
Անկանոն կրակի հետևանքով վնասվել է Տեղ գյուղի տներից մեկի պատուհանը. ՆԳՆ
Ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ ապրիլի 7-ին՝ ժամը 00.30-ից 1.00 ընկած ժամանակահատվածում, Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում ադրբեջանական կողմից փոքր տրամաչափի զինատեսակներից արձակված անկանոն և ոչ նպատակային կրակի հետևանքով վնասվել է նույն գյուղի տներից մեկի պատուհանը։
«Տան բնակիչը վնասվածք չի ստացել։ Կրակոցների պատճառով Տեղ գյուղի բնակիչներին այլ վնասներ չեն հասցվել։
ՆԳՆ ոստիկանությունը ձեռնարկում է օրենքով նախատեսված գործողություններ, ինչից հետո փաստաթղթերը կներկայացվեն Քննչական կոմիտե»,- ասված է ՆԳՆ հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարարությունն առավոտյան հաղոդրագրություն էր տարածել, ըստ որի՝ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներն ապրիլի 6-7-ը՝ ժամը 22։45-00։25-ն ընկած ժամանակահատվածում, Խոզնավարի (Սյունիքի մարզ), ժամը 22։45-00։48-ը Արավուսի (Սյունիքի մարզ), ապրիլի 7-ին՝ ժամը 02։20-ին, Սոթքի (Գեղարքունիքի մարզ) հատվածում հրաձգային զենքից կրակ են բացել ՀՀ ԶՈՒ դիրքերի ուղղությամբ։
Մեկնաբանել