
Ապահովագրական շուկայի շահույթը 33%-ով կրճատվել է 2023-ին
Ապահովագրական շուկայի շահույթը 2023 թվականին 33%-ով նվազել է։ Ընկերությունների կողմից հաճախորդներին հատուցումներն ավելի արագ են աճել, քան հավաքագրած ապահովագրավճարները։
«Հետք»-ն ուսումնասիրել է յոթ ապահովագրական ընկերությունների միջանկյալ ֆինանսական հաշվետվություններն ու շուկայի պաշտոնական վիճակագրական տվյալները։
Շահույթը կրճատվել է 33%-ով
Հայաստանում գործող յոթ ապահովագրական ընկերությունները միասին 2023 թվականին մոտ 2.6 մլրդ դրամի զուտ շահույթ են գրանցել։ Նախորդ տարվա համեմատ այն նվազել է մոտ 1.3 մլրդ դրամով կամ 33%-ով։
Ընկերություններից միայն մեկն է տարին վնասով փակել։ Խոսքը «Էֆես» ապահովագրական ՓԲԸ-ի մասին է, որը հիմնադրվել է 2023 թվականի հուլիսին։
Միևնույն ժամանակ, ընկերություններից չորսի շահույթը կրճատվել է նախորդ տարվա համեմատ։
Այսպես, շահույթով առաջատարը «Արմենիա ինշուրանս» ԱՓԲԸ-ն է։ 2023 թվականին ընկերությունը 765 մլն դրամի շահույթ է գրանցել, որը մոտ նախորդ տարվա համեմատ մոտ 37%-ով աճել է։
Հաջորդում է «Նաիրի ինշուրանս» ԱՓԲԸ-ն է, որը 2023 թվականին գրանցել է 653 մլն դրամի շահույթ։ Նախորդ տարվա համեմատ այն նվազել է 51%-ով։
Հաջորդում է «Ինգո Արմենիա» ԱՓԲԸ-ն՝ 621 մլն դրամի շահույթով, որը կրճատվել է 34%-ով։
«Լիգա ինշուրանս» ԱՓԲԸ-ն (նախկինում՝ «Ռոսգոսստրախ») 379 մլն դրամի շահույթ է ստացել, անկումը՝ 45%:
«Ռեգո ինշուրանս» ԱՓԲԸ-ն 319 մլն դրամի շահույթ է ստացել։ «Ռեգո»-ի շահույթը աճել է 75%-ով։
Ապահովագրավճարները 18%-ով աճել են. լայն թափ են հավաքում առողջապահության և գույքի ապահովագրությունը
Վիճակագրական կոմիտեի տվյալներով (ՀՀ ՎԿ)՝ 2023 թվականի ընթացքում Հայաստանի յոթ ապահովագրական ընկերությունները միասին հաճախորդներից հավաքագրել են շուրջ 73 մլրդ դրամի ապահովագրավճարներ։ Նախորդ տարվա համեմատ այն աճել է մոտ 18%-ով կամ 11 մլրդ դրամով։ Աճն հիմնականում ապահովվել է գույքի և անձնական ապահովագրության հաշվին։
Ապահովագրավճարների կազմում ամենամեծ կշիռը շարունակում է զբաղեցնել ԱՊՊԱ-ն (ցամաքային ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն): 2023-ի ընթացքում ԱՊՊԱ-ի գծով ապահովագրավճարները կազմել են շուրջ 27 մլրդ դրամ կամ համախառն ապահովագրավճարների 37%-ը։ ԱՊՊԱ-ի գծով ապահովագրավճարների էական աճ չի գրանցվել 2023-ին՝ մոտ 3%։
Հիշեցնենք, որ 2023թ․ ապրիլից Հայաստանում ԱՊՊԱ սակագները ազատականացվել են։ Այսինքն՝ նույն ավտոմեքենայի ապահովագրության համար ապահովագրական ընկերությունները տարբեր գներ են առաջարկում՝ նախկինում գործող մեկ միասնական գնի փոխարեն։ Այժմ գինը կախված է յուրաքանչյուր ընկերության կողմից մշակված ապահովագրավճարի հաշվարկման մեթոդաբանությունից։
Տեսանելի է անձնական ապահովագրության գծով աճը՝ 19%, որի ներքո պետք է հիմնականում նկատի ունենալ առողջապահության ապահովագրությունը։ Այդ գծով վճարները կազմել են մոտ 25 մլրդ դրամ և այս տեմպերի դեպքում չի բացառվում, որ կարճ ժամանակ անց առողջապահության ապահովագրության կշիռը կհավասարվի ԱՊՊԱ-ին։
Մեծ տեմպով աճում է նաև գույքի ապահովագրությունը։ Ենթադրաբար, այստեղ էական դեր ունի հիփոթեքային շուկան։ Հիփոթեքային վարկերի պարագայում անշարժ գույքը ապահովագրվում է։ 2023-ի տվյալները գույքի ապահովագրության գծով հավաքագրվել է մոտ 17 մլրդ դրամ, որը 49%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։
Ապահովագրության մյուս տեսակները դեռևս էական կշիռ դեր չունեն շուկայում և տեսանելի ազդեցություն չեն թողնում։
Հատուցումներն աճել են 28%-ով
2023 թվականի ապահովագրական յոթ ապահովագրական ընկերությունները հաճախորդներին հատուցել են, ընդհանուր առմամբ, մոտ 37 մլրդ դրամ։ Այս ցուցանիշը նախորդ տարվա համեմատ աճել է 28%-ով։
Ինչպես երևում է վերևում գտնվող երկրորդ ինֆոգրաֆիկայում, հատուցումների կազմում ևս գերակշռում են գույքի և անձնական (հիմնականում՝ առողջապահության) ապահովագրության դասերով հատուցումները։
ԱՊՊԱ-ի գծով հատուցումները մեկ տարում աճել են 17%-ով, իսկ անձնական ապահովագրության գծով՝ 26%-ով։
Գույքի ապահովագրության գծով հատուցումները թեև զիջում են վերը նշված երկու դասերին, սակայն նախորդ տարի այս գծով հատուցումների 88% աճ է գրանցվել։
Հիշեցնենք, որ 2022 թվականը ապահովագրական ընկերությունները շահույթի շեշտակի աճով էին փակել։ Հաճախորդներից հավաքագրված ապահովագրավճարները շատ ավելի արագ էին աճել, քան նրանց հատուցումները։
Մեկնաբանել