
ԶՊՄԿ-ից հավաստիացնում են, որ «Գեոպրոմայնինգի» դեմ պատժամիջոցները կոմբինատի վրա չեն տարածվում
Ո՛չ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն (ԶՊՄԿ), ո՛չ ընկերության բաժնետերերը կամ իրական շահառուները ընդգրկված չեն պատժամիջոցներ կիրառող որևէ իրավասու մարմնի կողմից հրապարակվող որևէ ցուցակում, և ընկերության նկատմամբ կիրառելի չէ որևէ միջազգային պատժամիջոց: Այս մասին այսօր հայտարարություն են տարածել ԶՊՄԿ-ից։
Երկու օր առաջ «Հետք»-ը գրել էր, որ ռուսական հանքարդյունաբերական «Գեոպրոմայնինգ» ՍՊԸ-ն հայտնվել է ամերիկյան պատժամիջոցների տակ։ Ռուսական «Գեոպրոմայնինգ» ընկերությունների խմբի հայկական ակտիվներն են՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն, «Գեոպրոմայնինգ գոլդ» ՍՊԸ-ն, որը շահագործում է Սոթքի ոսկու հանքավայրը և Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան, ինչպես նաև՝ «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն։
Հարցին, թե ինչպես այս պատժամիջոցները կարող են ազդել «Գեոպրոմայնինգ» ընկերությունների խմբի հայկական ակտիվների վրա, «Գեոպրոմայնինգ»-ից չպատասխանեցին, խնդրեցին գրավոր հարցում ուղարկել խմբի նախագահ Ռոման Խուդոլիյին։ Մեր հարցման պատասխանն առայժմ չենք ստացել։ Փոխարենը այս թեմայի վերաբերյալ հայտարարություն են տարածել ԶՊՄԿ-ից։
«Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան հիմնադրված և գործող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն հայտնում է, որ ռուսաստանյան «ԳեոՊրոՄայնինգ» ՍՊ ընկերությունը ինչպես նախկինում չի հանդիսացել, այնպես էլ ներկայում չի հանդիսանում ԶՊՄԿ ընկերության բաժնետեր և ընկերության սեփականատերերի կառուցվածքում որևէ մասնակցություն չունի»,- ընդգծում են ԶՊՄԿ-ից։
Ռեգիստրի տվյալներն իսկապես վկայում են, որ ռուսական «Գեոպրոմայնինգ» ՍՊԸ-ն չի հանդիսանում ոչ ԶՊՄԿ-ի, ոչ էլ՝ հայաստանյան «Գեոպրոմայնինգ գոլդ»-ի սեփականատեր։ Սակայն, նշված երկու ընկերությունները, ինչպես նշեցինք, ռուսական «Գեոպրոմայնինգ» խմբի ակտիվներ են համարվում։
Բացի այդ, «Գեոպրոմայնինգ գոլդ»-ի և ԶՊՄԿ-ի սեփականատերերը փոխկապակցված են ռուս միլիարդատեր Ռոման Տրոցենկոյին և նրա որդուն՝ Գլեբ Տրոցենկոյին։ Տրոցենկոներին է պատկանում «Գեոպրոմայնինգ» խումբը։
Ռոման և Գլեբ Տրոցենկոները ավելի վաղ հայտնվել են ամերիկյան պատժամիջոցների տակ, որից հետո իրենց պատկանող ընկերությունների մի մասից, որտեղ բաժնետեր են հանդիսացել, դուրս են եկել։
Անցած տարեվերջին Գլեբ Տրոցենկոն «լքել» է նաև հայաստանյան «Գեպրոմայնինգ գոլդ» ՍՊԸ-ն և ԶՊՄԿ-ն։ Նրան փոխարինել է Տրոցենկոների բիզնեսներում ներգրավված Սվետլանա Երշովան։
Գլխավոր լուսանկարում՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը
Մեկնաբանել