HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀԷՑ-ի պարտատոմսերը ցուցակվելու են Հայաստանի ֆոնդային բորսայի պարտատոմսերի հիմնական (Abond) ցուցակում 

Մարտի 22-ին Հայաստանի ֆոնդային բորսայի Գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը ստորագրել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի արժեկտրոնային պարտատոմսերի ցուցակման որոշումը, համաձայն որի՝ ընկերության պարտատոմսերը մարտի 27-ից կընդգրկվեն Հայաստանի ֆոնդային բորսայի պարտատոմսերի հիմանական (Abond) ցուցակ և կթույլատրվեն դրանցով  հասցեական առևտուրը և Ռեպո գործարքների կնքումը։ Այս մասին հաղորդում են Հայաստանի ֆոնդային բորսայից։

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն ցուցակելու է 32 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր անվանական ծավալով, 100,000 ՀՀ դրամ անվանական արժեքով 320,000 պարտատոմս։ Թողարկված պարտատոմսերի արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է համապատասխանաբար 11.40%, շրջանառության ժամկետը՝ 36 ամիս: Ցուցակված պարտատոմսերի մասին կարող եք իմանալ ավելին՝ անցնելովհղումով։   

Տեղաբաշխումը իրականացվել է «Ամերիաբանկ» ՓԲԸ կողմից 2023թ դեկտեմբերի 11-ից մինչև 2024թ փետրվարի 9-ը ընկած ժամանակահատվածում։ Թողարկվել են ընդհանուր 32 մլրդ ՀՀ դրամ արժողությամբ պարտատոմսեր, որոնք ամբողջությամբ տեղաբաշխվել են։  

Նշենք, որ սա հայկական կապիտալի շուկայում կորպորատիվ պարտատոմսերի ամենախոշոր տեղաբաշխումն է`  32 միլիարդ դրամ ընդհանուր ծավալով:

Պարտատոմսերի տեղաբաշխման արդյունքում ներգրավված միջոցները  ուղղվելու են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի վարկային պարտավորությունների վերաֆինանսավորմանը, ինչպես նաև ներդրումային ծրագրի շարունակականության ապահովմանը, որն ուղղված է էլեկտրաէներգիայի կորուստների նվազեցմանը, բաշխիչ ցանցի ընդլայնմանը, գործառնական ծախսերի նվազեցմանը, սպասարկման որակի բարձրացմանը, նոր բաժանորդների միացմանը ցանցին, էլեկտրաէներգիայի հաշվառման համակարգերի արդիականացմանը:

«Այս իրադարձությունը կարևոր է 2 պատճառով առաջին, որ սա պարտատոմսերի ամենախոշոր թողարկումն է Հայաստանում, ինչը վկայում է Հայաստանի կապիտալի շուկայի կայունության և դրա հանդեպ վստահության մասին, և երկրորդ, որ սա ևս մեկ անգամ նպաստելու և օրինակ է ծառայելու այլ ընկերությունների համար, որոնք հետագայում կցանկանան թողարկում անել և ներդրումներ ներգրավել ընկերության հետագա զարգացումը ապահովելու համար։ Հուսանք, որ ներդրողների կողմից հետաքրքրությունը մեծ կլինի, և պարտատոմսերը արագ կիրացվեն: Դա կձևավորի դրական միտում Հայաստանի ֆինանսական շուկայում՝ ցույց տալով, որ ցուցակվող ընկերությունները կարող են լինել տարբեր ոլորտներից։ Սա նաև գրավիչ ազդակ է օտարերկրյա ներդրողների համար», - նշել է Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը:

«Կարծում եմ՝ այսօր պարտատոմսերը պահանջված և բարձր եկամտաբեր ֆինանսական գործիքներ են, ապահով են և ունեն մի շարք առավելություններ, ինչպես օրինակ՝ անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ, ՀՀ Ֆոնդային Բորսայում ցուցակված պարտատոմսերից ստացված եկամուտները ազատվում են եկամտային հարկից և ոչ ռեզիդենտի շահութահարկից՝ ապահովելով ավելի բարձր եկամտաբերություն: Ուրախ եմ, որ ի դեմս «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության այսօր ունենք պարտատոմսերի թողարկման ու տեղաբաշխման լավ փորձ», - նշում է ՀԷՑ Էկոնոմիկայի և ֆինանսների տնօրեն Արմեն Արշակյանը:

«Ամերիաբանկը մեր երկրում պատմականորեն իրականացրել է կորպորատիվ պարտատոմսերի խոշորագույն տեղաբաշխումները, որոնց շարքին այս տարի ավելացավ նաև ՀԷՑ-ի դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը։ Հայաստանի ֆոնդային բորսայում ՀԷՑ-ի պարտատոմսերի ցուցակումը տեղաբաշխման հաջող գործընթացի տրամաբանական շարունակությունն է: Վստահ ենք, որ ակտիվ երկրորդային շուկան էլ ավելի կբարելավի մեր երկրի ներդրումային միջավայրը»,- նշում է Ամերիաբանկի Ներդրումային բանկինգի գծով տնօրեն Առնո Մոսիկյանը:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունը զբաղվում է էլեկտրաէներգիայի բաշխմամբ և իրացմամբ: Ընկերության առաքելությունն է` նպաստել տնտեսության զարգացմանը՝ ապահովելով հուսալի, որակյալ և մատչելի էլեկտրամատակարարում։ Ընկերության ցանցերի ընդհանուր երկարությունը կազմում է 36 հազ. կմ և  սպասարկում է ավելի քան 1 մլն սպառողի: 

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ պարտատոմսերը կարող եք ձեռք բերել Հայաստանի ֆոնդային բորսայի անդամների միջնորդությամբ՝ բացելով բրոքերային հաշիվ և ներկայացնելով պարտատոմսերի ձեռք բերման հայտ։ Բորսայի անդամների ցուցակը այստեղ։

Հայաստանի ֆոնդային բորսայի մասին

Հայաստանի ֆոնդային բորսան Հայաստանում գործող արժեթղթերի կարգավորվող շուկայի միակ օպերատորն է։ AMX-ն առաջարկում է բորսայական ծառայությունների ամբողջական փաթեթ՝ ցուցակման, առևտրի, քլիրինգային և տեղեկատվական ծառայություններ,  այլընտրանքային բորսայական լուծումներ։ Բորսայական վերջնահաշվարկն իրականացնում է Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան, որի 100% բաժնետերը Հայաստանի ֆոնդային բորսան է։ AMX-ի առաքելությունն է զարգացնել կապիտալի շուկայի բորսայական ենթակառուցվածքը՝ այն դարձնելով ֆինանսավորման ակտիվ գործիք Հայաստանի տնտեսության զարգացման համար։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter