Հորից և որդուց ավազակությամբ 37 մլն դրամի ոսկյա զարդեր հափշտակելու վերաբերյալ վարույթով երկու անձ կալանավորվել է
Քննչական կոմիտեում պարզվել են Արթիկ քաղաքի բնակիչներ՝ հայր և որդուց, նախնական համաձայնությամբ, զենքի գործադրմամբ, բռնություն գործադրելու միջոցով, ավազակությամբ առանձնապես խոշոր չափերով ոսկյա զարդերը հափշտակելու դեպքի մի շարք հանգամանքներ։ Մասնավորապես պարզվել է, որ ավազակության մեջ ներգրավվել է 4 անձ, ովքեր Երևան քաղաքի բնակիչներ են։ Այս մասին հաղորդում է ՔԿ մամուլի ծառայությունը։
Քննությամբ պարզվել է, որ 2024 թվականի փետրվարի 9-ին՝ ժամը 09:45-ի սահմաններում, Արթիկ քաղաքի վերոնշյալ բնակիչների շենքի մուտքի մոտ, չորս դիմակավորված և սև անձրևանոցներով հանդերձավորված անձինք, ներկայանալով որպես ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներ, քաշքշելով նրանց նստեցրել են իրենց կողմից շահագործվող «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան։ Այնուհետև որդու «Մերսեդես-Բենց Ս500» մակնիշի ավտոմեքենայի սրահից վերցրել են նրանց խանութի վաճառքի համար նախատեսված ավելի քան 37 մլն դրամ արժողությամբ ոսկյա զարդերը, ավտոմեքենայով վերջիններիս տարել Արթիկի քաղաքային մարզադաշտի մոտ։ Այդ ընթացքում, նշված անձինք ծեծի են ենթարկել հորը և որդուն, ատրճանակից անկանոն կրակոցներ են արձակել, բռնակով հարվածներ հասցրել նրանց գլխին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ ու հեռացել նշված ավտոմեքենայով:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա միջնորդություններ են ներկայացվել հսկող դատախազին՝ Երևանի հիշյալ 4 բնակիչների նկատմամբ Քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով (առանձին դաժանությամբ կատարված ավազակությունը) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (զենք, զինամթերքի ապօրինի շրջանառությունը) քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որոնք բավարարվել են։
Հանձնարարություն է տրվել ոստիկանությանը՝ մեղադրյալներին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու վերաբերյալ։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նրանցից երկուսը հայտնաբերվել են և դատարան ներկայացվելու համար ձերբակալվել։ Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։
Հանցավոր խմբի մյուս երկու անդամների նկատմամբ հայտարարվել է հետախուզում։
Նախաքննությունը շարունակվում է։
Մեկնաբանել