Սպանություն Փոքր Մասրիկ գյուղի գերեզմանատան մոտ. 19-ամյա երիտասարդը ձերբակալվել է
Ոստիկանությունը հայտնում է, որ փետրվարի 21-ին, ժամը 19.15-ին «Վարդենիս» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ բուժօգնության են տեղափոխվել դանակահարված երկու տղամարդ, որոնց առողջական վիճակը ծանր է:
«Հիվանդանոց մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ դանակահարվածները եղբայրներ են՝ Փոքր Մասրիկ գյուղի 40-ամյա և 36-ամյա բնակիչներ: Հիվանդանոցում 36-ամյա Արա Լալայանը մահացել է:
Պարզվել է, որ ժամը 18.30-ի սահմաններում Արփունք-Փոքր Մասրիկ գյուղամիջյան ճանապարհին՝ Փոքր Մասրիկի գերեզմանատան մոտ, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն և ծեծկռտուք է եղել Արփունք գյուղի բնակիչ 44-ամյա տղամարդու, նրա 19 և 15 տարեկան որդիների և Փոքր Մասրիկ գյուղի բնակիչ երեք եղբայրների միջև: Այդ ընթացքում էլ արփունքցի 19-ամյա երիտասարդը դանակով հարվածներ է հասցրել 40-ամյա և 36-ամյա տղամարդկանց:
Ժամը 20.20-ին 19-ամյա երիտասարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Վարդենիսի բաժին, որտեղ խոստովանել է կատարածը: Նա ներկայացել է վարույթն իրականացնող մարմին:
Վարդենիսի քննչական բաժին է ներկայացել նաև 44-ամյա տղամարդը՝ 19-ամյա երիտասարդի հայրը։ Նա ներկայացրել է դեպքի վայրից վերցված հանցագործության գործիք ծալովի դանակը:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վարդենիսի քննչական բաժին:
Սպանության և սպանության փորձի հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել:
19-ամյա երիտասարդը տեղափոխվել է ՆԳՆ ոստիկանության Վարդենիսի բաժնի ձերբակալվածների պահման վայր: Կատարվում է նախաքննություն»,- հայտնում է ոստիկանությունը:
Քննչական կոմիտեն հավելում է, որ ըստ առկա նախնական տվյալների՝ վիճաբանությունը և դրա հետևանքով տեղի ունեցած դանակահարությունը կապված չէ տուժողներից մեկի՝ 41-ամյա անձի ծառայողական գործունեության հետ, իսկ դեպքի պահին վերջինս չի եղել ծառայության մեջ։
Լուսանկարը՝ Արցախպրեսի
Մեկնաբանել