
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում արգելափակվել է
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Ավետ Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում արգելափակվել է։
««Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» «ՀՀՌՑ» ՓԲԸ-ն, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև զանգվածային հեռահաղորդակցության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրի 5-րդ և 6-րդ հոդվածների՝ Հեռոստատեսության և ռադիոյի հանձնաժողովի «ՀՌՀ» կողմից վերջին շրջանում արձանագրված շարունակական խախտումների փաստը, արգելափակել է հանրային մուլտիպլեքսով սփռվող «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում»,- ասված է գրառման մեջ:
Հիշեցնենք, որ այսպիսի նախադեպ եղել է 2023թ․ դեկտեմբերի 20-ին, երբ ՀՌՀ որոշմամբ կասեցվեց «Տոսպա» Ռադիոընկերության խմբագրություն ՓԲ ընկերության լիցենզիայի գործողությունը՝ 30 օր ժամկետով։
«Ընկերության կողմից հեռարձակվող «Սպուտնիկ Արմենիա» լսողական ծրագրի «Ուրբաթը Տիգրան Քեոսայանի հետ» հաղորդման 2023 թվականի նոյեմբերի 17-ի եթերի ընթացքում հաղորդման հեղինակն ու վարողը ծաղրական և նսեմացուցիչ ձևակերպումներով է անդրադարձել Հայաստանի Հանրապետությանն ու ժողովրդին, տալով գնահատականներ, որի բարոյական իրավունքն օտարերկրյա քաղաքացի հանդիսացող քաղաքական մեկնաբանն ու հաղորդավարը չունի: Արձանագրվել է նաև, որ հաղորդման ընթացքում հնչեցվել են օրենսդրությամբ արգելված արարքների կոչերի տարածում»,- ասված էր որոշման մեջ:
Կարդացեք նաև՝
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել