Օձուն համայնքում կասեցվել է երկու մանկապարտեզների խոհանոցների արտադրական գործունեությունը
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչների վերահսկողական միջոցառումներ են իրականացրել Թումանյանի տարածաշրջանի Օձուն համայնքում գործող «ՀՀ Լոռու մարզի Օձուն համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ի երկու հասցեներում գործող մանկապարտեզների ճաշարաններում:
ՍԱՏՄ հաղորմամբ՝ ստուգման ժամանակ պարզվել է, որ տնտեսավարողի գործունեության 2 հասցեներում էլ ճաշարանների գործունեությունն իրականացվում է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ:
«Մասնավորապես՝ մանկապարտեզների խոհանոցներում հատակը, պատերը, առաստաղը չեն ունեցել հարթ մակերես, հեշտությամբ մաքրվող չեն ու պատված չեն անջրանցիկ, չներծծող, լվացվող նյութերով, գոլորշու խտացման հետևանքով՝ առաջացել է բորբոս և մասնիկների թափվելու վտանգ, իսկ պատուհանների արտաքին մակերեսները եղել են քայքայված, չեն ունեցել հեշտությամբ բացվող և մաքրվող միջատապաշտպան ցանցեր։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ «ՀՀ Լոռու մարզի Օձուն համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ի երկու հասցեներում գործող մանկապարտեզների ճաշարանների արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է խախտումների վերացման ժամկետ»,- ասված է ՍԱՏՄ հաղորդագրությունում։
Մեկնաբանել