
«Մարտական Եղբայրությունը» հայտնում է՝ որևէ առնչություն չունեն ոստիկանական բաժին ներխուժման և կատարված պայթյունի հետ
«Մարտական Եղբայրություն» միությունը հայտնում է, որ որևէ առնչություն չունեն Նոր նորքի ոստիկանական բաժանմունքում կատարված պայթյունի հետ։ Միության անդամ Հրանտ Տեր-Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Լկտի անբարոյական սուտ է, որ «Մարտական Եղբայրությունը» որևէ կապ ունի Երևանում պայթյունների հետ։ Որևէ նման գործողություն արմատապես հակասում է մեր արժեհամակարգին։ Մեր բոլոր անդամներն այս պահին ազատության մեջ են»։
Հիշեցնենք՝ այսօր վաղ առավոտ 49 անձինք՝ «Մարտական Եղբայրություն» միության անդամները և աջակիցները, ձերբակալվել էին ապօրինի զենք-զինամթերք կրելու և պահելու կասկածանքով։ Թեև ոստիկանությունը ձերբակալման հիմքում դրել էր ապօրինի զենք-զինամթերք կրելը և պահելը, «Մարտական Եղբայրություն» միությունը պնդում էր, որ հիմնական պատճառը միության անդամերի կողմից Վերին Ոսկեպար պլանավորած այցն է։
Այժմ ձերբակալված բոլոր 49 անձինք ազատ են արձակվել, քանի որ նրանց մոտից զենք և ռազմամթերք չի հայտնաբերվել։
Այս իրադարձություններին զուգահեռ ժամը 17։00-ի սահմաններում 3 քաղաքացի զինված փորձել էին ներխուժել ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի վարչական շենք, գործադրել էին նռնակ, ինչի հետևանքով ներխուժող անձանցից 2-ը վիրավորվել էին և տեղափոխվել բուժհաստատություն։ Ավելի ուշ վնասազերծվել էր նաև երրորդ քաղաքացին։
Գլխավոր լուսանկարը՝ «Մարտական եղբայրություն» միության ֆեյսբուքյան էջից։
Մեկնաբանել