
Ազգային-ժողովրդավարական Բևեռը հերքում է իրենց տարածքում ՔԿ-ի խուզարկության մասին լուրը
Ազգային-ժողովրդավարական Բևեռի մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել Քննչական կոմիտեի հաղորդագրության վերաբերյալ՝ ըստ որի խուզարկություն է իրականացվել Ազգային-ժողովրդավարական Բևեռի գրասենյակ ծառայող տարածքում։ Այն ներկայացնում ենք ստորև․
«Սույն թվականի մարտի 26-ին Քննչական կոմիտեն հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ խուզարկություն է իրականացվել Ազգային-ժողովրդավարական Բևեռ կազմակերպության գրասենյակ ծառայող տարածքում, որի արդյունքում հայտնաբերվել են 2 մարտական նռնակ և քննության համար հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ փաստաթղթեր և առարկաներ։
Այս տեղեկատվությունը տարածվել է նաև հայաստանյան ԶԼՄ-ներում (հիմնականում իշխանական):
Լիազորված ենք պարզաբանում տալ, որ Ազգային-ժողովրդավարական Բևեռի գրասենյակ ծառայող որևէ տարածքում խուզարկություն չի արվել, ուստի որևէ զենք-զինամթերք և քննության համար հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ փաստաթղթեր ու առարկաներ չէին կարող հայտնաբերվել։
Այս ապատեղեկատվությունը հերյուրանք է, որը նպատակ է հետապնդում Հայաստանի համար ճակատագրական իրադարձություններից առաջ քաղաքական ասպարեզից հեռացնելու Ազգային-ժողովրդավարական Բևեռին՝ քաղաքական ուժին հրեշացնելու ճանապարհով»,- ասված է հայտարարության մեջ։
Լուսանկարը՝ Ազգային-ժողովրդավարական Բևեռի ֆեյսբուքյան էջից
Մեկնաբանել