
Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը հրաժարական է տվել
Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել։ Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում։
«Սիրելի՛ հայրենակիցներ, Տեղեկացնում եմ, որ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին եմ ներկայացրել ՀՀ Հատուկ Հանձնարարություններով Դեսպանի պաշտոնից ազատման դիմում:
Մեր պետության և տարածաշրջանի համար ստեղծված բարդ ժամանակաշրջանում բարձր պատասխանատվությամբ ստանձնել և մեծ նվիրումով իրականացրել եմ այս առաքելությունը: Սակայն վերջին շրջանում մի շարք արտաքին քաղաքական հիմնարար հարցերի շուրջ մեր տեսլականների տարբերություններն անհնարին են դարձնում իմ հետագա ներգրավվածությունը արտաքին քաղաքական ճակատում:
Վստահեցնում եմ, որ շարունակելու եմ ծառայել պետությանն ու ժողովրդին և իմ գիտելիքներն ու փորձը, ինչպես նաև միջազգային կապերը ներդնել Հայաստանի Հանրապետության ազգային-պետական շահերի պաշտպանության գործին: Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը»,- ասված է Մարուքյանի գրառման մեջ:
Մեկնաբանել