
Իշխանության հետ առճակատման են գնում չբավարարվածները. Վարդան Բոստանջյան
Դոլարի և դրամի փոխարժեքային տատանումների ներկայիս փուլին տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսսոր Վարդան Բոստանջյանը դրական գնահատական է տալիս: Ասուլիսի ժամանակ նա կարծիք հայտնեց, թե որքան էլ դոլարի արժեզրկումը խոչընդոտներ առաջացնի ներմուծողների համար, այնուամենայնիվ, արտահանողներին համար այն շահավետ պայմաններ է ստեղծում, քանի որ արժևորվում է դրամը: Սակայն արտահանման ծաղկում անմիջապես նկատվել չի կարող, քանի որ հնարավոր չէ մեկ-երկու ամսում շոշափելի արդյունքներ ակնկալել: Մասնավորապես հանքարդյունաբերության արտահանման եկամուտներն աճել են 30 %-ով:
Վարդան Բոստանջյանը, թեպետ այլևս պատգամավոր չէ, բայց շարունակում է ներկայացնել ԲՀԿ կուսասկցությունը, խոսեց նաև քաղաքական իրավիճակի մասին:
Բոստանջյանի կարծիքով իշխանության հետ առճակատման գնալն ինքնանպատակ չէ. առճակատման են գնում չբավարարվածները, ամբիցիոզները, հիվանդ մարդիկ, ովքեր դժգոհ են ամեն ինչից և գոհ են միայն իրենցից:
ԲՀԿ-ի ներկայացուցիչը իրատեսական չի համարում ընդդիմության` միասնական թեկնածուով նախագահականան ընտրություններին հանդես գալու գաղափարը:
«Եթե անգամ ընդդիմությանը հաջողվի ձևավորել այդ միասնական թեկնածուին, ապա դա, ըստ էության էական նշանակություն չի կարող ունենալ մեր երկրի, մեր ընդհանուր զարգացման համար»,- նշեց Բոստանջյանը: Ըստ նրան՝ հայաստանյան ընդդիմադիր ուժերը չեն կարող հասնել այն մակարդակի, որ արտահայտեն հասարակության լայն զանգվածների ցանկությունները, սպասումները, իղձերը, և այս պարագայում ձևավորված միասնական թեկնածուն լիրիկական բնույթ կկրի: Բոստանջյանի կարծիքով՝ դա պայմանավորված է այն հանգամանքով, որ գործող իշխանությունն ուժեղ է, և այս պահին դեռ ուժեղից ուժեղը չի եղել:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել