
Հանրապետության առանձին շրջաններում 24 ժամում թափվել է ամսական նորմայի չափ տեղում
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը տեղեկացնում է, որ հարավից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության ամբողջ տարածքում շարունակվում են դիտվել առատ տեղումներ՝ Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի լեռներում, Գեղարքունիքում, Սյունիքի լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյան տեսքով։
«Ձյան ծածկի առավելագույն բարձրությունն այս պահին Արագածի մերձգագաթային մասում կազմում է 156սմ, Ջերմուկում՝ 85սմ, Ամբերդում՝ 75սմ, Մարտունիում՝ 58սմ, մյուս լեռնային մարզերում՝ 20-50սմ։
Հանրապետության առանձին շրջաններում 24 ժամում թափվել է ամսական նորմայի չափ տեղում։
Այսօրվա դրությամբ բոլոր մարզերում տեղումների քանակը գերազանցել է ամսական նորման և հիմնականում կազմում է նորմայի 150-200, առանձին հատվածներում մինչև՝ 276 տոկոսը։
Այս պահի դրությամբ հանրապետության առանձին շրջաններում տեղումները շարունակվում են։
Մարտի 20-ի կեսօրից հետո տեղումները կարճ ժամանակով կդադարեն։
Մարտի 21-ին Միջերկրական ծովի շրջաններից մեզ է մոտենում հաջորդ ցիկլոնը, ինչի արդյունքում շրջանների մեծ մասում տեղումներ կվերսկսվեն, որոնք լեռնային մարզերում կրկին կլինեն ձյան տեսքով»,- ասված է հաղորդագրության մեջ։
Լուսանկարը՝ «Հետք», արխիվային
Մեկնաբանել