HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները քննարկում են համատեղ գործունեության կանոնակարգը

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները ներկա փուլում քննարկում են համատեղ գործունեության կանոնակարգը։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, որը գլխավորում է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովը։ Գրիգորյանը պատասխանեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին, թե որ փուլում են գտնվում սահմանազատման աշխատանքները, և ինչ ճանապարհային քարտեզ գոյություն ունի։

«Մենք առաջին փուլում քննարկեցինք և հաստատեցինք աշխատակարգը, որով, ըստ էության, նկարագրեցինք մեր շփումների արդյունքների ամփոփման և կազմակերպման ձևը, հաստատեցինք երկու կառավարություններով։ Այս փուլում մենք քննարկում ենք համատեղ գործունեության կանոնակարգը, որը շատ ավելի մեթոդական նկարագրություն է պարունակելու։ Երբ որ աավարտենք այդ աշխատանքները, երկու երկրները այդ փաստաթղթի նախագիծը կդնեն ներպետական շրջանառության մեջ։ Կախված բովանդակությունից, թե ինչ կոնսենսուսի կգանք, ըստ այդմ՝ այդ փաստաթուղթը կշրջանառվի, ամենայն հավանականությամբ, որպես օրենքի նախագիծ»,- ասաց Մհեր Գրիգորյանը։

Արձագանքելով փոխվարչապետի պատասխանին՝ Բագրատյանը հետաքրքրվեց գործընթացի ժամկետների մասին։ Մհեր Գրիգորյանը պատասխանեց, որ եթե կողմերը մնան իրենց սկզբունքային դիրքորոշումների շրջանակում և նախագծման փաստաթղթի տրամաբանությունը բխի Ալմաթիի հռչակագրից, ապա երկու-երեք ամսվա ընթացքում պատրաստ կլինի կանոնակարգի նախագիծը, որը կպարունակի աշխատանքի մեթոդաբանությունը։

«Մեթոդաբանությունը հաստատելուց հետո, ինչ խոսք, շատ ժամանակ կպահանջվի բուն դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացի համար, բայց այնուամենայնիվ, բոլորիս հասկանալի կլինի, թե ինչով ենք զբաղված»,- եզրափակեց Մհեր Գրիգորյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter