
«ՍԱՆ ՖՈՒԴ» ընկերությունը մաքսատուրքից ազատման 322.4 մլն դրամի արտոնություն է ստացել
Գործադիրը բավարարել է «ՍԱՆ ՖՈՒԴ» ՍՊԸ-ի ներկայացրած հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու վերաբերյալ: Այս մասին տեղեկանում ենք Կառավարության կայքից։
«Ընկերությունը ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել մարգարինի, սպրեդի, բուսայուղային խառնուրդների, մայոնեզի, կետչուպի, խտացրած կաթի, տոմատի մածուկի արտադրության համար։
2019թ. հիմնադրված ընկերությունն արտադրությունն իրականացնելու է Երևանում՝ իրականացնելով 2.37 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։
Ներկայում առկա է 30 աշխատատեղ՝ 400 հազ․ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակում մինչև 2027 թ.՝ նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 40-ի՝ 450 հազ․ դրամ միջին ամսական աշխատավարձով։
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 2.37 մլրդ դրամ:
Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 322.4 մլն դրամ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Լուսանկարը՝ Sunfood-ի ֆեյսբուքյան էջից
Մեկնաբանել