HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

11-րդ բրիգադը. գիշերը` Շտապօգնության մեքենայում

Ժամը 23:30-ն է։ Երևանի քաղաքապետարանի «Շտապօգնություն» ՓԲԸ-ի Արաբկիրի ենթակայանում լռությունը խախտում է օպերատորի ձայնը՝ 11-րդ բրիգադ, կանչի եք գնում, 11-րդ բրիգադ։ Բժիշկը մոտենում է, կանչի հասցեն ու հիվանդի տվյալներն է ճշտում։ Բժիշկ Գարիկ Նիկողոսյանը, բուժքույր Ժաննա Կագրամանյանը և վարորդ Գոռ Իսահակյանը շտապում են կանչի։ Ամեն օր Արաբկիրի ենթակայանում հերթապահում է 6 բրիգադ։

Ենթակայանում միանում ենք 11-րդ՝ ռեանիմացիոն բրիգադին։ Մեքենայում բժիշկը վարորդին տալիս է հասցեն, ապա բուժքրոջը հայտնում կանչի պատճառը՝ ուշագնացություն, միջին տարիքի տղամարդ է։

«Գոռ, արագ քշի, ուշագնացություն է»,- վարորդին ասում է բժիշկը։

6 րոպե անց հասնում ենք: Բժիշկն ու բուժքույրը արագ բարձրանում են բնակարան։ Վարորդը մեքենայից հանում է պատգարակը, սպասում է:

Րոպեներ անց հիվանդին իջեցնում են։ Բժիշկն ասում է՝ գանգուղեղային կաթված է։ Հարազատներն ասում են, արդեն 2-րդ անգամ է, վախենում են, բժիշկը փորձում է հանգստացնել նրանց։ Հիվանդին տեղափոխում են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։

Շտապօգնության բժիշկը ընդունարանում փոխանցում է հիվանդի տվյալներն ու նախնական ախտորոշումը։

«Ամեն կանչից հետո ենթակայան չենք գնում, լինում է, երբ դեռ մի կանչը չավարտած՝ նոր կանչով մեկ այլ հասցե ենք գնում։ Հիմնականում հերթապահության ընթացքում մի քանի ժամ ենթակայան չենք վերադառնում, մինչև գիշերվա 4-ից 6-ը, դրանք համեմատաբար հանգիստ ժամերն են»,- ասում է բժիշկը՝ Գարիկ Նիկողոսյանը։

Նիկողոսյանն արդեն 5-րդ տարին է աշխատում Շտապօգնությունում։

Սովորում է Բժշկական համալսարանի օրդինատուրայում։

Մասնագիտությամբ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ է։

Նախքան ամուսնանալը, ամսական 24 օր հերթապահում էր Շտապօգնությունում։ Հիմա 8 օր է հերթապահում։ Զուգահեռ նաև հիվանդանոցում է աշխատում։

Բժիշկը պատմում է, որ Շտապօգնության բժշկի նկատմամբ կիրառված բռնության վերջին դեպքը հազվադեպ պատահող չէ։ Հաճախ է լինում, երբ հիվանդի հարազատները հուզական անհավասարակշիռ վիճակում մեղադրում են, վիճաբանում, փորձում են բժշկի հետ հաշվեհարդար տեսնել։

«Դեպքեր են եղել, երբ սրտի մերսումով վերակենդանացում ենք արել, առաջին անգամ, երբ նման բան արեցի, ինձ հրաշագործ էի զգում, մի քանի անգամ եղել են դեպքեր, երբ կարողացել ենք սիրտ-թոքային վերակենդանացում անել, հետո բժշկական կենտրոնից իմացել ենք, որ հիվանդն ապրել է։ Ցավոք, հակառակ դեպքեր էլ են եղել»,- ասում է բժիշկը։

Բրիգադի բուժքույրը՝ Ժաննա Կագրամանյանը, 35 տարի աշխատում է այս մասնագիտությամբ։ Ասում է՝ երբեք չի մտածել աշխատանքը փոխելու մասին։ Ժաննան պատմում է, որ արդեն Երևանի բոլոր փողոցներն ու շենքերն անգիր գիտի։

Հերթապահությունն ավարտելուց հետո նա մինչև տուն՝ Արարատի մարզի Եղեգնավան գյուղ հասնելը երկար ճանապարհ է անցնում։ Ամենաբարդը 24-ժամյա հերթապահությունից հետո 50 կմ-ից ավել մեքենա վարելն ու տուն հասնելն է։

11-րդ բրիգադի հերթապահ վարորդը՝ Գոհ Իսահակյանը, 9 ամիս առաջ է աշխատանքի ընդունվել:  

Ավելի ուշ պարզվեց, որ Գոռ Իսահակյանին «Հետք»-ը նկարահանել էր 2020-ի նոյեմբերի 5-ին՝ Շուշիի մատույցներում։ Այդ ժամանակ Գոռը կամավոր մեկնել էր ռազմաճակատ։ Այնտեղ էլ նա վարորդ էր։ Վիրավոր ընկերներին «ՈւԱԶ»-ով Գոռն էր Շուշիից դուրս բերել։ Պատերազմից հետո որոշել է, որ ուզում է Շտապօգնությունում աշխատել։

«Մի անգամ էլ էի դիմել աշխատանքի ընդունվելու համար, չստացվեց, էլի փորձեցի, ու արդեն 9 ամիս է՝ աշխատում եմ։ Բժիշկը բրիգադին փոխանցում է միշտ, թե ինչ կանչի ենք գնում, ու երբ ուշագնացություն, փոքր երեխայի հետ կապված դեպք, կամ վթար է լինում, ուզում ես րոպե առաջ դեպքի վայր հասնել, որովհետև մտածում ես, որ ամեն հաջորդ վայրկյանը կարող է ճակատագրական լինել»,- պատմում է Գոռը։

Նա ասում է, որ ամենածանր հերթապահության օրը Արցախից բռնի տեղահանվածների Հայաստան գալու օրերն էին, երբ Շտապօգնության խմբերը գնում էին Գորիս՝ բենզինի պահեստի պայթյունից տուժածներին Երևանի բժշկական կենտրոններ հասցնելու համար։ Այդ օրերին արտահերթ ռեժիմով են աշխատել։

Գիշերային կանչերից մեկը «փակ դուռն» է, այսպես են անվանում բժիշկներն ու փրկարարները կանչի այս տեսակը։

«Փակ դուռ» կանչի ստացողը Փրկարար ծառայությունն է, որը տվյալները փոխանցում է նաև Պարեկային ծառայությանն ու Շտապօգնությանը։ Փրկարար ծառայությունը այս դեպքում հասցեից բացի, այլ տվյալ չի փոխանցում ու բժիշկները դեպքի վայր գնում են առանց իմանալու, թե ինչ է կատարվել։

«Գոռ, փակ դուռ ա, գնա էս հասցեով»,- ասում է բժիշկն ու հեռախոսով քարտեզը փոխանցում վարորդին։

«Չգիտես, ինչ կլինի փակ դռան հետևում, ամենավատ կանչերից է»,- ասում է Գոռը։

Բժիշկ Գարիկ Նիկողոսյանը պատմում է՝ լինում են դեպքեր, երբ երեխան դպրոցից գալիս, քնում է, և դռան թակոցներին չի արձագանքում։ Այդ դեպքում հարևանները կամ ծնողները կանչում են փրկարարներին, նրանց հետ գալիս են նաև բժիշկները։ Ու արդյունքում ոչինչ պատահած չի լինում, բարեբախտաբար։ Բայց լինում են նաև ծանր դեպքեր, երբ փակ դռան հետևում մահացած կամ ուշագնաց քաղաքացի է։

«Միայնակ տարեցների ինքնազգացողությունը վատանում է կամ մահանում են։ Ինքնասպանության դեպքեր են լինում, ու միայն մի քանի օր անց, հարևանների, հարազատների դռան թակոցներին չարձագանքելուց հետո, փրկարարներին են կանչում։ Փրկարարների հետ էլ մենք ենք գնում ու հաճախ ուղղակի ոչինչ անել չենք կարողանում»,-ասում է բժիշկ Նիկողոսյանը։

4:30-ին վերադառնում ենք ենթակայան։ 23:30-ից հետո սա ենթակայան առաջին վերադարձն է։ Բժիշկը գրանցում է սպասարկած կանչերը՝ առանձնացնում հոսպիտալացվածների ցուցակը։ Շտապօգնության բժիշկների հերթապահությունը տևում է 24 ժամ։ Առավոտյան 9-ից մինչև հաջորդ առավոտը։ Յուրաքանչյուր բրիգադ oրը միջինում սպասարկում է 28-30 կանչ։ Այդ օրը մինչև ժամը առավոտյան 6-ը 11-րդ բրիգադը արդեն 30 կանչ էր սպասարկել։

Հանգստի սենյակում բժիշկների հետ նստած զրուցում ենք։ Այդ զրույցից նշումներիս մեջ առանձնացնում եմ բժիշկ Գարիկ Նիկողոսյանի խոսքերը՝ «Շտապօգնությունը բժշկության ու բժիշկ դառնալու լավագույն դպրոցն է»։

Մեկնաբանություններ (2)

Ոսկան
Մեծագույն հարգանքս ու խոնարհումս Շտապօգնության բոլոր բրիգադներին
Միհրան
Մի քանի հարց... Այս մարդիկ ինչքա՞ն են վարձատրվում ։ Շտապօգնության մեքենաների, կամ աշխատելու կազմակերման մասին բողոք ունե՞ն։ Շտապօգնության մեքենաներն ի՞նչ բժշկական սարքավորումներով են հագեցած։ Եւ այլն․․․․

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter