
Եվրախորհրդարանի՝ Հայաստանի հետ կապերի մասին բանաձևը Բաքուն «երկակի ստանդարտների օրինակ է համարում»
Հայաստանի հետ կապերի ամրապնդման մասին Եվրախորհրդարանի բանաձևը Ադրբեջանի նկատմամբ երկակի ստանդարտների վառ օրինակ է։ Այդ մասին նշվում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեի մեկնաբանության մեջ, որը վերջինս արել է նախօրեին Եվրախորհրդարանի ընդունած Եվրամիության և Հայաստանի միջև կապերի մասին հատուկ բանաձևի վերաբերյալ։ Այդ բանաձևով եվրոպացի պատգամավորները ԵՄ գործադիր մարմիններին կոչ են անում ամրապնդել Հայաստանի հետ ԵՄ հարաբերությունները և դիտարկել Հայաստանին ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ շնորհելու հնարավորությունը:
«Եվրախորհրդարանի 2024 թվականի մարտի 13-ի բանաձևը, լինելով անհիմն և կողմնակալ, նաև մեր երկրի նկատմամբ երկակի ստանդարտների վառ օրինակ է»,- նշել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը։
Բաքվում Եվրախորհրդարանին խորհուրդ են տվել «զբաղվել Եվրոպայում առկա ավելի լուրջ խնդիրներով՝ ռասայական խտրականությամբ, իսլամաֆոբիայով, այլատյացությամբ, ծայրահեղականությամբ և միգրանտների նկատմամբ անմարդկային վարքագծով»:
«Ընդունված բանաձևերը ոչ մի ընդհանուր բան չունեն դրանցում հայտարարվող արժեքների հետ, ինչպես նաև՝ ամբողջությամբ զրոյացնում են Եվրոպական խորհրդարանի՝ որպես ինստիտուտի դերը»,- հավելել է Հաջիզադեն:
Հիշեցնենք, որ մարտի 13-ի երեկոյան Եվրախորհրդարանը 504 կողմ, 4 դեմ, 32 ձեռնպահ ձայներով ընդունել էր Եվրամիության և Հայաստանի միջև կապերի մասին հատուկ բանաձև, որով կոչ էր արվում ամրապնդել և սերտացնել Հայաստան-ԵՄ հարաբերություններն ու ընդգծվում հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի կնքման անհրաժեշտությունը։ Բանաձևի ամենակարևոր կետն այն էր, որ ԵՄ օրենսդիր մարմինն անդրադառնում է Եվրամիությանը Հայաստանի անդամակցության թեկնածության հնարավորությանը և եվրոպական կառույցներին կոչ անում դիտարկել Հայաստանին ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ տալու հնարավորությունը։
«Եթե Հայաստանը շահագրգռված լինի ստանալ թեկնածու երկրի կարգավիճակ և շարունակի իր ժողովրդավարությունն ամրապնդող կայուն բարեփոխումների ուղին, դա կարող է հիմք հանդիսանալ ԵՄ-Հայաստան հարաբերություններում փոխակերպման փուլի համար»,- արձանագրել էր Եվրախորհրդարանը՝ ԵՄ գործադիր իշխանությանն առաջարկելով դիտարկել Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցության թեկնածուի կարգավիճակ շնորհելու հնարավորությունը:
Եվրոպացի պատգամավորները Եվրոպական հանձնաժողովին և Եվրոպական խորհրդին կոչ էին անում նաև ակտիվորեն աջակցել Հայաստան-ԵՄ համագործակցության ընդլայնմանը ոչ միայն տնտեսական ոլորտում, այլև անվտանգային և քաղաքական երկխոսության։
Եվրախորհրդարանի այս բանաձևն ունի միայն խորհրդատվական բնույթ եւ պարտադիր կատարման ենթակա չէ։
Լուսանկարը՝ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության
Մեկնաբանել