HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Պետգույքի կառավարման կոմիտեն և Ներդրումների աջակցման կենտրոնն «Արմավիր սպանդանոց»-ի դեմ դատական հայցեր են ներկայացրել

Կառավարությունը 2017թ. որոշել է վերցնել Անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոնին պատկանող անասնաբուժական սպասարկման շենքերն ու կից շինությունները եւ 25 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի այն շահառուներին, որոնք մասնակցել են «Աջակցություն սկսնակ ձեռներեցներին» ծրագրի հատուկ դասընթացին, և որոնց ծրագրերը հավանության են արժանացել: Տարածքները հատկացվել են, սակայն ներդրումներ չեն կատարվել, և պետական մարմիններն այս օրերին դատական գործընթացների մեջ են տնտեսվարողների հետ:

Կառավարության նշված որոշումով Արմավիրի մարզի Մայիսյան գյուղում գտնվող 208,1 քմ վարչական շենքն ու 0.3 հա սպասարկման հողատարածքը հատկացվել են «Արմավիր սպանդանոց» ՍՊԸ-ին: Ընկերությունը պարտավորվել է մոտ 32 մլն դրամի ներդրում կատարել, որից 22 մլն դրամը՝ վերակառուցման, իսկ 10 մլն դրամը՝ սարքավորումների ձեռք բերման նպատակով:

«Արմավիր սպանդանոց» ՍՊԸ-ն 2017թ. նոյեմբերին ստեղծել է արմավիրցի Հովագիմ Սարգսյանը:

Պետության հատկացրած տարածքում պետք է կառուցվեր սպանդանոց: Սակայն որոշումից մոտ 7 տարի անց ներդրումն ամբողջությամբ չի կատարվել, սպանդանոցն էլ չի կառուցվել: 

Պետական գույքի կառավարման կոմիտեն հայցադիմում է ներկայացրել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով «Արմավիր սպանդանոց» ՍՊԸ-ից մոտ 6 մլն 437 հազ. դրամ բռնագանձել պետական բյուջե` որպես պայմանագրով սահմանված ներդրումային պարտավորությունների չկատարման հետևանքով հաշվարկված տուգանքի գումար: Բացի այդ, լուծել Կոմիտեի և ՍՊԸ-ի միջև 2020թ. օգոստոսի 10-ին կնքված «Ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման» պայմանագիրը, որպես հետևանք` դադարեցնել 201,8 քմ մակերեսով գույքի և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0,3 հա մակերեսով հողամասի նկատմամբ ընկերության անվամբ գրանցված անհատույց օգտագործման իրավունքը: 

Հայցադիմումն ընդունվել է վարույթ, և 6 մլն 437 հազ. դրամի չափով արգելանք է դրվել «Արմավիր սպանդանոց» ՍՊԸ-ի գույքի վրա: Գործի քննությունը շարունակվում է:

2024թ. հունվարի 25-ին էլ «Արմավիր սպանդանոց» ՍՊԸ-ի և սեփականատեր Հովագիմ Սարգսյանի, նրա կնոջ դեմ, գումարի բռնագանձման պահանջով հայցադիմում է ներկայացրել «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամը (նախկինում՝ «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն»): 

«Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամը ստեղծվել է 2002թ. մարտին՝ Կառավարության որոշմամբ: Հիմնադրամն իրականացրել է Կառավարության փոքր ու միջին ձեռնարկությանը պետական աջակցության տարեկան ծրագիրը: Դրա բաղկացուցիչ մաս էր վարկային երաշխավորությունների ծրագիրը:

«Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանը «Հետք»-ին փոխանցել է, որ «Արմավիր սպանդանոց» ՍՊԸ-ն նշված ծրագրի շահառու է եղել: Հիմնադրամը 2018թ. ապրիլինի երաշխավորել է ընկերության վարկային պարտավորությունը 100%-ով՝ 10 մլն 285 հազ. դրամի չափով: Նույն տարվա մայիսին ՍՊԸ-ի և բանկի միջև կնքվել է վարկային պայմանագիր՝ 10 մլն դրամի չափով:

2022թ. բանկից հայտնել են Հիմնադրամին, որ «Արմավիր սպանդանոց» ՍՊԸ-ին տրամադրված վարկի ժամկետանց օրերը լրանալու պատճառով կատարել են վարկի ամբողջական մարում՝ տվյալ վարկային պարտավորությունների ապահովման միջոց հանդիսացող Հիմնադրամի հաշվից: 

Հիմնադրամի, ՍՊԸ-ի և վերաերաշխավորների միջև կնքվել է հաշտության համաձայնություն, սակայն արտադատական կարգով չի հաջողվել ընկերությունից ստանալ պարտավորության գումարը, ինչն էլ հանգեցրել է դատական պաշտպանության դիմելուն:

Հիմնադրամի գլխավոր տնօրենը հայտնում է նաև, որ վերը նշված ծրագրից իրենց միջոցով օգտվել է 4 ընկերություն, որոնք սպանդանոցային գործունեությամբ պետք է զբաղվեինն: 4 ընկերություններից 3-ի դեմ (ներառյալ «Արմավիր սպանդանոց» ՍՊԸ-ի) ներկայացվել են հայցադիմումներ՝ նույն պահանջով:

«Արմավիր սպանդանոց» ՍՊԸ-ի սեփականատեր Հովագիմ Սարգսյանի որդին՝ Արմեն Սարգսյանը, «Հետքին» ասաց, որ հայցադիմումները դատարանից նոր են ստացել և ամբողջությամբ ծանոթ չեն պահանջներին: Սակայն հայտնեց, որ վարկային պարտավորությունները չկատարելու համար կային օբյեկտիվ պատճառներ:

Արմեն Սարգսյանի խոսքով՝ Պետական գույքի կառավարման կոմիտեն ՍՊԸ-ի հետ 208,1 քմ վարչական շենքի ու 0.3 հա սպասարկման հողատարածքի անհատույց օգտագործման պայմանագիրը կնքել է Կառավարության որոշումից 3 տարի անց՝ 2020թ.-ին: Պարզվել է, որ շենքն արտադրական նշանակության չէ, և գործունեություն իրականացնելու համար պետք է փոխվի նպատակային նշանակությունը:

Նույն տարվա ընթացքում նրանք դիմել են Մայիսյանի համայնքապետարան, այնուհետև` համայնքների խոշորացումից հետո, Արմավիրի համայնքապետարան, որպեսզի փոխվի շենքի նպատակային նշանակությունը, սակայն մինչ օրս փոխված չէ:

Ա. Սարգսյանն ասում է, որ իրենք նույնպես վնասներ են կրում՝ ներդրումներ անելու համար վարկեր են վերցրել, սակայն չեն կարողացել դրանք մարել: 10 մլն դրամ վարկի մոտ կեսն են մարել։ 

Ընկերության սեփականատիրոջ որդին պատմեց նաև, որ սկզբում մրցակից չունեին, այժմ իրենց հատկացված տարածքի անմիջապես հետնամասում սպանդանոց է գործում: Այս հանգամանքը ևս տնտեսապես ձեռնտու չէ իրենց:

Պետական գույքի կառավարման կոմիտեից հաստատեցին, որ պայմանագիրը կնքվել և գույքը հատկացվել է 2020թ., սակայն մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանն ասաց, որ պատճառը ընկերության և այլ պետական գերատեսչությունների միջև առաջացած խնդիրներն էին: Արմավիրի համայնքապետարանի քաղաքաշինության բաժնից փոխանցեցին, որ հողի նպատակային նշանակությունը չի փոխվել, քանի որ կադաստրային քարտեզներում անճշտություն կա: Քարտեզներով հողատարածքն ընդհանուր օգտագործման ճանապարհի վրա է, մինչդեռ փաստացի հողատարածքը ճանապարհի վրա չէ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter