HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Ովքե՞ր են «ՄՏՍ Հայաստանի» նոր տերերը

«Հետքը» պարզել է, թե ինչ գործունեություն են ծավալում «ՄՏՍ Հայաստան» ընկերության նոր սեփականատերեր ներկայացող Ժե Ժանգն ու Կոնստանտին Սոկոլովը, եւ որոշ մանրամասներ է բացահայտել նրանց նախկին գործարքների մասին, որոնց թվում է «Հայբիզնեսբանկի» վաճառքը:

Հունվարի 24-ին «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ն, որը հեռահաղորդակցության շուկայում ներկայանում է «Վիվա-ՄՏՍ» ապրանքանիշով, հայտարարեց բաժնետիրոջ փոփոխության մասին: Ըստ այդմ՝ ընկերությունը դադարում է ռուսական «ՄՏՍ» խմբի մաս կազմել, փոխարենը նրա նոր բաժնետերը Կիպրոսում գրանցված «Fedilco Group Limited» ընկերությունն է, որի սեփականատերերը, ըստ օպերատորի հաղորդագրության, եվրոպական ու ասիական ներդրողներ են:

«ՄՏՍ Հայաստանը» հայտարարել է, որ «Fedilco Group Limited»-ի վերջնական շահառու (բենեֆիցիար) սեփականատերերն են Ժե Ժանգը եւ Կոնստանտին Սոկոլովը, որոնք «պրոֆեսիոնալ ներդրողներ են՝ հեռահաղորդակցության, ֆինանսների, էներգետիկայի եւ ակտիվների կառավարման ոլորտներում գործունեության հարուստ փորձով»։

Ովքե՞ր են այս մարդիկ, ինչո՞վ են զբաղվում եւ ի՞նչ կապ ունեն «Հայբիզնեսբանկի» վաճառքի հետ:

Հիշեցնենք, որ մինչ այս «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ն (2004-2017 թթ. կոչվում էր «Ղ-Տելեկոմ») մի շարք ընկերությունների միջոցով պատկանում էր ռուսական «ՄՏՍ»-ին:

Այսպես՝ «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի 100 %-ի բաժնետերը Կիպրոսում գրանցված «Aramayo Investments Limited»-ն էր, որն իր հերթին ամբողջությամբ պատկանում է օֆշորային Լյուսքեմբուրգում հիմնադրված «Allegretto Holding S.a.r.l.»-ին: Սա էլ ռուսական «ՄՏՍ» հանրային բաժնետիրական ընկերության դուստրն է: Իսկ «ՄՏՍ»-ի 42,085 %-ի բաժնետերը ռուսական «ԱՖԿ «Սիստեմա»» ՀԲԸ-ն է, որի ամենախոշոր բաժնետերը (49,2 %) ռուս գործարար, միլիարդատեր Վլադիմիր Եվտուշենկովն է:

2023 թ. մարտի 2-ին հաստատված իրական շահառուների հայտարարագրում հենց այսպիսի սխեմա է ներկայացվել «ՄՏՍ Հայաստանի» կողմից, որը տեղադրվել է ՀՀ իրավաբանական անձանց պետռեգիստրում:

Ինչու՞ պետությունը 2023-ի ապրիլին մերժեց «ՄՏՍ Հայաստանի» փոխանցման գործարքը

2023 թ. հունվարին «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ն դիմել էր ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին (ՀԾԿՀ), որպեսզի վերջինս համաձայնություն տա ընկերության նկատմամբ հսկողության փոխանցման գործարքին: Նախատեսվում էր, որ ռուսական «ՄՏՍ»-ին պատկանող եւ Լյուքսեմբուրգում գրանցված «Allegretto Holding S.a.r.l.»-ը իրեն պատկանող կիպրական «Aramayo Investments Limited»-ի («ՄՏՍ Հայաստանի» անմիջական սեփականատիրոջ) 100 % բաժնետոմսերը օտարելու է Կիպրոսում գործող «Fedilco Group Limited»-ին:

ՀԾԿՀ-ն դիմել էր ԲՏԱ նախարարությանը, որն իր հերթին հարցը քննարկել էր ԱԱԾ-ի հետ եւ արդյունքում առարկել գործարքի կայացմանը: Ապրիլի 12-ին ՀԾԿՀ-ն, հիմք ընդունելով նախարարության առարկությունը, որոշել էր չհամաձայնել գործարքին: Մերժման հիմքում դրվել էր օրենսդրական հետեւյալ հիմքը. «Գործարքի համաձայնեցումը կարող է մերժվել, եթե համաձայնություն ստանալու համար ներկայացված փաստաթղթերը եւ (կամ) տեղեկատվությունը չեն համապատասխանում ՀԾԿՀ-ի սահմանած կարգի պահանջներին, ինչպես նաեւ իրավասու մարմնի (ԲՏԱՆ – «Հետք») գնահատմամբ վնասում է կամ կարող է վնասել ազգային անվտանգությունը կամ պետական շահերը»: Այդպես էլ պարզ չդարձավ, թե ինչը կարող էր վնասել ՀՀ ազգային անվտանգության կամ պետական շահերին, եթե «ՄՏՍ Հայաստանի» սեփականատեր «Aramayo Investments Limited»-ն օտարվեր «Fedilco Group Limited»-ին:

«Հետքի» աղբյուրի տեղեկացմամբ՝ պետական մարմինների կողմից գործարքի մերժման պատճառը եղել է այն, որ չի հայտնաբերվել գործարքի իրական շահառուն, այսինքն՝ թե ով էր կիպրական գնորդի իրական տերը, ինչն անվտանգային ռիսկեր էր ծնում:

Ո՞վ էր «Fedilco Group Limited»-ի հիմնադիրը «թղթի վրա»

Իսկ ո՞վ էր «Fedilco Group Limited»-ի սեփականատերը պաշտոնապես, որ ՀՀ պետական կառույցները ռիսկեր են տեսել եւ մերժել գործարքը: Կիպրոսի ռեգիստրի պաշտոնական փաստաթղթերի համաձայն՝ դա այդ երկրի մի քաղաքացի էր, որը, սակայն, ֆինանսական կարողություններով աչքի չի ընկնում:

Այսպես՝ «Fedilco Group Limited»-ը ստեղծվել է 2022-ի ապրիլին՝ ՀԾԿՀ-ին վերոնշյալ հայտը ներկայացնելուց 9 ամիս առաջ: Դրա միակ սեփականատերն ու տնօրենը Մանոլիս Թարխանիդիսն էր (Manolis Tarchanidis): 50-ամյա կիպրոսցի Թարխանիդիսը, իր ֆեյսբուքյան էջի համաձայն, Ռուսաստանի Նորիլսկ քաղաքից է, եւ ինչպես հուշում է նրա սոցցանցային էջերի բովանդակությունը (տես այստեղ եւ այստեղ), պրոռուսական դիրքորոշում ունի ներկա աշխարհաքաղաքական իրավիճակում:

«Ֆեյսբուքի» միջոցով ավտոմեքենաներ վաճառող Թարխանիդիսը վստահաբար չէր կարող լինել այն մարդը, որն այդքան ֆինանսական կարողություն կունենար՝ Հայաստանի խոշորագույն հարկատուներից մեկը հանդիսացող «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ն ձեռք բերելու համար: Հավելենք, որ Թարխանիդիսը նախկինում ու ներկայում տնօրեն կամ քարտուղար է (եղել) նաեւ այլ կիպրական ընկերություններում

Իսկ «Fedilco Group Limited»-ի քարտուղարը (թղթաբանությամբ զբաղվող պաշտոնյա որեւէ ընկերությունում, որը կարող է լինել թե՛ ֆիզիկական, թե՛ իրավաբանական անձ) ստեղծումից մինչեւ 2023-ի տարեսկիզբ եղել է կիպրական «GIF Capital Limited»-ը: Վերջինիս կայքում ասվում է, որ ընկերության անձնակազմը բաղկացած է բարձր որակավորում ունեցող հավատարմագրային կառավարիչներից, հարկային խորհրդատուներից, իրավաբաններից ու հաշվապահներից, որոնք լայն գիտելիքներ ունեն միջազգային հարկային պլանավորման, ակտիվների պաշտպանության եւ հավատարմագրային կառավարման ոլորտներում: 2023-ի փետրվարից մինչեւ հիմա «Fedilco Group Limited»-ի քարտուղարը «GIF Management Limited»-ն է, որը «GIF Capital Limited»-ի դուստր ընկերությունն է: Տրամաբանությունը հուշում է, որ Մանոլիս Թարխանիդիսը եղել է «Fedilco Group Limited»-ի ֆիկտիվ սեփականատերը, եւ, կարծես, այս ընկերության հետ կապված հիմնական գործառույթները կատարում է հենց «GIF Capital Limited»-ը:

Երբ ՀԾԿՀ-ն 2023-ի ապրիլին մերժեց «ՄՏՍ Հայաստանի» հայտը, եւ «Fedilco Group Limited»-ը չկարողացավ դառնալ դրա միջնորդավորված սեփականատեր, կիպրական այս ընկերությունում փոփոխություններ կատարվեցին:

«Fedilco Group Limited»-ի նոր ֆիկտիվ սեփականատերը

2023-ի հոկտեմբերին Մ. Թարխանիդիսը «Fedilco Group Limited»-ում ունեցած իր բաժնեմասը փոխանցել է կիպրական «Nofal Holdings Limited»-ին (75 %) եւ «Ortasano Investments Limited»-ին (25 %):

Սրանք երկվորյակ ընկերություններ են. հիմնադրվել են 2022-ի ապրիլին՝ նույն օրը, ավելին՝ «Fedilco Group Limited»-ից երկու օր առաջ: Երեւի զարմանալի չի լինի, եթե ասենք, որ առաջին սեփականատերն ու տնօրենը երկուսում էլ եղել է նույն Թարխանիդիսը, իսկ քարտուղարը՝ «GIF Capital Limited»-ը, որին հետո փոխարինել է «GIF Management Limited»-ը:

2023-ի հուլիսին Մ. Թարխանիդիսը «Nofal»-ում եւ «Ortasano»-ում իր անունով գրանցված բաժնեմասերը փոխանցել է կիպրական մեկ այլ ընկերության՝ «Wimthed Limited»-ին, որը ստեղծվել էր դրանից մեկ տարի առաջ: «Wimthed»-ը դարձել է նաեւ «Nofal»-ի ու «Ortasano»-ի տնօրեն՝ այդ պաշտոնում եւս փոխարինելով Թարխանիդիսին:

«Wimthed Limited»-ի սեփականատերը հիմնադրումից մինչ օրս Կիպրոսի քաղաքացի Անդրեաս Օուրիսն է (Andreas Ourris), որը նաեւ դրա տնօրենն ու քարտուղարն է: Ա. Օուրիսը որպես տնօրեն կամ քարտուղար ներգրավված է կիպրական բազմաթիվ ընկերություններում, որոնք փոխկապակցված են «GIF Capital Limited»-ին: Ավելին՝ նրա կինը՝ Մարգարիտա Օուրին (Marharyta Ourri), «GIF Capital»-ի աշխատող է: Մ. Օուրիի օրիորդական ազգանունը Ռոմանովա է, նա ծագումով Ուկրաինայի Խերսոն քաղաքից է: Ամուսնու նման նա էլ ներգրավված է տարբեր կիպրական ընկերությունների ղեկավար պաշտոններում: Այս ամենը հուշում է, որ Ա. Օուրիսը Թարխանիդիսի նման ֆիկտիվ դերակատարում ունի:

Այսպիսով՝ «Fedilco Group Limited»-ը, դրա սեփականատեր «Nofal Holdings Limited»-ը, «Ortasano Investments Limited»-ն ու վերջիններիս բաժնետեր «Wimthed Limited»-ը ստեղծվել են 2022-ի ապրիլ-հուլիս ամիսներին, ընկերությունների սեփականատեր են գրանցվել մարդիկ (Մ. Թարխանիդիս, Ա. Օուրիս), որոնք փոխկապակցված են ձեռնարկատիրության ոլորտում ծառայություններ մատուցող «GIF Capital Limited»-ին: Այսինքն՝ սրանք ընկերություններ են, որոնց միջոցով թաքցվում է դրանց թիկունքում կանգնած իրական շահառու սեփականատերերի ով լինելը:

Իսկ խնդիրն այն է, որ Եվրոպական դատարանը, որը ԵՄ դատական համակարգի բարձրագույն մարմինն է, 2022-ի նոյեմբերին արգելափակել է հանրային հասանելիությունը ԵՄ երկրներում գրանցված ընկերությունների իրական/վերջնական շահառու սեփականատերերի (UBO, ultimate beneficial owner) տվյալներին: Այսինքն՝ ԵՄ անդամ Կիպրոսում հիմնադրված վերոնշյալ ընկերությունների իրական սեփականատերերի վերաբերյալ պաշտոնական ինֆորմացիան փակ է:  

Ի՞նչ փոխվեց 2023-ի աշնանը. ԱԱԾ-ն ռիսկ չի տեսել

Այսպիսով՝ 2023-ի հոկտեմբերին Մանոլիս Թարխանիդիսը «Fedilco Group Limited»-ը հանձնել է «Nofal Holdings Limited»-ին (75 %) եւ «Ortasano Investments Limited»-ին (25 %), որոնք պաշտոնապես պատկանում են «Wimthed Limited»-ին, սա էլ՝ Անդրեաս Օուրիսին:

Օրեր անց՝ նոյեմբերի սկզբին, «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ն կրկին դիմել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին (ՀԾԿՀ), որպեսզի վերջինս համաձայնություն տա այս անգամ արդեն «Fedilco Group Limited»-ի կողմից «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ն ձեռք բերելու գործարքին: Այսինքն՝ «Fedilco»-ն պետք է դառնար ոչ թե հայկական ընկերության սեփականատեր «Aramayo Investments Limited»-ի, այլ հենց «ՄՏՍ Հայաստանի» անմիջական բաժնետեր: Նոյեմբերի 15-ին՝ հայտի ներկայացումից հաշված օրեր անց, ՀԾԿՀ-ն համաձայնություն տվեց գործարքին: Այս անգամ ԲՏԱ նախարարությունը հայտնել էր, որ առարկություն չունի գործարքին եւ կից ներկայացրել էր ԱԱԾ-ի կողմից դիտողություն չունենալու դիրքորոշումը: Այլ կերպ ասած՝ ԱԱԾ-ն այս անգամ ՀՀ ազգային անվտանգությանը կամ պետական շահերին վնասող ռիսկ չի տեսել:

Հարցին, թե ինչ է փոխվել ապրիլի համեմատ, որ ԱԱԾ-ն այս անգամ առարկություն չունի, ՀԾԿՀ-ի ներկայացուցիչ, գործարքին համաձայնություն տալու որոշման նախագծի զեկուցող Արմեն Հունանյանն ասել է, թե ճիշտ է՝ գնորդը նույն ընկերությունն է («Fedilco»-ն), բայց նախորդ հայտի համեմատ տարբերություններ կան: Հունանյանն, ըստ ամենայնի, նկատի է ունեցել գնորդի կողմից անմիջապես «ՄՏՍ Հայաստանի» բաժնետեր դառնալու հանգամանքը, ինչը, սակայն, որեւէ կերպ հստակություն չի մտցնում առկա իրավիճակում: Մյուս կողմից՝ Հունանյանն ասել է. «Ինչ վերաբերում է ԱԱԾ-ի դիրքորոշմանը, ապա լիազոր մարմինը հանձնաժողովը չէ, եւ ԱԱԾ-ի փոխարեն չենք կարող մեկնաբանել, թե ինչ չափորոշիչներով է այդ գնահատումն իրականացվել»:

Նոյեմբերի 15-ին ՀԾԿՀ-ն նաեւ սահմանել է, որ 6 ամսվա ընթացքում «Fedilco»-ն եւ «ՄՏՍ Հայաստանի» սեփականատեր ռուսական կողմը պետք է պայմանագիր կնքեն եւ ներկայացնեն իրեն: Պայմանագիրը կնքվել է, եւ, ինչպես տեղեկանում ենք ՀՀ պետռեգիստրից, այս տարվա հունվարի 26-ին «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի արտահերթ ընդհանուր ժողովի որոշմամբ փոփոխություն է կատարվել կանոնադրությունում. այսուհետ ՓԲԸ-ի բոլոր բաժնետոմսերը պատկանում են «Fedilco Group Limited»-ին: Հատկանշական է, որ չնայած հայկական ընկերությունն այլեւս ռուսական «ՄՏՍ» խմբի անդամ չէ, դեռ պահպանում է «ՄՏՍ Հայաստան» անունը:

Ամեն դեպքում, ի՞նչ էր փոխվել նոյեմբերին ապրիլի համեմատ: Այս հարցի պատասխանը «Հետքին» փոխանցել է մեր աղբյուրը:

Այսպես՝ հայկական օպերատորը միայն այս տարվա հունվարի 24-ին հայտարարեց, որ «Fedilco Group Limited»-ի շահառու սեփականատերերը Ժե Ժանգն ու Կոնստանտին Սոկոլովն են: Սակայն «Հետքը» դեռ անցյալ տարվա նոյեմբերին էր իր աղբյուրից տեղեկացել, որ գործարքի ժամանակ իբրեւ իրական սեփականատեր հանդես են եկել դոկտոր Ժե Ժանգը եւ Կ. Սոկոլովը: Ըստ այդմ՝ Ժանգը «Fedilco»-ի 75 %-ի բաժնետեր «Nofal Holdings Limited»-ի տերն է, իսկ Սոկոլովը՝ 25 %-ի բաժնետեր «Ortasano Investments Limited»-ի: Այսինքն՝ եթե 2023-ի գարնանը ՀՀ պատկան մարմիններին պարզ չէր, թե ով է գործարքի իրական շահառուն (բնականաբար, դա Մանոլիս Թարխանիդիսը չէր), ապա հիմա ի հայտ էին եկել երկու հոգի:

Սակայն մեր աղբյուրի տեղեկացմամբ՝ սա ընդամենը այն պատկերն է, ինչ ներկայացվել է Հայաստանի իշխանություններին: Աղբյուրի փոխանցմամբ՝ Ժանգն ու Սոկոլովը որպես գործարքի համար նախատեսվող ֆինանսական միջոցների աղբյուր մատնանշել են իրենց ընտանեկան թրասթները (հավատարմագրային կառավարման հանձնված ակտիվներ), որոնց ծագումը, գործունեության մանրամասները, բնույթը եւ այլ անհրաժեշտ տեղեկատվություն որեւէ կերպ չի բացահայտվել։

Առաջին գործարքի ձախողումից հետո «ՄՏՍ»-ը ցանկանում էր դառնալ «ՄՏՍ Հայաստանի» անմիջական տեր

Երբ 2023-ի ապրիլին ՀԾԿՀ-ն չհամաձայնեց «ՄՏՍ Հայաստանի» բաժնետիրական շղթայում փոփոխություն կատարելուն, հայկական օպերատորը օգոստոսի 29-ին նորից դիմեց ՀԾԿՀ-ին՝ հայտնելով, որ ռուսական «ՄՏՍ»-ը ցանկանում է կիպրական «Aramayo Investments Limited»-ից ձեռք բերել «ՄՏՍ Հայաստանի» 100 % բաժնետոմսերը: Այսինքն՝ ռուսական մայր ընկերությունը հայկական ՓԲԸ-ի սեփականատեր էր լինելու ոչ թե «Aramayo»-ի ու Լյուքսեմբուրգում գրանցված «Allegretto»-ի միջոցով, այլ անմիջականորեն:

