
Կիրանցի միջադեպից հետո բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակցող երեխաներ․ ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) աշխատակազմի Տավուշի մարզային ստորաբաժանման ղեկավարն ապրիլի 26-ի ուշ երեկոյան Պաշտպանի հանձնարարությամբ այցելել է Իջևանի բժշկական կենտրոն՝ Կիրանցում տեղի ունեցած դեպքերից հետո այնտեղ տեղափոխված անձանց տեսակցելու և նրանց առողջական վիճակին տեղում ծանոթանալու նպատակով: Այս մասին հայտնում է ՄԻՊ աշխատակազմը։
«Նրանց հետ տեղի են ունեցել առանձնազրույցներ: Բուժկենտրոնում գտնվող անձինք Պաշտպանի ներկայացուցչին ներկայացրել են մանրամասներ:
Այցի արդյունքում արձանագրվել է, որ բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակցող երեխաներ:
Մարդու իրավունքների պաշտպանը մտահոգիչ է համարում ինչպես երեխաների մասնակցությամբ համանման դեպքերի առկայությունը, այնպես էլ հավաքներին երեխաների մասնակցության այնպիսի ձևաչափի կիրառումը, որը չի բխում երեխայի լավագույն շահից:
Մարդու իրավունքների պաշտպանը խիստ կարևորում է երեխաների` հավաքներին ազատորեն մասնակցելու իրավունքի իրացման ընթացքում պետական իրավասու մարմինների, հավաքների կազմակերպիչների, հավաքների մասնակիցների, զանգվածային լրատվության միջոցների և այլ դերակատարների կողմից երեխայի իրավունքների, այդ թվում` ցանկացած տեսակի բռնությունից զերծ լինելու, կրթության և այլ իրավունքների ապահովումը, ինչպես նաև երեխայի լավագույն շահը առանցքային դիտարկելու անհրաժեշտությունը:
Հավելենք, որ ՄԻՊ աշխատակազմը, այդ թվում՝ Տավուշի մարզային ստորաբաժանումը, աշխատում է արտակարգ ռեժիմով»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ ըստ ոստիկանությունից ստացված հաղորդման՝ 2024թ․ ապրիլի 26-ին՝ ժամը 21։00-ին, Իջևան համայնքի Կիրանց բնակավայրի սկզբնամասում մի խումբ անձինք, փակելով ճանապարհը, չեն ենթարկվել այն բացելու ոստիկանության ծառայողների օրինական պահանջին: Սկսվել է իրարանցում, որի ընթացքում տարածքում լսվել են պայթյունի ձայներ, այրվել են անվադողեր:
Քննչական կոմիտեն հաղորդել էր, որ քննություն է կատարվում՝ պարզելու Տավուշի մարզի Կիրանց բնակավայրում ապրիլի 26-ին տեղի ունեցած միջադեպի հանգամանքները։ Կոմիտեի փոխանցմամբ՝ 2 ոստիկան և 3 քաղաքացիական անձ է տեղափոխվել «Իջևան» բժշկական կենտրոն։
Մեկնաբանել