
Ադրբեջանի գործողությունները կոպտորեն ոտնահարում են միջազգային իրավունքի սկզբունքները․ ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ապրիլի 6-ին ահազանգեր են ստացվել Տավուշի մարզի Մովսես, Չինարի, Այգեպար և Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրերի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից կրակոցներ արձակելու առնչությամբ։ Այս մասին հայտնում է ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժինը։
«Պաշտպանի աշխատակազմը մշտադիտարկում և փաստերի հավաքագրում է իրականացնում։ Այս պահին ստացված տեղեկությունների համաձայն՝ ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված կրակի հետևանքով վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ` տներ, գերեզմանաքարեր, քաղաքացիական մեքենա:
Ավելի վաղ այս մասին հայտնել էր Ներքին գործերի նախարարությունը։
ՀՀ գյուղերի անմիջական հարևանությամբ ադրբեջանական զինված ուժերի կրակոցները կրում են նաև խաղաղ բնակչությանն ահաբեկելու, մշտապես սթրեսային և տագնապային վիճակում պահելու նպատակ։
Պաշտպանն ընդգծում է, որ այդ գործողությունները կոպտորեն ոտնահարում են միջազգային իրավունքի սկզբունքները, իրական վտանգ են ներկայացնում քաղաքացիական բնաչության կյանքի իրավունքի և անվտանգության, ինչպես նաև մյուս հիմնարար իրավունքների ապահովման տեսանկյունից»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ առավոտյան ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Ադրբեջանը ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը կրակ է բացել Սոթքի (Գեղարքունիքի մարզ), Վերին Շորժայի (Գեղարքունիքի մարզ), Կութի (Գեղարքունիքի մարզ), Արավուսի (Սյունիքի մարզ), Չինարիի (Տավուշի մարզ), Մովսեսի (Տավուշի մարզ) հայկական դիրքերի ուղղությամբ։
Մեկնաբանել