
Ինքնասպանության դիմածների մեծամասնությունը 30-60 տարեկան է և գործազուրկ
2023թ․ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելու դեպքերն աճել են 84-ով կամ 28.7%-ով։ 2023թ․ 377 դեպք է գրանցվել, իսկ 2022թ․-ին՝ 293: Գլխավոր դատախազության 2023թ․ գործունեության մասին հաղորդման համաձայն՝ նշված ցուցանիշը շարունակաբար վատթարացման միտում ունի։ 2022թ․ նույնպես արձանագրվել էր այդ ցուցանիշի աճ 175-ով կամ 60.3%-ով:
Հաշվետու ժամանակահատվածում միայն ինքնասպանությունների թիվը կազմել է 198՝ 2022թ․ 188-ի դիմաց: 2023թ. միայն ինքնասպանությունների թիվն աճել է 10-ով կամ 5.3%-ով:
Ըստ Գլխավոր դատախազության՝ 2023թ. ինքնասպանության դիմած քաղաքացիների գերակշիռ մասը՝ 60%-ը, 30-60 տարեկան են, 24%-ը՝ 65-ից բարձր: 5.2% է կազմում մինչև 17 տարեկանների թիվը, իսկ 18-29 տարեկանները՝ 14%:
Համեմատության համար նշենք, որ նույն համամասնությունն է եղել նաև 2022թ․-ին: Մասնավորապես՝ ինքնասպան եղած քաղաքացիների 45%-ը եղել են 30-60 տարեկանները, 30%-ը՝ 65 տարեկաններից բարձրերը:
2023թ․-ին ինքնասպանությունների կազմում 14-ից ցածր տարիքի երեխա չի եղել, իսկ 2022թ.-ին՝ 1 երեխա:
Պարզվում է, որ 2023թ. ինքնասպան եղած քաղաքացիների 49%-ը գործազուրկ են եղել, 23%-ը՝ թոշակառու, 8%-ը ունեցել է զբաղվածություն, 5%-ը եղել է դպրոցական, 1-ական տոկոս են կազմել զինվորականներն ու ուսանողները, իսկ 13%-ը՝ այլ:
«Հաշվի առնելով խնդրի կարևորությունը՝ 2024 թվականի ընթացքում Դատախազությունում նախատեսվում է ուսումնասիրել ինքնասպանությունների դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթներով մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության և մեղադրանքի պաշտպանության վիճակը»,- նշված է Դատախազության հաղորդման մեջ:
Մեկնաբանել