
ՊՆ-ի նախկին գույքը կվաճառվի աճուրդով
Կառավարությունը որոշել է դասական աճուրդով վաճառել Երևանի Շենգավիթ համայնքի Շիրակի փողոց 39/3 հասցեում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքը, որն ամրացված է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին։
Նախկինում այս գույքը Պաշտպանության նախարարության հաշվեկշռում էր։ Աճուրդով օտարման ենթակա գույքի մեկնարկային գին է սահմանվել գույքի գնահատված արժեքի 100 տոկոսի չափով՝ 262 100 000 ՀՀ դրամ։
Աճուրդին մասնակցելու նախավճարը սահմանվել է գույքի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով՝ 13 105 000 ՀՀ դրամ, որը աճուրդի հաղթող մասնակցի համար համարվում է գույքի վաճառքի գնի մաս և գնորդի կողմից հետագա վճարումները կատարելուց հրաժարվելու դեպքում վերադարձման ենթակա չէ ու փոխանցվում է պետբյուջե։ Նախատեսվում է նաև առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով 6-ամսյա ժամկետում կազմակերպել հերթական աճուրդներ՝ առանց գույքի վաճառքի մեկնարկային գնի նվազեցման։
Գույքը ներառում է 2571.32 քառ. մետր մակերեսով շենք-շինություններ, ինչպես նաև՝ դրանց զբաղեցրած, օգտագործման և սպասարկման համար հատկացված 0.84536 հեկտար մակերեսով հողամասը:
«Կառավարության 15.04.2022թ. թիվ 496-Ա որոշմամբ սահմանվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարությանն ամրացված 71 անվանում անշարժ գույքը, այդ թվում օտարման առաջարկվող գույքը, պետք է վերցվի նախարարությունից և ամրացվի Կոմիտեին, որն էլ յուրաքանչյուր անվանում գույքի օտարման կամ այլ նպատակով տնօրինելու վերաբերյալ պետք է Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնի համապատասխան առաջարկություն։ Նախագծի ընդունումը բխում է նշված որոշման պահանջներից։
Պաշտպանության նախարարության և Կոմիտեի միջև իրականացվել է Գույքի հանձնում-ընդունում և, հաշվի առնելով, որ սեփականության իրավունքների պետական գրանցման վկայականի համաձայն հողամասը հանդիսացել է հատուկ նշանակության՝ Կոմիտեի կողմից ձեռնարկվել է հողամասի նպատակային նշանակության փոփոխման գործընթաց, որի արդյունքում իրականացվել է իրավունքի պետական գրանցում (վերագրանվում) և տրամադրվել է նոր վկայական հողամասի նպատակային նշանակության փոփոխմամբ։
2023 թվականի դեկտեմբերի 7-ի դրությամբ Գույքի գնահատված շուկայական արժեքը կազմում է 262 100 000 ՀՀ դրամ»,- ասված է որոշման հիմնավորման մեջ։
Գնորդը պարտավոր է վճարել նաև Գույքի արժեքի որոշման ծառայությունների վճարը՝ 928 560 դրամ գումարը (ներառյալ՝ ԱԱՀ), որը ենթակա է վճարման աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրելու օրվանից 10 օրվա ընթացքում՝ գնահատողի համապատասխան հաշվին ու չի ներառվում աճուրդի արդյունքում Գնորդի առաջարկած գնի մեջ։
Կառավարության 18.08.2021թ. թիվ 1363-Ա որոշմամբ սահմանվել է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագիրը, որի 6.7 կետով հաստատվել է «Պետական գույքի արդյունավետ կառավարում» բաժինը։ Ծրագրի համաձայն սահմանվել է գույքի արդյունավետության և գրավչության բարձրացմանը, միասնական բազայի հաշվառմանը, բնակչության սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանն ուղղված մի շարք կատարման ենթակա միջոցառումներ։
«Շենգավիթ, Շիրակի փողոց 39/3 հասցեում գտնվող 2571.32 քառ. մետր մակերեսով անշարժ գույքի օտարումը բխում է Կառավարության 2021-2026թթ. ծրագրի պահանջներից։ «Պետական գույքն օտարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում նախատեսվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե ապահովել լրացուցիչ դրամական մուտքեր»,- նշված է որոշման հիմնավորման մեջ։
Մեկնաբանել