HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կողբացի 36/3 հասցեում կառուցված համալիրից մի հատված սեփականության իրավունքով փոխանցվել է պետությանը

Երևան քաղաքի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրի 1-ին հարկից՝ 127.8 քմ մակերեսով և 2-րդ հարկից՝ 108 քմ մակերեսով տարածքների կառուցապատման իրավունքն ու այդ մակերեսներին համապատասխան հողամասի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքն անհատույց փոխանցվեց Հայաստանի Հանրապետությանը՝ որպես «Սոխոսենթր» ՍՊ ընկերության կողմից չկատարված պարտավորության հատուցում։ Հայտնում է Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը։

«Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը հաստատել է Երևան քաղաքի դատախազության և Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի վարույթում գտնվող քաղաքացիական գործով պատասխանող «Սոխոսենթր» ՍՊ ընկերության միջև կնքված հաշտության համաձայնությունը:

Հաշտության համաձայնությամբ՝ «Սոխոսենթր» ՍՊ ընկերությունն ընդունել է, որ ՀՀ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի և «Սոխոսենթր» ՍՊ ընկերության միջև 2012 թվականի դեկտեմբերի 3-ին կնքված «Գույքի օտարման և գրավի» պայմանագիրը չի բխել Կառավարության 2012 թվականի հուլիսի 26-ի՝ «Երևանի Եզնիկ Կողբացու փողոցի N 36 հասցեում «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցման ներդրումային ծրագրի մասին» N 1052-Ա որոշումից: 

Հիշեցնենք, որ քրեական վարույթով պարզվել էր, որ Երևան քաղաքի Կողբացի 36 հասցեում գտնվող՝ «Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված հողամասից 300 քմ մակերեսով տարածքը խարդախությամբ հափշտակվել էր: Մասնավորապես՝ 2012 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարությանը ներկայացվել էր 800 մլն դրամ արժողության՝ «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիր կառուցելու կեղծ ներդրումային ծրագիր և խարդախությամբ հափշտակվել «Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված՝ Երևանի Կողբացի 36 հասցեում գտնվող հողամասից առանձնացված՝ 300 քմ մակերեսով, 166 մլն 103 հազար դրամ արժողությամբ հողամասը: Նշված քրեական վարույթի շրջանակներում ՀՀ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի վերաբերյալ վարույթի մասն անջատվել և հանձնվել էր Հակակոռուպցիոն դատարան:

Հաշտության համաձայնությամբ «Սոխոսենթր» ՍՊ ընկերությունն ընդունել  է, որ չի կատարել «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիր կառուցելու պայմանը, պարտավորվել է Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում իր կողմից կառուցված համալիրի 1-ին հարկից՝ 127.8 քառակուսի մետր ներքին մակերեսով և 2-րդ հարկից՝ 108 քառակուսի մետր ներքին մակերեսով տարածքների կառուցապատման իրավունքը և այդ մակերեսներին համապատասխան հողամասի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքն անհատույց փոխանցել Հայաստանի Հանրապետությանը՝ որպես չկատարված պարտավորության հատուցում»,-նշված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter