Հայաստանի սահմանը հատած Ադրբեջանի զինծառայողը ձերբակալվել է. ՔԿ
Քննչական կոմիտեն հայտնում է, որ Տեղ գյուղի սահմանային հատվածում շփման գիծը հատած եւ Հայաստանի ԶՈՒ զինծառայողների կողմից վնասազերծված Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողը ձերբակալված է։ Ընթանում է նախաքննություն։ Ստորեւ՝ ՔԿ հաղորդագրությունը։
Քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 15-րդ կետերով, 335-րդ հոդվածի 1-ին մասով, 340-րդ հոդվածի 1-ին մասով, 44-425-րդ հոդվածի 1-ին մասով և 469-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող Ռուսլան Էլդանիս-Օղլու Փենախովի կողմից 2024թ. փետրվարի 28-ին դիվերսիայի փորձ, այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով, ինչպես նաև ազգային, կրոնով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության և թշնամանքի շարժառիթով սպանության փորձ կատարելու, ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք կրելու և փոխադրելու, հրազենի և ռազմամթերքի մաքսանենգության և Հայաստանի Հանրապետության պետական սահմանն ապօրինի հատելու դեպքերի առթիվ:
Ռուսլան Փենախովը, քննիչի որոշմամբ, ձերբակալվել է: Հանգամանքները քննությամբ պարզվում են։
Լուսանկարը՝ արխիվային, «Հետք»
Մեկնաբանել