Լոռու և Տավուշի մարզի այն բնակավայրերը, որոնք հեղեղվել են, Կառավարության կողմից կհայտարարվեն աղետի գոտիներ
Ալավերդու համայնքապետարանում տեղի է ունեցել Լոռու և Տավուշի մարզերում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով տեղի ունեցած հեղեղումների առաջացրած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով ձևավորված օպերատիվ շտաբի հերթական նիստը, որը վարել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը: Հայտնում են Լոռու մարզպետի աշխատակազմից:
«Մասնակցում են Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, Աժ պատգամավոր Արեն Մկրտչյանը, Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը, այլ պատասխանատու պաշտոնյաներ։
Ամփոփվում են այսօր կատարված աշխատանքները:
Նախարար Սանոսյանը տեղեկացրեց, որ Լոռու և Տավուշի մարզի այն համայնքներն ու բնակավայրերը, որոնք հեղեղվել են, Կառավարության կողմից կհայտարարվեն աղետի գոտի։
Կառավարության որոշմամբ նաև 300 մլն դրամ կհատկացվի Լոռու և Տավուշի մարզերին հրատապ խնդիրներ լուծելու համար։
Նախարարը տեղեկացրել է նաև, որ ամբողջ օրվա ընթացքում շրջայց է իրականացվել Մ6 միջպետական ճանապարհի ողջ երկայնքով, մինչև Այրում կայարան, և արձանագրվել են ճանապարհի, կամուրջների փլուզումները, գույքագրվել են վնասները։
Քննարկվել են նաև Ալավերդիում և հարակից բնակավայրերում ջրամատակարարման, գազամատակարարման և կոմունալ մյուս հարմարությունների վերականգնման վերաբերյալ հարցեր։
Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Եգոր Կարապետյանն իր հերթին ներկայացրել է օրվա ընթացքում իրականացված փրկարարական աշխատանքները:
Գնահատվել են այս պահին առկա կարիքները, վաղվա անելիքների համար անհրաժեշտ տեխնիկայի ներգրավման վերաբերյալ հարցեր»,- նշվում է հաղորդագրությունում:
Մեկնաբանել