Հենց օգոստոսին ՀԾԿՀ-ն դիմել է ԲՏԱ նախարարությանը, սակայն վերջինս արձագանքել է միայն հոկտեմբերի վերջին: Ըստ էության, պատճառը եղել է սեպտեմբեր-հոկտեմբերին Արցախում ստեղծված իրավիճակն ու արցախահայության բռնի տեղահանությունը: «ՄՏՍ Հայաստանից» լրացուցիչ պարզաբանումներ են պահանջվել, որոնք ներկայացվել են նոյեմբերին, ընդ որում՝ այն բանից հետո, երբ «ՄՏՍ Հայաստանն» արդեն երկրորդ անգամ դիմել էր ՀԾԿՀ-ին՝ «Fedilco»-ի հետ գործարքը կյանքի կոչելու համար: ԲՏԱ նախարարությունն իր դիրքորոշումը հայտնել է դեկտեմբերին, երբ «Fedilco»-ի առաջ «կանաչ լույսն» արդեն վառված էր: Հաշվի առնելով դա՝ նախարարությունը դեմ է արտահայտվել ռուսական «ՄՏՍ»-ի կողմից հայկական դուստր ընկերության անմիջական սեփականատեր դառնալուն: Այս առարկության հիման վրա հունվարի 17-ին ՀԾԿՀ-ն մերժել է հայտը:

Ո՞վ է դոկտոր Ժե Ժանգը

50-ամյա չինացի Ժե Ժանգը (Zhe Zhang), ըստ իր «LinkedIn» սոցցանցի էջի, մասնագիտությամբ իրավաբան է, ավարտել է Պեկինի եւ Օքսֆորդի համալսարանները, ինչպես նաեւ Պեկինում գործող Միջազգային բիզնեսի եւ տնտեսության համալսարանը, որտեղ դարձել է իրավագիտության դոկտոր:

Marketscreener.com-ը Ժանգի անունը կապում է կրթական եւ ձեռնարկատիրական ոլորտի մի շարք կազմակերպությունների հետ, որոնք տարբեր երկրներից են՝ Չինաստան, այդ թվում՝ Հոնկոնգ, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա: Նույն աղբյուրի համաձայն՝ չինացի գործարարը ներկայում տարբեր ղեկավար պաշտոններ է զբաղեցնում ամերիկյան, բրիտանական ու հոնկոնգյան ընկերություններում: Նա, մասնավորապես, տնօրեն է բրիտանական 7 ընկերություններում, որոնցից, թերեւս, կարելի է առանձնացնել «KX Power Limited»-ը, որն զբաղվում է վերականգնվող էներգետիկայի եւ էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտներում ակտիվների կառավարմամբ, զարգացմամբ, ներդրումներով: Ժանգը «KXP»-ի գլխավոր գործադիր տնօրենն է (CEO): Ընդ որում՝ բրիտնական ընկերություններում Ժանգի բնակության երկիր է նշվում հենց Մեծ Բրիտանիան:  

Ժանգի ընկերություններից ուշադրության արժանի է նաեւ Հոնկոնգում հիմնադրված «SIFT Capital Partners Limited»-ը, որը մասնագիտացած է օնշորային եւ օֆշորային ակտիվների կառավարման մեջ: Ժե Ժանգը սրա հիմնադիրն ու գլխավոր գործադիր տնօրենն է: «SIFT Capital»-ը մասնաճյուղեր ունի տարբեր երկրներում, այդ թվում՝ Կիպրոսում («SIFT Capital Partners Cyprus Ltd»): Տարօրինակ չպիտի լինի, եթե ասենք, որ դրա տնօրենը վերը հիշատակված Անդրեաս Օուրիսն է, քարտուղարը՝ «GIF Management Limited»-ը:

logo-h-270.png (9 KB)

Բայց առավել հետաքրքիր է այն, որ «SIFT Capital Partners»-ը ներգրավված է եղել «ԱՄԻՕ Բանկ» վերանվանված «Հայբիզնեսբանկի» արտասահմանյան նոր սեփականատիրոջ կառավարման գործում: Ավելին՝ «Հետքի» աղբյուրը նշում է, որ Ժե Ժանգը եւ նրա գործընկեր Կոնստանտին Սոկոլովն առնչություն են ունեցել «Հայբիզնեսբանկի» գնման գործընթացին:

Ի՞նչ կապ ունեն Ժանգն ու Սոկոլովը «Հայբիզնեսբանկի» վաճառքի ու կառավարման հետ

«Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ն, որը պատկանում էր գործարար Վիտալի Գրիգորյանցին, 2021-ի դեկտեմբերին վաճառվել է շվեյցարական «MFM Global Invest AG»-ին: 2022-ի հունվարին բանկի 25 %-ի սեփականատեր է դարձել ՀՀ կենտրոնական բանկի կողմից հիմնադրված «Բնակարան երիտասարդներին» վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպությունը, իսկ շվեյցարական կողմին մնացել է 75 %-ը:

Հայկական բանկի խորհրդի նախագահ, շվեյցարացի Ալֆրեդ Մոեկլին գործարքից որոշ ժամանակ անց հայտարարել էր, որ «MFM Global Invest»-ի տերը Լիխտենշտայնում գործող ներդրումային հիմնադրամ է: Չնայած Մոեկլին անուն չի տվել, շվեյցարական ռեգիստրում էլ սեփականատերերի տվյալները չեն հանրայնացվում, «Հետքի» աղբյուրը հայտնել է, որ խոսքը «Halcon Innovation Fund»-ի մասին է:

Սա Լիխտենշտայնում գրանցված «Halcon Investment SICAV» ֆոնդի 5 ենթաֆոնդերից մեկն է: Ներկայում մայր ֆոնդի կառավարիչը «ONE Funds AG»-ն է (Լիխտենշտայն), սակայն վերջինս 5 ենթաֆոնդերից 2-ի կառավարումն արտապատվիրակել է Հոնկոնգում գրանցված մեկ այլ ընկերության:

Եվ ահա պարզվում է՝ մինչեւ 2023 թ. մարտ ամիսը «Halcon Investment SICAV»-ի 3 ենթաֆոնդերի, այդ թվում՝ «Հայբիզնեսբանկի» 75 %-ի անուղղակի սեփականատեր «Halcon Innovation Fund»-ի կառավարումը արտապատվիրակված է եղել Ժե Ժանգի հոնկոնգյան «SIFT Capital Partners Limited»-ին (տես ստորեւ ներկայացվող փաստաթուղթը, որը վերցված է «Halcon Investment SICAV»-ի 2022 թ. տարեկան հաշվետվությունից. այն ժամանակ այս մայր ֆոնդի կառավարիչը եղել է Լիխտենշտայնում գրանցված «BENDURA Funds AG»-ն):

Այսինքն՝ ակտիվների կառավարման մեջ մասնագիտացած չինացի գործարարի ընկերությունը եղել է «Հայբիզնեսբանկի» 75 % բաժնետոմսերի անուղղակի կառավարիչը:

Ինչ վերաբերում է Ժանգի գործընկեր Կոնստանտին Սոկոլովին, ապա նա, ըստ մեր աղբյուրի, հանդես է եկել որպես «Հայբիզնեսբանկի» արտասահմանյան սեփականատեր ընկերությունների (տես վերեւի նկարում) ներկայացուցիչ-խորհրդական: Աղբյուրը նշում է, որ, ըստ էության, Ժանգն ու Սոկոլովը մասնագիտացած են կազմակերպությունների գնման գործարքներում, որոնց շրջանակներում նրանք կազմակերպում են բանակցություններ, համաձայնեցնում են գործարքի մանրամասները, այդ տեսանկյունից ներկայացնում են իրական շահառուներին (այսինքն՝ անձամբ իրենք իրական շահառու սեփականատեր չեն), կնքում գործարքներ, ներկայացնում փաստաթղթեր համապատասխան պետական մարմիններին եւ այլն։ Մեր ուսումնասիրությունները եւս թույլ են տալիս եզրակացնել, որ Ժե Ժանգն ու Կ. Սոկոլովն զուտ կառավարիչներ են, ֆունկցիոներներ, որոնք աշխատում են հանրայնորեն չերեւացող սեփականատերերի համար:

«Հետքը» մի շարք մանրամասներ է պարզել նաեւ Սոկոլովի, նրան փոխկապակցված որոշ ընկերությունների ու նախկին գործարքների մասին, որոնցում խնդրահարույց դրվագներ կան: Բայց այդ մասին՝ հաջորդ հոդվածում: 

Շարունակելի

Առաջին լուսանկարում՝ «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի գլխավոր գրասենյակը Երեւանում (wikimedia.org)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter