HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Մակիյան

Կոմիտասի անվան լարային քառյակը․ մեկդարյա պատմություն

Հայաստանում այժմ գործում են տարբեր լարային քառյակներ։ Նրանք նվագում են դասականից մինչև փորձարարական ու ժամանակակից երաժշտություն։ Կան նաև քառյակներ, որոնք մասնագիտացել են հանրամատչելի երաժշտության, միջոցառումներին նվագելու պետվերներ ընդունելու գործում։

Այս բոլոր քառյակները, իրենց տարբերություններով հանդերձ, ունեն ընդհանուր մի բան։ Ինչպես քառյակի կազմում կա չորս երաժիշտ՝ երկու ջութակ, ալտ, թավջութակ, այնպես էլ հայ երաժիշտներից կազմված քառյակի նվագացանկում անպայման կան կոմիտասյան մանրանվագները։ Այդ ավանդույթի և Հայաստանում կվարտետային ժանրի ակունքներում կանգնած է արդեն մեկդարյա պատմություն ունեցող Կոմիտասի անվան ազգային լարային քառյակը։

Լարային քառյակը հիմնվեց 1924 թվականին՝ Մոսկվայի կոնսերվատորիայի հայ ուսանողներ Ավետ Գաբրիելյանի (1-ին ջութակ), Լևոն Օհանջանյանի (2-րդ ջութակ), Միքայել Տերյանի (ալտ) և Սերգեյ Ասլամազյանի (թավջութակ) նախաձեռնությամբ: Այն կարճ ժամանակահատվածում ճանաչում ձեռք բերեց։ Նրա ելույթները տպավորում էին ինչպես մասնագետներին, այնպես էլ երաժշտասեր լսարանին։ Այդ տարիներին քառյակի թավջութակահար Սերգեյ Ասլամազյանը մշակեց Կոմիտասի մի շարք երգերի՝ քառյակի համար փոխադրումներ, որոնք մինչ օրս միջազգային բեմերում կվարտետային ժանրի հայկական այցեքարտն են։ 1932 թվականից քառյակը դարձավ Կոմիտասի անվան։

1976 թվականին Կոմիտասի անվան լարային քառյակի առաջին ջութակ և հիմնադիր Ավետ Գաբրելյանն իր ջութակը և տեղը հանձնեց Էդուարդ Թադևոսյանին, որը մինչ օրս ղեկավարում է քառյակը։ Հիմնադրման օրվանից քառյակի կազմը բազմիցս փոխվել է, բայց միշտ մնացել է իր սկզբունքներին հավատարիմ։

Եթե Կոմիտասը շրջում էր գյուղից գյուղ, գավառից գավառ՝ հայ երգը գտնելու, ձայնագրելու, մշակելու, ապա Կոմիտասի անվան լարային քառյակը շրջագայում է աշխարհով մեկ՝ կատարողական բարձր մակարդակով տարածելով հայ և համաշխարհային երաժշտության նվաճումները։ Այս տարի քառյակը նշում է իր հարյուր ամյակը։ 

Մարտի 5-ին՝ ժամը 16։00-ին, Գրականության և արվեստի թանգարանում (Հասցե՝ Արամի 1) կբացվի «Կոմիտասի անվան քառյակ-100» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը, որով կմերկնարկի լեգենդար քառյակի հոբելյանական միջոցառումների շարքը։ Կցուցադրվեն քառյակի երախտավոր երաժիշտների լուսանկարներ, համերգային ազդագրեր, ծրագրեր և այլ արխիվային նյութեր։ Ցուցադրության բացմանը կհաջորդի Կոմիտասի անվան քառյակի համերգը, որի ընթացքում կհնչեն հայ, ռուս և արևմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններ։

Գլխավոր լուսանկարում՝ Կոմիտասի անվան լարային քառյակը 
Լուսանկարը՝ Քառյակի կայքէջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter