տավուշի մարզպետները, հեղեղումներից տուժած բնակավայրերի վարչական ղեկավարները և պաշտոնատար այլ անձինք:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ պետք է ընդունել տուժած սեփականատերերին ըստ բնակարանի քառակուսի մետրի բնակարանների նորոգման կամ վերականգնման աջակցություն տրամադրելու վերաբերյալ որոշում: Միաժամանակ ընդգծվել է, որ աջակցություն կտրամադրվի նաև կահավորման ուղղությամբ: Վարչապետը շեշտել է՝ կառավարությունը հեղեղումներից տուժած բնակչությանը միայնակ չի թողնելու: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ հեղեղումներից տուժած շենքերի հետ կապված կմշակվի այլ լուծում:

Վարչապետը կարևորել է ժամանակավոր կառուցված կամուրջների միջոցով մատակարարումների իրականացումը և ընդգծել, որ վթարված կամուրջների տեղում կկառուցվեն նաև բնակավայրի կոլորոտի հետ համահունչ նոր կամուրջներ՝ հաշվի առնելով նաև հեղեղումների հետ կապված փորձը: «Իմ ընկալմամբ, առաջնահերթությունը մարդկանց աջակցելն է, որ վերադառնան իրենց բնակարաններ: Դրանց մեծ մասում, առանց էական վերանորոգման աշխատանքների, ապրել հնարավոր չէ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը և ՏԿԵ ու Ներքին գործերի նախարարություններին, Քաղաքաշինության կոմիտեին և մարզպետարաններին ներկայացնել առաջնահերթությունների վերաբերյալ առաջարկություններ: «Պետք է կենտրոնանալ այն բաների վրա, որոնք անհրաժեշտ են մարդկանց բնականոն կյանքը վերականգնելու համար»,- ասել է վարչապետը»,- ասված է պաշտոնական հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter