
Բագրատունյաց 7 հասցեի Հայ Փոստի բաժանմունքում ավազակության փորձ է եղել
ՀՀ ՆԳՆ ոստիկանություն հաղորդում է ստացվել այն մասին, որ 2024թ․ ապրիլի 3-ին անհայտ անձը դիմակավորված և զինված մուտք է գործել Բագրատունյաց 7 հասցեի (Հայ Փոստ 0039) փոստային բաժանմունք և գումար պահանջել: Այս մասին հաղորդում է քննչական կոմիտեն։
Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 44-252-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 335-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, հայտնաբերվել, առգրավվել և զննվել են տարածքը տեսաձայնագրող սարքերի՝ դեպքին վերաբերելի ժամանակահատվածի տեսաձայնագրությունները։ Հարցաքննվել են «Հայ Փոստ» ՓԲԸ բաժանմունքի աշխատակիցները և դեպքին առնչություն ունեցող մեկ տասնյակից ավելի անձինք։
Ստացված փաստական տվյալներով պարզվել է, որ ապրիլի 3-ին՝ ժամը 09։10-ի սահմաններում, 25-ից 30 տարեկան տղամարդը, կրելով գլխարկ, արևային ակնոց, բժշկական դիմակ և ձեռնոցներ, մուտք է գործել Երևան քաղաքի Բագրատունյաց 7 հասցեում գտնվող՝ «Հայ Փոստ» ՓԲԸ-ի «0039» բաժանմունք։ Լիցքավորելով խլացուցիչով ատրճանակը՝ այն պահել է բաժանմունքի աշխատակիցների վրա և, պոլիէթիլենային տոպրակը նետելով սեղանի վրա՝ պահանջել է գումար՝ սպառնալով չտալու դեպքում կրակել: Աշխատակիցներից տեղեկանալով, որ դրամարկղում գումար չկա, նա հեռացել է՝ ավարտին չհասցնելով իր հանցավոր մտադրությունը։
Կատարված քննչական և օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ստացվել են տվյալներ առերևույթ հացնագործություն կատարած անձի տեղաշարժի վերաբերյալ։ Հայտնաբերվել են քննության համար հետաքրքրություն ներկայացնող իրեր: Նշանակվել է փորձաքննություն։
Նախաքննությունը շարունակվում է:
Մեկնաբանել