HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փաշինյանն ընդունել է ԵՄ խորհրդի Քաղաքական և անվտանգային հարցերով հանձնաժողովի անդամներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության խորհրդի Քաղաքական և անվտանգային հարցերով հանձնաժողովի անդամներին՝ նախագահ Դելֆին Պրոնկի գլխավորությամբ: Այս մասին հայտնում է Կառավարության մամուլի ծառայությունը։

«Վարչապետը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և կարևորել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության հետևողական զարգացումը և այդ համատեքստում ընդգծել ապրիլի 5-ին Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի համատեղ հանդիպման փաստը: Նիկոլ Փաշինյանը շեշտել է ԵՄ օժանդակության կարևորությունը մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ իրականացման գործում՝ ընդգծելով, որ ժողովրդավարության հետևողական զարգացումը ՀՀ կառավարության համար ունի ռազմավարական նշանակություն:

Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր: Վարչապետ Փաշինյանն ընդգծել է 2022 թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում, 2023թ. մայիսի 14-ին և հուլիսի 15-ին Բրյուսելում, 2023 թ. հոկտեմբերի 5-ին Գրանադայում տեղի ունեցած հանդիպումների արդյունքում ձեռքբերված պայմանավորվածությունների ի կատար ածման կարևորությունը: Համաձայն որի՝ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանական Հանրապետությունը 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը:

ՀՀ վարչապետը վերահաստատել է ՀՀ կառավարության հավատարմությունը նշված պայմանավորվածություններին և ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ հավելելով, որ Հայաստանի դիրքորոշումը լիարժեք արտահայտված է վերոնշյալ նախագծում: Տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման գործում կարևորվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության դերը:

Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների հումանիտար խնդիրներին: Կարևորվել է միջազգային հանրության հետևողական աջակցությունը՝ տեղահանվածների սոցիալ-տնտեսական խնդիրները հաղթահարելու նպատակով»,-նշված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter