
«Մշակույթի զարգացման» հիմնադրամ կստեղծվի
Կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել «Մշակույթի զարգացման» հիմնադրամ ստեղծելու և դրա կանոնադրությունը հաստատելու մասին որոշումը: «Մշակույթի զարգացման» հիմնադրամի ստեղծմամբ մշակույթի ոլորտում ներդրվում է կառավարման նոր համակարգ:
Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը. «Հիմնադրամի միջոցով բարելավելու ենք ոլորտում կառավարման համակարգը. նախատեսում ենք ունենալ միասնական վարչատնտեսական կառավարման մոդել, որն առաջին փուլում կիրականացնենք թանգարանների համար: Նախագծի հաստատումը համընկավ երեկ Ազգային ժողովի կողմից «Թանգարանների մասին» օրենքի ընդունման հետ: Առաջին անգամ անկախ Հայաստանի պատմության մեջ թանգարանների ոլորտն ունեցավ իր կարգավորող հիմնական մայր օրենքը։ Սա ցույց է տալիս, որ ՀՀ մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թթ. ռազմավարության հաստատումից հետո այս ոլորտում ևս կոնկրետ քայլերով իրականացնում ենք բարեփոխումներ: Զուգահեռ՝ ավարտում ենք միասնական տոմսային համակարգի ներդրման աշխատանքները. հունիսից այն կգործարկվի: Մոտ ապագայում տեսանելի կլինի էական տարբերություն՝ թանգարանային ծառայությունների որակի և հատկապես մարքեթինգի տեսանկյունից»:
«Մշակույթի հիմնադրամի ստեղծման նպատակներն են՝ օժանդակել մշակույթի կառավարման արդյունավետ գործիքակազմի ներդրմանը, աջակցել պետական մշակութային կազմակերպությունների ֆինանսական ինքնավարության խթանմանը, ենթակառուցվածքների զարգացմանն ու արդիականացմանը, իրականացնել մշակութային և ստեղծարար ոլորտների զարգացմանն ուղղված հեռանկարային ծրագրեր, ինչպես նաև նպաստել հայկական մշակույթի միջազգայնացմանը:
Կառավարման նոր մոդելով նախատեսվում է իրականացնել թանգարանների կառավարչատնտեսական համակարգում մեկ կենտրոնից և վարել ֆինանսական և անձնակազմի ներգրավման ճկուն քաղաքականություն: Նոր մոդելով նախատեսվում է նաև ապահովել թանգարանների հուշանվերային տնտեսության կազմակերպման գործընթացները՝ նպաստելով թանգարանների գիտահետազոտական աշխատանքի արդյունավետ կազմակերպմանը և կրթական գործունեության զարգացմանը, նոր ժամանակակից ցուցադրությունների կազմակերպմանը, միաժամանակ ոլորտում տնտեսական նոր մեխանիզմների ներդրմանը:
«Մշակույթի զարգացման» հիմնադրամի հանգուցային գործառույթներից է մարքեթինգային գործունեությունը, որը կնպաստի մշակութային կազմակերպությունների ճանաչելիության բարձրացմանը, մշակութային և ստեղծարար ոլորտների զարգացմանը:
Նշենք, որ «Մշակույթի զարգացման» հիմնադրամի ստեղծման դրույթն ամրագրված է Հայաստանի Հանրապետության 2002 թ. նոյեմբերի 20-ի «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքում, ինչպես նաև ՀՀ կառավարության 2023 թվականի նոյեմբերի 9-ի N 1951-Լ որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թվականների ռազմավարությունում»»,- ասված է ԿԳՄՍՆ հաղորդագրության մեջ։
Լուսանկարը՝ կառավարության
Մեկնաբանել