HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Բանկային համակարգի շահույթը առաջին եռամսյակում 19%-ով աճել է

Հայաստանում գործող 18 բանկերը միասին 2024 թվականի առաջին եռամսյակում շուրջ 83 մլրդ դրամի զուտ շահույթ են ապահովել։ Նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ բանկերի շահույթն աճել է 13.2 մլրդ դրամով կամ շուրջ 19%-ով։ 

Այս մասին են վկայում բանկերի միջանկյալ ֆինանսական հաշվետվությունները։ 

Զուտ շահույթով առաջատարը «Արդշինբանկ»-ն է։ Այս տարվա առաջին եռամսյակում բանկը մոտ 25.4 մլրդ դրամի զուտ շահույթ է ստացել, որը նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ մոտ 52%-ով աճել է։ 

Ամենամեծ շահույթ ապահոված եռյակում են «Ամերիաբանկ»-ը` 12.7 մլրդ դրամով և «Ինեկոբանկ»-ը՝ 7.5 մլրդ դրամով։ 

Ընդհանուր առմամբ, բոլոր 18 բանկերն առաջին եռամսյակը փակել են շահույթով։ 7-ի դեպքում, սակայն, շահույթի չափը նվազել է նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ։ 

Ամենամեծ շահույթ գրանցած բանկերի առաջին հնգյակում են «Ակբա բանկ»-ն ու «Կոնվերս բանկ»-ը։

Ամենացածր շահույթը «Բիբլոս բանկ Արմենիա»-ն է գրանցել։

Հիշեցնենք, որ 2023 թվականին Հայաստանում գործող 18 բանկերը միասին 230 մլրդ դրամի զուտ շահույթ են ապահովել։ 2022 թվականի համեմատ բանկային համակարգի շահույթը նվազել է 9.2%-ով։

Վերջին երկու տարիներին գրանցվող շահույթի ցուցանիշներն աննախադեպ են Հայաստանի բանկերի համար։

2022 թվականի փետրվարին սկսված ռուս-ուկրաինական պատերազմից հետո Հայաստան տեղափոխված ռուսաստանցիները դարձան հայկական բանկերի ռեկորդային շահույթի շարժիչ ուժը: Բանկերի կողմից ոչ ռեզիդենտներին մատուցված ծառայություններն ու արտարժութային գործառնություններից ստացված եկամուտները էական հոսքեր ապահովեցին բանկերի համար։ Արդյունքում բանկերի շահույթը նշված տարում եռապատկվեց։ 

2022 թվականից հետո ևս  շահույթի առյուծի բաժինը ապահովվում է ոչ ռեզիդենտ հաճախորդների շնորհիվ։ 

Տես նաև՝

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter