HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

Շների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար շվեյցարացին հաղորդում է ներկայացրել Հայաստանի իրավապահ մարմիններին

Շվեյցարիայի քաղաքացի Անդրեաս Գրյուտերը հաղորդում է ներկայացրել իրավապահ մարմիններին, քանի որ իր բակի շների նկատմամբ դաժան վերաբերմունք է ցուցաբերվել, ինչպես նաև գողացել են իր խնամակալության տակ գտնվող շներից մեկին։ Քննչական մարմինը թեև վարույթ նախաձեռնել է, սակայն դրա հիմքում չի դրել կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին հոդվածը։

Անդրեաս Գրյուտերը իր հայ կնոջ և մանկահասակ երեխաների հետ 2020թ․-ին ընտանիքով ժամանել է Հայաստան՝ բնակություն հաստատելով Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Նատի թաղամասում։ Նա նկատել է, որ թաղամասը լի է թափառական, թերսնված ու հիվանդություններ ունեցող շներով։ «Քանի որ ինքս էլ շուն եմ պահում և ընտանիքի հայր եմ, հասկացա, որ պետք է հոգ տանել ու բուժել թափառական շներին՝ ի շահ թաղամասի բնակիչների, երեխաների ու նաև իմ շան։ Հետևաբար՝ առաջին գործս եղավ անօթևան շներին պատվաստելը՝ դրա միջոցով նրանց բշտերից և ոջիլներից ազատելն ու նրանց սնունդով ու ջրով ապահովելը»,- ասում է նա։

Վերջինիս խոսքով՝ 2020թ․-ի հունիսից սկսած՝ 6 ամիս շարունակ, ամեն օր պարբերաբար կերակուրով և ջրով ապահովել է Նատի բնակավայրի երկրորդ և երրորդ փողոցի շներին, նրա հովանավորությամբ բնակավայրի անօթևան շները կատաղության դեմ պատվաստվել են։ Անդրեաս Գրյուտերի շնորհիվ 6 շուն այլևս սովից չի թափառում ու աղբամաններում ուտելիք փնտրում։ Մի շարք բնակիչներ նույնպես սկսել են հոգ տանել շների մասին։

Գրյուտերի խոսքով՝ 3 ընտանիք անհանդուրժողական վերաբերմունք է ցուցաբերել շների նկատմամբ՝ նրանց վրա նետելով մեծ քարեր։ 2020թ․-ին Գրյուտերի ընտանիքը բացակայել է երկրից, և շներից մեկին խնամել է հարևանը, ինչի համար Անդրեաս Գրյուտերը նրան նախապես տրամադրել էր 100 դոլարին համարժեք դրամ և սնունդ։ «Իսկ երբ ընտանիքով Հայաստան  վերադարձա 2021թ․ հունիսին, պարզեցի, որ վերոնշյալ շանը գնդակահարել է մեկ այլ հարևան»,- գրել է Գրյուտերը հանցագործության մասին հաղորդման մեջ։

2021-ին էլ բնակավայրում հայտնաբերել են նոր շան՝ արնահոսող 4 թաթերով։ Գրյուտերի ընտանիքը համապատասխան օգնություն է ցուցաբերել շանը, տարել են անասնաբույժի մոտ: «Նրա եղունգները սղոցով կտրված էին մինչև թաթի միսը։ Ինչ-որ մեկը սղոցով կտրել էր նրա եղունգները։ Թաթերն արնահոսում էին, ու նա այլևս չէր կարողանում քայլել․ ցավը շատ ուժեղ էր»,- ասում է Գրյուտերը։

Շան վրա կային բազմաթիվ հետքեր: Անասնաբույժը նրան ասել է, որ շանը պարաններով կապել են ու կլորավուն սղոցով կտրել թաթերի եղունգները՝ վնասելով թաթերը, կոտրելով ազդրն ու աջ կողը։

«Մեզ տանջում էր այն միտքը, թե ինչպես կարելի է այսքան դաժան վարվել կենդանիների նկատմամբ։ Մենք ունեինք կասկածներ, որ այս ամենը կարող է լինել մեր հարևաններից մեկի՝ Գ․Դ․-ի (անվան և ազգանվան տառերը փոխված են) ձեռքի գործը, սակայն փաստեր չունեինք։ Այդուհանդերձ արդեն մյուս տարի տեղի ունեցածը հաստատեց այդ կասկածը»,- նշում  է նա։

2022թ․ օգոստոսին բակի շներից մեկը իջել է այդ հարևանի նկուղ, որը դեպի փողոց է բացվում։ Այդ հարևանը զբաղվում է իր նկուղում շաուրմայի համար նախատեսված մսեր շամփուրի վրա շարելով, դրանք ծխեցնելով։ Հարևանը շան վրա փակել է նկուղի դուռը, և երեք օր շարունակ շունը ոչ մի տեղ չի երևացել։ «Անգամ ամենօրյա կերակուր ստանալու ժամերին նա չկար, իսկ մնացած շների անհանգստությունից պարզ էր դառնում, որ մի բան այն չէ, քանի որ նրանք անընդհատ մոտենում էին նկուղին»,- նշում է Գրյուտերը։

3 օր անց գիշերը՝ 02։00-ին, շունը հայտնվել է Գրյուտերի տան առաջ, սկսել նվվալ և ոռնալ, քանի որ բոլոր թաթերը թաթախված են եղել արյան մեջ։ «Արագ ջուր և սնունդ բերեցի նրա համար, նա ինքը մոտեցավ, քանի որ շատ ծարավ էր։ Նա 4 լիտր ջուր խմեց, ապա պառկեց կողքի վրա ու սկսեց ուժեղ նվնվալ։ Նույնիսկ ձեռքից ուտելիք չէր ընդունում։ Նրա թաթերը ողբալի վիճակում էին․ կարելի էր տեսնել սղոցի հետքերը, որ մինչև ոսկրերը կտրել էին եղունգները, իսկ թաթի միսը գրեթե ընկնում էր թաթերից»,- գրել է քաղաքացին իր հաղորդման մեջ։

Նրա խոսքով՝ շունը նույն վիճակում է եղել, ինչ նախկին շունն անցյալ տարի, սակայն այս անգամ եղունգներն ավելի խորն են կտրված եղել ու ոսկրերը խիստ վնասված։ «Մենք՝ հուսալքված ու արցունքներով լի, ստիպված էինք շանը էվթանազիայի ենթարկելու որոշում ընդունել, քանի որ այնքան էր վնասված, նրա ապրելու համար անհրաժետ էր լինելու բոլոր ոտքերն անդամահատել։ Անասնաբույժը ստիպված եղավ 1․5 կգ նյութ ներարկել, որպեսզի ազդի շան վրա․ մահանալու ընթացքը տևեց 2 ժամ»,- գրել է Անդրեաս Գրյուտերը իր հաղորդման մեջ։

Նա հանցագործության մասին իր հաղորդման մեջ հիշատակել է նաև փաստ, որ հարևաններից մեկը այդ հարևանին, ում կասկածում են շների հանդեպ դաժան վերաբերմունք ցուցաբերելու մեջ, նկատել է գիշերը դրսում հրացանով զինված և գիշերային տեսողության սարքով։ Բացի այդ, հաղորդման մեջ նշված է, որ այդ հարևանը բազմիցս  ավտոմեքենան, բարձր արագությամբ, դիտավորությամբ վարել է շների ուղղությամբ։

Անդրեաս Գրյուտերը գրել էր ևս մեկ դեպքի մասին, որ իր խնամակալության տակ գտնվող շանը, ում համար արդեն ապաստան էր գտել Շվեյցարիայում, թռիչքից 5 օր առաջ գողացել են։

Քննչական կոմիտեն այս հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնել, սակայն միայն 2 հոդվածներով՝ գողության և ապօրինի հրազեն կրելու դեպքերով։ Անդրեաս Գրյուտերի փաստաբան Արտաշես Հովհաննիսյանն իր զարմանքն է արտահայտում քննչական մարմնի այս գործելաոճի նկատմամբ։ Ըստ նրա՝ հաղորդումն ամբողջությամբ կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին է, սակայն իրավապահ մարմինը դրան անդրադարձ չի կատարել։

Արտաշես Հովհաննիսյանը բողոք է ներկայացրել դատարան՝ Քննչական կոմիտեի այս գործողության դեմ։ Դատարանը բավարարել է բողոքը՝ պարտավորեցնելով քննչական մարմնին նախաձեռնված վարույթի հիմքում դնել նաև կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին հոդվածը՝ 307-ը։

Սակայն քննչական մարմինը վերաքննիչ բողոք է ներկայացրել։ Բողոքը ներկայացնող դատախազը պատճառաբանել է, որ քաղաքացու ներկայացրած հաղորդմամբ որևէ տվյալ չկա կենդանու կյանքի ընդհատման համար՝ խեղելու, կախելու, մասնատելու, թունավորելու կամ տառապանք պատճառելով մահվան հանգեցնող նյութ ներարկելու մասին, ողջ վիճակում կենդանու մաշկազերծման, անդամահատման, կենդանիների մարտի կազմակերպման կամ իրականացման կամ անտուն կենդանու այնպիսի հավաքի կամ բռնման մասին, որը հանգեցնում է կենդանու խեղմանը կամ կենդանու կյանքի ընդհատմանը, ինչպես նաև կենդանուն սահմանված կարգի խախտմամբ գիտահետազոտական, բժշկական կամ փորձարարական նպատակով օգտագործելու մասին։

Սակայն Արտաշես Հովհաննիսյանը պնդում է՝ օրենքը սպառիչ չի սահմանում դաժան վերաբերմունքի դրսևորման բոլոր ձևերը, ինչը միանգամայն տրամաբանական է, քանի որ սադիզմի դրևսորման բոլոր հնարավոր ձևերը թվարկել առհասարակ հնարավոր չէ, այդ պատճառով օրենքում նշված է «այլ դաժան վերաբերմունք» ձևակերպումը։

Բողոքը ներկայացրած դատախազն էլ նշել է, որ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի հանցակազմի մեջ այլևս  նախատեսված չեն այնպիսի արարքներ, ինչպիսիք են ուժեղ հարվածելը, մտրակելը և այլն։ «Իսկ նշված հաղորդմամբ առկա է ենթադրության մակարդակում որոշ տեղեկություններ կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին, սակայն հարկ է փաստել, որ հոդվածում նշված այլ դաժան վերաբերմունքը պետք է ընդհանրություններ ունենանա նախորդիվ թվարկված դրսևորումների հետ, այնինչ նշված հաղորդմամբ չկա որևէ տվյալ՝ կենդանու նկատմամբ այնպիսի դաժան վերաբերմունքի մասին, որը նմանատիպ կլիներ թվարկված դրսևորումներին»,- նշել է դատախազը։ Նա միևնույն ժամանակ հայտնել է, որ նախաձեռնվել է քրեական վարույթ և կատարվող քննության արդյունքում եթե բավարար տվյալներ առկա լինեն դաժան վերաբերմունքի մասին, նոր քրեական վարույթ կնախաձեռնվի։

Արտաշես Հովհաննիսյանն ընդգծում է՝ Անդրեաս Գրյուտերը նշել էր, որ իր հարևաններից մեկի հետ խոսակցության ժամանակ լսել է, թե ինչպես է նա ասել, որ հարևանին, ում կասկածում են դաժան վերաբերմունք ցուցաբերելու մեջ, տեսել է գիշերը հրացանով և գիշերային տեսողության սարքով զբոսնելիս։ «Որևէ տեղեկություն, որ այս անձը պահում է ապօրինի հրազեն չի նշվել և ոչ էլ պահանջ է ներկայացվել ստուգելու այդ հանգամանքը։ Այդուհանդերձ քննիչը այս մեկ նախադասությունը չի համարել վերացական բնույթի տեղեկություն, իսկ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին վկայող ծավալուն և փաստարկված տվյալները դիտել են որպես վերացական և ոչ բավարար»,- ասում է փաստաբան Արտաշես Հովհաննիսյանը։

Նշենք, որ դատախազի ներկայացրած վերաքննիչ բողոքի վերաբերյալ դատարանը դեռ որոշում չի կայացրել։

Լուսանկարները՝ Անդրեաս Գրյուտերի անձնական արխիվից

Մեկնաբանություններ (1)

Աշոտ
Ես միայն ողջունում եմ Անդրեասի Արարատ, գտնվելով,որ ինքը ճիշտ վերաբերմունքը է ցուցադրում թափառող շների հանդեպ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter