HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Արցախցիները ներգրավված չեն կարիքների հստակեցման և որոշումների կայացման ծրագրերում. Արտակ Բեգլարյան

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը օրեր առաջ ներկայացրել էր Կառավարության կողմից մշակվող՝ Արցախից տեղահանված անձանց բնակարանային ապահովման աջակցության ծրագիրը, ըստ որի՝ աջակցության չափը մեկ անձի հաշվով նախատեսվում է շուրջ 3 մլն դրամ։ Աջակցություն նախատեսվում է տրամադրել 25 հազարը գերազանցող ընտանիքների, որոնցից յուրաքանչյուրի մասով միջին աջակցության չափը կարող է կազմել 15, երբեմն՝ 18 մլն դրամ։ Կառավարությունը նախատեսում է ծրագիրն իրականացնել 5 տարվա ընթացքում: Արցախի մի շարք ՀԿ-ներ բաց նամակ են հղել ՀՀ կառավարությանը՝ ծրագրի շուրջ իրենց մտահոգություններն ու առաջարկությունները ներկայացնելով։

Արցախի նախկին պետնախարար, նախկին ՄԻՊ և ներկայիս «Արցախի ժողովրդի շահերի ու իրավունքների պաշտպանության միություն» ՀԿ նախագահ Արտակ Բեգլարյանը Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկման ժամանակ նշեց, որ ՀՀ կառավարությունը հաշվի չի առել շուկայական գները, բացի այդ հաշվի չի առնվել Արցախի ժողովրդի ներկայացուցիչների կարծիքը։

Ըստ Բեգլարյանի՝ հատկապես այս տիպի սոցիալական և բնակարանային ծրագրերի պարագայում լուրջ մտավախություններ կան, որ արտագաղթի ճանապարհն ընտրած մարդկանց թիվը կտրուկ աճելու է, եթե էական բարելավումներ չլինեն և արցախցիների առաջարկները հաշվի չառնվեն։

«Փետրվարի կեսին շուրջ 10-15 տարբեր գործիչներ հրավիրվել էին փոխվարչապետի մոտ, ընդհանուր սկզբունքները ներկայացվել են, կարող եմ ասել, որ Արցախից գրեթե բոլոր ներկաները սկզբունքորեն տարաձայնություններ են հայտնել տարբեր կետերի վերաբերյալ, նաև գումարի չափի մասով։

Իրենց կողմից հիմնավորումն այն էր, որ նախորդ տարիներին, նաև 2023թ. Կադաստրում գրանցված երկրորդային շուկայի առքուվաճառքի մեկ քառակուսի մետրի միջին գինը 200 000-ից ավելի չէ։ Իրենք հաշվարկել են, որ մեկ անձի համար 15 քառակուսի մետրը բավարար է, ստացել են 3 մլն դրամ, մենք բացատրել ենք, որ դա իրականում չի արտացոլում երկրորդային շուկայի պատկերը։ Ընդ որում, իրենք ասել են՝ բացի Երևանից, Աբովյանից, Ծաղկաձորից, Իջևանից, Դիլիջանից և Էջմիածնից, մնացած համայնքներում այս գինն է գործում»,- ասաց Արտակ Բեգլարյանը։

Նրա խոսքով՝ Կադաստրում մարդիկ գործարքներ անելիս ցածր գին են նշում հնարավոր հարկային պարտավորություններից խուսափելու համար։ Իրենք առաջարկել են Կառավարությանն ուսումնասիրել շուկան, գները նայել առցանց հարթակներում։

«Ես ինքս ուսումնասիրել եմ ոչ սահմանամերձ մարզային համայնքներում երկրորդային շուկայի միջին վիճակում գտնվող տների միջին գինը 320-500 հազ. դրամ է»,- ասում է Բեգլարյանը։

Արցախյան 32 կազմակերպություններ ձևավորել են «Արցախի ժողովրդի բնակարանային ապահովման նախաձեռնությունը» և բաց նամակ են հղել ՀՀ կառավարությանը՝ արցախցիների բնակարանային կարիքների բավարարման քննարկվող ծրագրի վերաբերյալ:

Բաց նամակում առաջարկվում է բնակելի անշարժ գույք ձեռք բերելու նպատակով յուրաքանչյուր բռնի տեղահանված անձի հատկացնել բազային 5 մլն դրամ, որը համապատասխանում է մարզային բնակավայրերի երկրորդային շուկայի միջին գներին։ Առաջարկվում է նշված գումարը հատկացնել բոլորին անվերադարձելիության սկզբունքով, ծրագիրը հնարավորինս իրականացնել արցախյան համայնքների պահպանման սկզբունքով և իրագործման ժամկետը սահմանել 2 տարի։

Արցախցիների կողմից առաջարկվող ծրագրում խոսվում է նաև Արցախ հնարավոր վերադարձի մասին, թե որքանով է դա հավանական, Արտակ Բեգլարյանը պատասխանում է՝ ռազմավարական առումով բոլորի նպատակը պետք է լինի Արցախ վերադարձը և արժանապատիվ ու անվտանգ կյանքի ապահովումն Արցախում.

«Բոլորս հասկանում ենք, որ զուտ սոցիալական ծրագրերով վերադարձ չի ապահովվում, պետք է քաղաքական դիրքորոշում և ռազմավարություն փոխվի։ Հստակ է, որ ՀՀ իշխանությունները քաղաքական առումով չեն ցանկանում որևէ պատասխանատվություն ստանձնել Արցախի ժողովրդի հավաքական վերադարձի համար։ Այդ հարցը որևէ միջազգային հարթակում կամ Ադրբեջանի հետ բանակցություններում չի քննարկվում, հարաբերությունների կարգավորման հնարավոր նախագծից դուրս է մնացել»։

Անդրադառնալով միջազգային կառույցներից տրամադրված դրամաշնորհներին, Արտակ Բեգլարյանը հայտարարեց, որ Արցախի ժողովրդի և՛ պաշտոնական, և՛ քաղաքացիական շրջանակների ներկայացուցիչները ներգրավված չեն կարիքների հստակեցման, որոշումների կայացման, հաշվետվողականության ապահովման գործընթացներում.

«Այդ պատճառով մենք տեղյակ չենք իրականում ի՞նչ գումար է գալիս, ո՞ւր է գնում, ինչպե՞ս է ծախսվում։ Շատ դեպքերում այդ գումարների բարձր տոկոսը ադմինիստրատիվ ծախսերի վրա է գնում։

Մեկ այլ խնդիր կա, որ այդ գումարները բաժանվում են, տրվում են որպես դրամաշնորհ կամ օտարերկրյա կազմակերպություններին կամ ՀՀ խոշոր կազմակերպություններին, և արցախյան կազմակերպությունները ներգրավված չեն այս գործընթացում այն դեպքում, երբ հենց շահառուները, նրանց կարիքներն իմացողը, կապեր ունեցողը արցախյան կազմակերպություններն են»։

Արցախի նախկին պետնախարարը նշում է՝ արցախյան կազմակերպությունները, Արցախի ժողովրդի ներկայացուցիչները գրեթե ամբողջապես բացառված են ամբողջ շղթայից՝ կարիքների գնահատումից մինչև դրամաշնորհների բաշխում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter