HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ամերիկացի կոնգրեսականը մեղադրվում է Ադրբեջանի հետ կոռուպցիոն գործարքների մեջ

ԱՄՆ արդարադատության նախարարությունը կաշառակերության և դավադրության մեղադրանքներ է առաջադրել Տեխաս նահանգից դեմոկրատ կոնգրեսական Հենրի Քուելարին և նրա կնոջը՝ Իմելդա Քուելարին՝ ամերիկյան Կոնգրեսում Ադրբեջանի շահերի լոբբինգի հետ կապված: Ուրբաթ ամուսինները կալանավորվել են։

Ըստ մեղադրական եզրակացության՝ 2014-2021 թվականներին Ներկայացուցիչների պալատի անդամ Հենրի Քուելարը և նրա կինը շուրջ 600 հազար դոլար կաշառք են ստացել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող էներգետիկ ընկերությունից և մեքսիկական բանկերից մեկից: Ենթադրվում է, որ դրա դիմաց Քուելարը համաձայնել է Կոնգրեսում առաջ տանել Ադրբեջանի շահերը։

ԱՄՆ արդարադատության նախարարության մեղադրանքում նշվում է, որ Քուելարը պետք է լոբբինգ աներ Ադրբեջանի համար բարենպաստ օրինագծերի ընդունման համար և Ներկայացուցիչների պալատի նիստում հանդես գար ադրբեջանամետ ելույթով։

Մեղադրական եզրակացության համաձայն՝ ամուսիններին վճարումները կատարվել են Իմելդա Քուելարին և նրանց երկու երեխաներին պատկանող ընկերության միջոցով, որը գրանցված է Տեխաս նահանգում: Կեղծ պայմանագրի շրջանակներում՝ ընկերությունը ադրբեջանական էներգետիկ ընկերությունից ամսական ստացել է 25 հազար դոլար՝ իբր ռազմավարական խորհրդատվության և առաջարկությունների տրամադրման ինչ-որ ծառայությունների դիմաց։

«Իրականում պայմանագիրը մտացածին է եղել և օգտագործվել է Հենրի Քուելարի ու Ադրբեջանի կառավարության միջև կոռուպցիոն համաձայնությունը կոծկելու և օրինականացնելու համար»,- ասված է մեղադրական եզրակացության մեջ։

Մասնավորապես, բերվում է այն փաստը, որ պայմանագրի պայմանների համաձայն՝ Իմելդա Քուելարն աշխատանքն ավարտելուց հետո ադրբեջանական էներգետիկ ընկերության վաշինգտոնյան գրասենյակ է ուղարկել կեղծ հաշիվ-ապրանքագիր։

«Իրականում, Իմելդա Քուելարը գործնականում իրական պայմանագրային աշխատանք չէր կատարում»,- կարծում է մեղադրող կողմը։

Կոնգրեսականը, ի պատասխան առաջադրված մեղադրանքների, ուրբաթ օրը հայտարարություն է տարածել, որտեղ ընդգծել է, որ ոչ ինքը, ոչ էլ իր կինը՝ Իմելդա Քուելարը, «առաջադրված մեղադրանքներով մեղավոր չեն»:

«Այն ամենը, ինչ ես արել եմ Կոնգրեսում, արել եմ Տեխասի հարավի բնակիչների համար։ Նախքան որևէ գործողություն ձեռնարկելը, ես դիմել եմ Ներկայացուցիչների պալատի էթիկայի հանձնաժողովին, որն ինձ գրավոր եզրակացություն է տվել»,- հայտարարել է նա։ Կոնգրեսականը պնդում է, որ բոլոր հարցերի շուրջ խորհրդակցել է նաև իրավաբանների հետ:

«Ավելին, մենք խնդրեցինք հանդիպել Վաշինգտոնի դատախազների հետ՝ փաստերը պարզաբանելու համար, բայց նրանք հրաժարվեցին մեզ հետ քննարկել այս գործը կամ լսել մեր պնդումները»,- ասված է կոնգրեսականի հայտարարության մեջ։

Նախկինում Քուելարը եղել է Ներկայացուցիչների պալատում Ադրբեջանական կոկուսի (Ադրբեջանի հետ կապերի գծով կոնգրեսական խմբի) համանախագահ։

2022 թվականին Հետաքննությունների դաշնային բյուրոն խուզարկություն էր իրականացրել կոնգրեսականի՝ Տեխաս նահանգի Լարեդո քաղաքում գտնվող տանը, սակայն, Քուելարի փաստաբանի հայտարարությունների համաձայն, այն ժամանակ կոնգրեսականն այդ հետաքննության շրջանակներում որևէ կարգավիճակ չուներ։

The Associated Press գործակալությունը, հղում անելով հետաքննության ընթացքին անմիջականորեն ծանոթ իր աղբյուրին, գրում է, որ կոնգրեսականի տանը Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) խուզարկությունն Ադրբեջանի հետ կապված ավելի լայն հետաքննության մի մասն էր կազմում, որի շրջանակներում ՀԴԲ գործակալները բազմաթիվ ծանուցագրեր էին ուղարկում և հարցաքննություններ անցկացնում Վաշինգտոնում և Տեխաս նահանգում։

Դաշնային կառավարության բաց տվյալների համաձայն՝ կոնգրեսականն Ադրբեջան էր այցելել 2013 թվականին։ Երկու տարի անց Քուելարի գրասենյակը հայտարարեց Տեխասի համալսարանի և «Ադրբեջանի բարեկամների ասամբլեա» կազմակերպության միջև կնքված համաձայնագրի մասին, որի նպատակն էր համագործակցել նավթագազային հետազոտությունների և կրթության ոլորտում:

Լուսանկարը՝ Getty Images-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter