HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը երկրորդ տարին անընդմեջ հաղթեց թիմային հաշվարկում

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում փետրվարի 20-ին ավարտվեց ծանրամարտի Եվրոպայի 2024 թվականի առաջնությունը, որտեղ Հայաստանի հավաքականը երկրորդ տարին անընդմեջ թիմային հաշվարկով առաջին տեղը զբաղեցրեց։ Հայ ծանրորդներն այս տարի 10 մեծ և 16 փոքր մեդալ նվաճեցին՝ մրցումային վերջին օրը շրջանցելով հյուրընկալող երկրի՝ Բուլղարիայի հավաքականին։ 

20 երկրների հավաքականների շարքում առաջատարն ենք թե՛ մեծ, թե՛ ընդհանուր մեդալների հաշվարկով։ Երկրորդ տեղում Բուլղարիան է, երրորդում՝ Իտալիան։

Առաջնությանն այս տարի Հայաստանի հավաքականը մասնակցում էր 15 ծանրորդով։ Նրանցից 10-ը մեդալներ նվաճեցին։ Մեդալակիրներից երկուսը կանայք էին։

Մեր հավաքականն այս տարի Եվրոպայի 4 չեմպիոն ունեցավ՝ կրկնելով նախորդ տարի Երևանում գրանցած արդյունքը։ Սոֆիայում 8 տարվա դադարից հետո Հայաստանը ոսկե մեդալ կարողացավ նվաճել նաև կանանց պայքարում․ 55 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն հռչակվեց 19-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանը։ Վերջին անգամ Եվրոպայի կին չեմպիոն 2016-ին էինք ունեցել․ 69 կգ քաշային կարգում տիտղոսը նվաճել էր Նազիկ Ավդալյանը։

Տղամարդկանց պայքարում 67 կգ քաշային Գոռ Սահակյանը երկրորդ տարին անընդմեջ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն։ 96 կգ քաշային կարգում, որտեղ չեմպիոնության համար պայքարը մեր երկու ծանրորդների՝ Հակոբ Մկրտչյանի և Դավիթ Հովհաննիսյանի միջև էր, Մկրտչյանն ավելի ուժեղ գտնվեց։ Գերծանր քաշային տղամարդկանց պայքարում իր առաջին ոսկե մեդալը նվաճեց Վարազդատ Լալայանը։ Այս քաշային կարգում վերջին տարիների առաջատար, Եվրոպայի, աշխարհի և Օլիմպիական խաղերի բազմակի չեմպիոն և ռեկորդակիր վրացի Լաշա Տալախաձեն վնասվածքի պատճառով չկարողացավ մասնակցել պայքարին։ Տալախաձեի հետ մրցակցության նման պայմաններում հայ ծանրորդներին բաժին էր հասնում արծաթն ու բրոնզը։ 24 տարվա դադարից հետո Եվրոպայի չեմպիոն ունեցանք նաև այս քաշային կարգում։ Հայ ծանրորդներից Աշոտ Դանիելյանը 2000 թվականին կրկին Սոֆիայում էր նվաճել առաջնության ոսկին։

Եվրոպայի փոխչեմպիոններ դարձան 96 կգ քաշային Դավիթ Հովհաննիսյանը, 102 կգ քաշային Սամվել Գասպարյանը և +109 կգ քաշում Սիմոն Մարտիրոսյանը։

81 կգ քաշային Ռաֆիկ Հարությունյանը, 102 կգ քաշային Գարիկ Կարապետյանը, կանանց պայքարում էլ 87 կգ քաշային Հռիփսիմե Խուրշուդյանը դարձան բրոնզե մեդալակիրներ։ 36-ամյա Խուրշուդյանը մրցելույթից հետո հանեց մարզակոշիկներն ու ակնարկեց պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մասին։

Հայ ծանրորդներն այս տարի ավելի շատ մեդալներ նվաճեցին պոկում վարժությունում․ տղամարդկանց պայքարում՝ 3 ոսկե, 1 արծաթե և 4 բրոնզե մեդալ։

Նշենք, որ 2025-ի ապրիլին ծանրամարտի Եվրոպայի առաջնությունն առաջին անգամ կանցկացվի Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում։

Գլխավոր լուսանկարը՝ European Weightlifting Championships Yerevan 2023

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter